Ամենուր հնչեցնելով Արցախի անունը
Գլխավոր » Լրահոս » Ամենուր հնչեցնելով Արցախի անունը

Ամենուր հնչեցնելով Արցախի անունը

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տաղանդաշատ սաները նոյեմբեր ամսում մասնակցել են  ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կազմակերպված միջազգային մրցույթին ու հաղթանակով վերադարձել Հայաստան։ Նրանք այնտեղ հանդես են եկել նաև համերգային ծրագրով։ Երեխաների երազանքն իրականություն է դարձել Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանի նախաձեռնությամբ և մի շարք բարեգործ մարդկանց շնորհիվ։ Արցախցի երեխաները Սանկտ-Պետերբուրգում հետաքրքիր ու հագեցած 4 օր են անցկացրել ու հաղթանակած վերադարձել տուն։

Ինչպես պատանի երաժիշտներն են ասում՝ Արցախից հեռու, սակայն Արցախը սրտերում՝ հայկական երգեր են հնչեցրել ՌԴ խոշորագույն քաղաքի բեմում, նվագել դաշնամուրի վրա՝ ինչպես երբևէ, ու զբաղեցրել առաջին մրցանակային տեղեր։ Մեզ հպարտություն պարգևած երեխաներն են՝ Գալստյան Վլադիմիր, Մանասյան Վլադիմիր, Համբարձումյան Միքայել, Սաֆարյան Արման, Զաքարյան Վիլեն, Սարգսյան Սրբուհի, Գասպարյան Արմինե։

Սաներն իրենց երախտագիտությունն են հայտնում Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանին ու բոլոր դասատուներին՝ իրենց մեծ հաղթանակը վերագրելով նրանց տված առաջին դասերին ու նոտաներին։

Արցախցի պատանիները վառ տպավորություններով, ապագայում նորանոր հաղթանակներ գրանցելու տրամադրվածությամբ են վերադարձել ուղևորությունից։

Նշենք, որ Արցախի տեղահանությունից հետո Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի շնորհաշատ երեխաները հանդես են եկել Հայաստանի տարբեր բեմերում՝ ամենուր հնչեցնելով Արցախի անունը։

 Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1