Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է
Գլխավոր » Գաղափարական » Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է

Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է

Այս օրը մենք խոնարհվում ենք այն մայրերի, հայրերի, քույրերի ու եղբայրների առաջ, ովքեր մինչ օրս սպասում են իրենց անհայտ կորած հարազատներին՝ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներից։

Ստեփանակերտում գործող Անհայտ կորած ազատամարտիկների թանգարանը տարիներ շարունակ պահպանում էր մեր անհետացած քաջորդիների հիշատակը՝ վերածելով այն հիշողության սրբավայրի։ Այդ լուսանկարները դարձած էին Արցախի դեմքն ու վկայությունն՝ հերոսության, ցավի և անսահման սպասման։

Այս սրահն այլևս գոյություն չունի։ Այն ոչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից 2023թ․ սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո՝ ժողովրդի հիշողությունն ու արժանապատվությունը ջնջելու նպատակով։

Բայց հիշողությունը չի ջնջվում։
Նրանք չվերադարձան, բայց նրանք չկորան։
Նրանց անուններն ապրում են մեր հոգում՝ որպես պարտք, որն ի զորու չենք մոռանալ։
Իսկ մեր թիմը շարունակում է վերստեղծել կորուսյալ այս թանգարանի, կատալոգը, մեր հետեւորդների անվերապահ աջակցությամբ:

1