Խորհուրդն առաջիկա օրերին շարունակելու է մարզային այցելությունները և քննարկումները արցախցիների տարբեր խմբերի հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մի խումբ անդամներ այսօր՝ հունիսի 14-ին, Մասիս քաղաքում հանդիպում ունեցան Մասիսում և հարակից համայնքներում բնակվող մեր հայրենակիցների հետ։
Հանդիպումն անցել է ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում։
Քննարկման ընթացքում Խորհուրդը ներկայացրել է իր ստեղծման և գործունեության պատմությունը, մինչ այժմ կատարված քայլերը, ՀՀ կառավարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա անելիքները։

Մեր հայրենակիցները ողջունել և կարևորել են Խորհրդի աշխատանքը՝ ընդգծելով, որ կանգնած են Խորհրդի կողքին և պատրաստ են մասնակցել երկարաժամկետ պայքարին՝ միասին առաջ տանելու մեր համատեղ օրակարգը։
Հանդիպման մասնակիցները նաև ներկայացրել են իրենց առաջարկներն ու հարցադրումները՝ ուղղված արցախցիների իրավունքների պաշտպանությանը:
Նշենք, որ տեղում ձևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմի կորիզը։ Թիմը առաջիկայում կընդլայնվի և կլուծվի գրասենյակային պայմանների ապահովման հարցը։
Խորհուրդն առաջիկա օրերին շարունակելու է մարզային այցելությունները և քննարկումները արցախցիների տարբեր խմբերի հետ: