Նա թողել է լուսավոր անուն ու միշտ կհիշվի սերունդների կողմից

Արցախյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, քաղաքական և տնտեսական ղեկավար, լավագույն հայր, նվիրված ընկեր ու կուսակցական.․․ Խոսքը Կարեն Վերդիի Արզումանյանի մասին է: Նա ծնվել է 1961 թվականի հուլիսի 20-ին, Ստեփանակերտի շրջանի Պատարա գյուղում՝ մանկավարժներ Վերդի Արզումանյանի և Լիդա Հարությունյանի ընտանիքում:
Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և կրեդիտ» բաժինը և ավարտելուց հետո վերադարձել հայրենի Պատարա։
Հարազատներն ու ընկերները պատմում են

Ծովինար Արզումանյան
-Ինստիտուտն ավարտելուց հետո եղբորս հնարավորություն ընձեռվեց բնակություն հաստատել և աշխատել Երևանում, սակայն նա հրաժարվեց այդ հնարավորությունից։ Շատ էր սիրում գյուղը, կապված էր նրա ամեն մի մասնիկի հետ և պարզապես չէր կարող ապրել առանց հայրենի հողի։ Վերադարձավ գյուղ և աշխատանքի անցավ ԼՂԻՄ բանկի Ասկերանի շրջանային մասնաճյուղում: Տեսնելով եռանդուն երիտասարդի նվիրական աշխատանքը և կազմակերպչական ունակությունները՝ Ասկերանի շրջկոմի ղեկավարությունը նրան երաշխավորում և աշխատանքի է ընդունում կոմերիտմիության շրջկոմում՝ որպես հրահանգիչ, այնուհետ՝ քարտուղար: Արդեն գաղտնի պայմաններում սկսվել էին Արցախը Մայր Հայաստանին միացնելու ստորագրահավաքները, որոնցում իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել Կարենը։ Մի խումբ առաջամարտիկների հետ միասին, արհամարհելով ամեն մի վտանգ, նա շարունակում էր տարբեր գյուղերում իրականացնել քարոզարշավներ: Կարենի ներդրումը մեծ է Արցախյան շարժման գործում։ Նա առաջիններից մեկն էր, որ զենք վերցրեց ու մինչև հաղթանակի օրն այլևս վայր չդրեց։ Կարենն բարի էր, սրտացավ, հարեհաս․․․
Հպարտանում եմ, որ իմ եղբայրն իր ողջ կյանքն ապրել է արժանապատիվ կյանքով։ Նա թողել է լուսավոր անուն և, համոզված եմ, սերունդները միշտ կհիշեն նրա կատարածը․․․

Վազգեն Գաբրիելյան
-Գիտեինք, որ պատերազմն անխուսափելի է, արդեն սկսվել էին նախապատրաստական աշխատանքները՝ զենք հայթայթելու ուղղությամբ: Առաջինների շարքում էր նաև Կարենը: Նա ձեռնամուխ եղավ Պատարայում ինքնապաշտպանական ջոկատի հիմնադրմանը՝ ամուր պահելով կապը մյուս գյուղերում կազմավորվող ջոկատների հետ:
Ջոկատների միակ նպատակը բնակավայրերի և բնակչության անվտանգության ապահովումն էր և տնտեսությունների ռիթմիկ ընթացքի պահպանումը:
Աստիճանաբար դեպքերն ավելի բուռն էին զարգանում: Անպատիժ մնալով Սումգայիթում և Բաքվում իրականացրած ոճրագործությունների համար՝ թուրքերն ավելի ակտիվացան Արցախի ադրբեջանաբնակ բնակավայրերում: Պատարայի հարևանությամբ «Լեսնոյե» կոչվող թուրքաբնակ որջը ենթաշրջանի գլխին պատուհաս էր դարձել, որի վերացման անհրաժեշտությունը ժամանակի պահանջ էր: Կարեն Արզումանյանի և մյուս նվիրյալների միջոցով մշակվեց այդ տեղամասի ազատագրման օպերացիան և երկարատև հետախուզական գործողություններից հետո իրականացվեց 1991 թվականի դեկտեմբեր ամսում, որը եղավ Արցախյան պատերազմի հաղթանակների փայլուն էջերից մեկը:


1992-ին վերացվեցին մի շարք կրակակետեր, որոնց իր մասնակցությունն ունեցավ նաև Պատարայի ջոկատը:
Կարենն իրեն դրսևորում էր իսկական հրամանատարին վայել պատրաստվածությամբ։ Նա միշտ առջևում էր, պատրաստ՝ կրծքով պաշտպանելու ընկերներին։ Ազնիվ էր, վստահելի, հավատրիմ․․․

Կարինե Բախշիյան
-Կարենին ճանաչել եմ երկու տասնյակից ավել տարիներ։ Երևի իմ հանդիպած ամենավստահելի, նվիրված, սրտացավ մարդկանցից մեկն էր։ Նրա հետ պարզապես մարդ կարող էր իրեն ապահով զգալ՝ իմանալով, որ թիկունքն ամուր է։ Երկար տարիներ Արցախի ՀՅԴ Ասկերանի կառույցի ղեկավարն էր։ Նվիրված էր կուսակցության գաղափարներին ու ընկերներին։ Նա ապրում էր յուրաքանչյուր մարդու ցավով, ի սրտե ուրախանում նրա հաջողությամբ։ Տարիներ շարունակ Պատարայի համայնքի ղեկավարն էր․ նրան սիրում և հարգում էին բոլորը ու պատահական չէ, որ այսօրվա նման հիշում եմ, երբ տարիներ առաջ Կարեն Արզումանյան կենդանի լեգենդին նվիրված միջոցառման ժամանակ ինչպես էին նրան մեծարում զինակից ընկերներն ու համագյուղացիները։

Իմ ականջներում դեռ հնչում է Պատարայի դպրոցի տնօրեն, նրա մարտական ընկեր Արթուր Ջհանգիրյանի խոսքը․ «Երբ տարիների հեռվից հետադարձ հայացք ենք ձգում այն հերոսամարտերին և մտածում, թե այդ ի՞նչ ուժ էր, որ մեր տղաներին ստիպում էր առյուծի նման ոստնել իրենցից հարյուրապատիկ ավել թշնամու դեմ ու հաղթել… Այսօր մենք ունե՛նք այդ հարցի պատասխանը.․․ Այդ ուժը դու՛ էիր, հրամանատար»…

Սուրեն Օհանյան
-Ինձ համար շատ ծանր է ընկերոջս մասին անցյալով խոսել։ Կարենն իսկական լեգենդ էր․․․Նրա հրամանատարությամբ Պատարայի մեր ջոկատը բազմաթիվ մարտերի է մասնակցել։ 1992 թվականի մայիսին, երբ իրականացավ հայ ժողովրդի երազանքն ու ազատագրվեց մեր հինավուրց Շուշին, որի հետ միասին ենթաշրջանի ջոկատների համատեղ գործողությունների արդյունքում ազատագրվեցին նաև մի շարք ադրբեջանաբնակ գյուղերը, ակտիվ մասնակցում և որոշ տեղամասեր ղեկավարում էր Կարենը:
1992-ին նրա հրամանատարությամբ ենթաշրջանի ջոկատների միավորումից կազմավորված 34-րդ գումարտակը վերահսկում էր մեր սահմանային մատույցները Քարագլխի տեղամասում: Արյունալի և կատաղի մարտեր էին մղվում այդ տեղամասում մեր գումարտակի մասնակցությամբ։ Մենք մասնակցել ենք նաև Աղդամի, Մարտակերտի, Քարվաճառի, Շուշիի, Բերձորի, Ֆիզուլիի և այլ բնակավայրերի ազատագրմանը: Հաղթանակ ու երկիր կերտեցինք, ցավոք, 2023-ի սեպտեմբերին ամեն ինչ ջուրն ընկավ։

Սլավա Գրիգորյան
-Կարենին ճանաչում եմ դեռևս դպրոցական տարիներից, երբ 9-10-րդ դասարաններում սովորում էի Պատարայի միջնակարգ դպրոցում։ Այդ ժամանակ նա 2-րդ դասարանում էր սովորում։ Դպրոցն ավարտելուց հետո նրան հանդիպել եմ 70-ական թվականներին, երբ նա բարձրագույն ուսում ստանալուց հետո աշխատանքի անցավ Ասկերանի բանկում, ապա ստանձնեց կոմերիտմիության Ասկերանի շրջանային կոմիտեի 3-րդ քարտուղարի պաշտոնը։ Հիմնական մեր շփումներն սկսվեցին 1988-ին, երբ թափ առավ Արցախյան շարժումը։ Այդ ժամանակ ես տնտեսական գործունեություն էի իրականացնում և օգնում էի տղաներին ինչով կարող էի։ Այդպես անցանք առաջին պատերազմը ու մեր ընկերությունն ավելի ամրացավ։
1993 թվականին զորացրվելուց հետո Կարենին վստահվել է Պատարա և Խանցք գյուղերի գյուղական խորհրդի նախագահի պաշտոնը, այնուհետև Պատարայի ԳԿ(Փ)Տ-ի նախագահի պաշտոնը։ 1998 թվականին, հողերի սեփականաշնորհումից հետո նա ընտրվում է Պատարայի համայնքի ղեկավար, որտեղ աշխատել է տասնյակ տարիներ։
Բազմաթիվ բնագավառներում նա իրեն դրսևորել է՝ որպես օբյեկտիվ ու ճշմարտախոս, նվիրված ու հայրենասեր, հոգատար ու բանիմաց անհատ, և այդ արժանիքներով նա վայելում էր բոլորի սերն ու հարգանքը:
Պատերազմից հետո Կարենը համոզվել և ցանկանում էր բոլորին ապացուցել, որ արցախցիները պետք է շատանան ու Արցախն ավելի հզորանա: Դրա վառ օրինակն այն է, որ ուներ 6 երեխա, որոնց դաստիարակում էր նույն ոգով:


Մենք ընկերություն էինք անում ընտանիքներով, և Կարենի կորուստը մեզ համար չափազանց ծանր է։
Բոլորիս հուշերում միշտ վառ կմնա մեծ հայրենասերի և պարզապես լավ մարդու հիշատակը։

․․․Հայաստանի Մեծամոր քաղաքում Կարեն Արզումանյանին վերջին հրաժեշտ են տվել հերոսավայել․ հավաքվել էին Ասկերանի շրջանի Պատարայի ձորակի ողջ հասարակությունը, նրա մարտական ու կուսակցական ընկերները և բոլոր նրանք, որոնց բախտ է վիճակվել ճանաչել նվիրյալ մարդուն․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ