Խորքում քաղաքական դավադիր նպատակներ…

Այս քաղաքական թատրոնը պետք է դատապարտել անհանդիսատես մոնոներկայացման
Հայաստանի լինել-չլինելու արդի ռազմաքաղաքական իրավիճակում Հայ Եկեղեցու դեմ չարաբաստիկ 2018-ից սկսված քաղաքական թատերաշրջանի, ավելի ճիշտ՝ կրկեսի հերթական արարը՝ այս անգամ կուսակրոնության ուխտի խախտման վերաբերյալ, անհանդիսատես մենախոսության պետք է դատապարտել։
Դա վաղուց սպառված, քննության չդիմացած, «ունայնութիւն ունայնութեանց» թեմա է, որը համազգային օրակարգ դարձնելը կհանգեցնի մեր ժողովրդի հոգեմտային լարման ու թուլացման և ներքին հակադիր բևեռացման արդյունքում գոյաբանական վտանգների անհաղթահարելիացման։
ՀՀ սահմանադրությամբ հաստատված Եկեղեցու դերը՝ որպես ազգային ինքնուրույն և անկախ հաստատություն, ենթադրում է նաև ազգապահպան և պետականաշեն առաքելություն, ինչը բնավ էլ նորագույն սահմանում կամ օրենք չէ․ այն Հայ Եկեղեցու հիմնադրման նշանաբանն է եղել ի սկզբանե ՝ «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց», և սա վերամբարձ, անկենսունակ գաղափար չէ, այլ դարերով գործ դարձած և Հայ Եկեղեցու ընթացքն առաջնորդած հավատամք, աստվածօրհնյալ և աստվածաբնակ ԲԱՆ։
Եկեղեցին՝ որպես հոգևոր իշխանություն, կոչված է հակակշելու և համակշռելու քաղաքական իշխանությանը՝ պետականության զարգացման և ամրապնդման դժվարին գործընթացում, այլ կերպ ասած՝ հավասարակշռելու պետության գոյաբանական հաստատականության նժարները քաղաքական իշխանության հետ փոխադարձաբար։
Հոգևոր և աշխարհիկ իշխանությունների սահմանադրական տարանջատումը, ՀՀ պետական օրենքով Ամենայն Հայոց Կաթողիկոսին պետական երկրորդ այր սահմանելը և հռչակելը պահի վճիռներ չեն, այլ հեռահար, իմաստուն և կշռադատված որոշումներ։ Եվ այս ճակատագրական օրերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, որ որպես կամային, անկախամիտ, ուժեղ, իմաստուն և հեռատես, հարկ եղած դեպքում քաղաքական իշխանության ոչնչատեսիլ գործողություններն զսպելու քաջություն ունեցող Հովվապետ՝ ի զորու առաջնորդելու ազգի հոգեփրկչական և հայրենապահպանման ընթացքը միաժամանակ։
Հայ ժողովուրդը պետք է սթափ դատի, թերևս մի պահ կշեռքի նժարներին դնի իշխանության և Եկեղեցու բարոյական դիմագիծն ու գործունեությունը՝ ևս մեկ անգամ նկատելու նժարների անբաղդատելիությունը՝ դավանած ազգային-համամարդկային արժեհամակարգի և հայոց պատմության այս փուլում արձանագրվածի առումով։
ՀՀ իշխանության՝ հետևողականորեն պարտադրվող օրակարգը լի է ազգային և պետական նշանակության աղետավոր հետևանքներով, ինչպիսիք են Եկեղեցու՝ որպես ազգային ինքնակա, անկախ հաստատության վերացումը, իշխանական հրամանները խոնարհաբար գործարկող Կաթողիկոսի նշանակումը, աղանդավորական ուժերի կամայական իշխումը, հերձվածողական տարրերի ներթափանցումը Հայ Եկեղեցի, կենդանի ու գործուն հայկական եկեղեցիների վերածումը մշակութային պատմական հուշարձանների, ազգային հավաքական ուժի չեզոքացումը և ներքին դիմադրողականության ջլատումը, ազգային ինքնության նսեմացումը և աշխարհաքաղաքացիության ու անկրոնականության խրախուսումը, իսկ այս ամենի վերջնարդյունքում՝ արտաքին թշնամի ուժերի ռազմաքաղաքական նկրտումների առջև դարպասների բացումը։
Այո՛, խորքում քաղաքական դավադիր նպատակներ քողարկող հակակաթողիկոսական-հակաեկեղեցական այս արշավը՝ կուսակրոնության ուխտի պահպանման դիմակով, ուխտ, որ, ի միջի այլոց, սահմանվել է մարդկային մտքով և ոչ աստվածային կամքով, ռազմաքաղաքական ներկա իրավիճակից ազգային գիտակցության շեղման հերթական փորձն է՝ Հայաստանին թշնամի ուժերի կողմից պարտադրվող զիջումների և կորուստների համապատկերին։
Հայաստանի և հայ ժողովրդի լինել-չլինելու խնդրին հանդիման ազգային օրակարգի թեժ առանցք դարձնել եկեղեցական կանոնի ինչ-որ խախտման հարց՝ կրկնում ենք՝ քաղաքական թատրոնի վերջին արարն է՝ ողբերգության մոտալուտ պարունակներով։ Այն ծուղակ է, որ պետք է չեզոքացնել խոհեմությամբ ու հեռատեսությամբ և հայրենիքի շահի բացարձակ գիտակցմամբ։
Նարինե Հովհաննիսյան,
բ․ գ․ թ․, դոցենտ