Արցախի պարի պետական համույթի համերգը կայացավ ԱՄՆ-ում
Գլխավոր » Լրահոս » Արցախի պարի պետական համույթի համերգը կայացավ ԱՄՆ-ում

Արցախի պարի պետական համույթի համերգը կայացավ ԱՄՆ-ում

2025 թվականի մայիսի 16-ին Լոս Անջելեսի Ալեքս Թատրոնում կայացավ Արցախի Պարի Պետական Համույթի պատմական համերգը՝ կազմակերպված Armenia Fund-ի աջակցությամբ։ Սա խմբի առաջին պաշտոնական ելույթն էր Միացյալ Նահանգներում, որին ներկա են գտնվել տեղի բարձրաստիճան պաշտոնյաներ,- այս մասին նշված է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջուն։

Նախաձեռնությունը համահունչ է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի արտաքին մշակութային քաղաքականության ռազմավարությանը, որի կողմից իրականացրած ծրագրերը նպատակ ունեն պահպանել, տարածել և հանրահռչակել արցախյան մշակույթը՝ կարևորելով նաև դրա քաղաքական նշանակությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը Արցախից տեղահանված ժողովրդի ինքնության պահպանման, մշակութային իրավունքների իրացման և ժառանգության հաջորդական փոխանցման ապահովվման գործընթացի վրա կենտրոնացնելու նպատակով։

Միջոցառումը դուրս էր դասական մշակութային իրադարձության սահմաններից և վերածվեց ինքնության վերահաստատման ու մշակութային դիմադրության մետաֆորիկ հարթակի։

Ներկայացված պարային ստեղծագործությունները միայն գեղագիտական հաճույք չպարգևեցին․ դրանք հաղորդեցին արմատային հիշողություն, տարածական ու քաղաքական կտրվածքով վերակազմակերպված ինքնության վերարտադրություն։
Հանդիսատեսի էմոցիոնալ արձագանքը վկայությունն էր մշակութային ներկայացման և հավաքական հիշողության միջև գոյություն ունեցող խորը փոխհարաբերության։

Համույթի այցի շրջանակներում կարևոր դեր ունեցավ նաև նրանց մասնակցությունը մի շարք հանդիպումների, որոնց թվում էր Նորա Յագուբյանի նախաձեռնությամբ կազմակերպված այցը Լոս Անջելեսի YMCA կենտրոն։

Քննարկվեցին համագործակցության հետագա հնարավոր ուղղությունները՝ մշակութային կրթության, մանկապատանեկան և փոխանակման ծրագրերի, Արցախի մշակութային համույթների պահպանման շրջանակներում և իհարկե այդ գործում սփյուռքի երիտասարդության ներգրավման հնարավոր մեխանիզմները։

Համերգից հետո տեղի ունեցած ընդունելությունը՝ կազմակերպված տեղի հայ համայնքի կողմից, ստեղծեց սիմվոլիկ տարածք սփյուռք-Արցախ մշակութային երկխոսության համար։ Արցախի թեմի նախկին առաջնորդ, հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդես եկավ խորհրդանշական ուղերձով՝ արժևորելով արտագաղթի պայմաններում մշակույթի պահպանումն ու տարածումը որպես հոգևոր դիմադրության տարր։

Սա փաստացի արցախյան վերջին պատերազմից և բռնատեղահանումից հետո Արցախի մշակութային կոլեկտիվների ինքնակազմակերպման առաջին լուրջ հաջողությունն է՝ արտաքին մշակութային քաղաքականության ուղղությամբ, ինչը շատ կարևոր է նաև միջազգային հարթակներում արցախցիների մշակութային իրավունքների իրացման հարցերի բարձրաձայնման համատեքստում։

Artsakh State Dance Ensemble
ArmeniaFund
Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ
YMCA of Greater Louisville

1