Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը քաղաքական ական է տարածաշրջանում․ Արմեն Սարգսյան
Գլխավոր » Լրահոս » Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը քաղաքական ական է տարածաշրջանում․ Արմեն Սարգսյան

Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը քաղաքական ական է տարածաշրջանում․ Արմեն Սարգսյան

«Շուշիի հաղթանակը մեր բազմադարյան պատմության մեջ բացառիկ զինվորական արվեստի, խիզախության և այդ ժամանակի համար նաև պատմական անհրաժեշտություն էր: Աքսիոմ է այն միտքը, որ ով տիրում է Շուշիին՝ նա տիրում է Ղարաբաղին և տարածաշրջանին:

Ազատագրելով Շուշին՝ ազատագրեցինք Արցախը: Իսկ Շուշին անկում ապրեց զուտ քաղաքական խարդավանքների պատճառով ՝ հիմք հանդիսանալով նաև Արցախի անկմանը, դարձյալ նույն պատճառով»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է Արցախի Խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արմեն Սարգսյանը:
Շուշին հանձնելուց հետո, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանգրով` կողմերը պարտավոր էին կագնել իրենց զբաղեցրած դիրքերում։ Պայմանագրով նախատեսվում էր ՀՀ-ի հետ կապ Լաչինի միջանցքով՝ ռուսական զորախմբի վերահսկողությամբ, սակայն ընթացքն այլ ուղիով գնաց։
2025թ. նոյեմբերի 9-ին լրանում է եռակողմ պայմանագրով նախատեսված Արցախում Ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը։ Ըստ Արմեն Սարգսյանի՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն առայժմ մնաց սեղանին գերտերությունների շահերի բախման հետևանքով, հանուն սեփական շահերի իրագործման․ «Ասում եմ առայժմ, որովհետև դե յուրե այն բեկանված չէ, և մասնավորապես Ռուսաստանը՝ երբեմն բարձրաձայնում է դրա մասին:

Ըստ այդ համաձայնագրի՝ 2025թ. նոյեմբերի 9-ից վեց ամիս առաջ կողմերից ( Հայաստան, Ադրբեջան) մեկը պետք է հայտարարի համաձայնագիրը ևս 5 տարով երկարաձգելուն դեմ լինելու մասին, որպեսզի համաձայնագիրը դադարի գործել, այլապես այն դե յուրե, ինքնաբերաբար, կերկարաձգվի ևս հինգ տարով: Քիչ ժամանակ է մնացել, բայց առայսօր ոչ մի կողմ չի դիմել: Սա կարևոր է այն առումով, որ հստակ չէ Ռուսաստանի՝ մեր տարածաշրջանից հեռանալու տրամադրվածությունը։ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հետաքրքիր քաղաքական ական է տարածաշրջանում»,- իր խոսքի ավարտին նշել է Արմեն Սարգսյանը։

1