Այդ մարդիկ մնալով որպես կենդանի պատանդ, ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրս բերումը

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել Արցախի իշխանությունները՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ։ Այնտեղ էին նաեւ Արցախի քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արցախցիներ։
Լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պատասխանելով իր հասցեին հնչող մեղադրանքներին նշել է․ «Այս պահին կան գործընթացներ, որոնց մենք չենք ուզում խոչընդոտել կամ վնասել մեր հայտարարություններով: Այդ մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում, հենց առաջին օրվանից, որ մենք հարց ենք բարձրացրել, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը և խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից: Այդ մարդիկ մնալով որպես կենդանի պատանդ, ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրս բերումը»:
Շահրամանյանը պնդեց, որ հնարավորություն չկար բանակցություններով հասնել նրան, որ նախկին նախագահները և մյուսները չգերեվարվեն: