Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն Ավստրալիայում է
Գլխավոր » Լրահոս » Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն Ավստրալիայում է

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն Ավստրալիայում է

Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի հրավերով Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Սիդնեյում է։

Ապրիլի 24-ին Գեղամ Ստեփանյանը մասնակցելու է Ցեղասպանության 110-ամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը, որտեղ հանդես է գալու զեկույցով՝ ներկայացնելու Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված Ցեղասպանությունն ու դրա հետեւանքով Արցախի հայաթափումը, Ադրբեջանի եւ Թուրքիայի հակահայ քաղաքականությունն ու նկրտումները։

Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ հայ համայնքի, հայկական եւ այլ կազմակերպությունների, խորհրդարանականների հետ։

Ավելի ուշ, իր այցի մասին Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է արել․ «Ավստրալիայի հայկական համայնքի հրավերով՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության 1,5 միլիոն սուրբ նահատակների ոգեկոչմանը նվիրված արարողությանը այս տարի մասնակցեցի հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող հայկական համայնքում։ Ազգային, կուռ և միասնական մի համայնք, որն ամեն օր ապրում և շնչում է հայրենիքով։

Մելբուռնում և Սիդնեյում տեղ ունեցած միջոցառումներին պատիվ ունեցա հանդես գալու որպես հիմնական բանախոս՝ զուգահեռներ տանելով Մեծ Եղեռնի և Արցախի էթնիկ զտման ընթացքում թուրք-ադրբեջանական հանցագործությունների միջև՝ փաստագրելով, որ Արցախի ամբողջական էթնիկ զտումը առանձին, մեկուսացված ցեղասպանական դրվագ չէ, այլ Հայոց ցեղասպանության շարունակությունն է։ Այն նույն ցեղասպան գաղափարախոսության արդի դրսևորումն է՝ ուղղված հայերի բնաջնջմանը։

Իմ ելույթը ավարտեցի՝ բոլոր արցախցիների սրտի խոսքը փոխանցելով ավստրալիացի քաղաքական գործիչներին և ավստրալահայ մեր հայրենակիցներին․

«Հազարավոր կիլոմետրեր այստեղից հեռու մայր Հայաստանում ապաստանած Արցախի հայությունը մի խնդրանք ունի ձեզանից և համայն հայությունից․ երբեք ու երբեք չմոռանալ Արցախը, չմոռանալ Արցախի համար մեր ժողովրդի պայքարը և չհամակերպվել Արցախի կորստի հետ։ Արցախը եղել է հայ ժողովրդի ինքնությունը սնուցող կարևորագույն աղբյուրներից մեկը, եղել է հայ ժողովրդի հպարտությունը և այդպես էլ պիտի մնա։ Այս կարևոր գաղափարն է, որ մի օր մեզ նորից վերադարձնելու է Արցախ՝ մեր սրբագույն հայրենիք»։

Ապառաժ

1