Գորիսում սոցիալական բնակարաններ կառուցելու ծրագիրը կարող է օրինակ հանդիսանալ
Աջակցությունների վերանայման հարցն ավելի է խորացրել առանց այն էլ խորացված սոցիալական ճգնաժամը արցախայության շրջանում։ Առանձնապես ցավոտ է բնակարանային ապահովման հարցը։ Արցախցիների զգալի մասը գտնում է, որ ՀՀ Կառավարության բնակապահովման ծրագիրը ձախողված է և բազմաթիվ ընտանքիների համար հասանելի չէ։
Սոցիալական ցանցերում, ինչպես նաև հանրային քննարկումների ժամանակ արցախցիները բարձրաձայնում են իրենց մտահոգությունների մասին և հարցի լուծումը տեսնում սոցիալական բնակարաններով ապահովվելու մեջ` օրինակ բերելով Գորիս քաղաքում կառուցված սոցիալական բնակարանները։ Գորիսում արդեն ավարտվել են18 բնակարանանոց բնակելի շենքի վերակառուցման աշխատանքները։ 18 ընտանիք շուտով կունենա հարմարավետ և ժամանակակից բնակարաններ։ Գորիս համայնքում կատարվում է և՛ բնակֆոնդի բարելավում, և՛ սոցիալապես խոցելի ընտանիքների կենսապայմանների բարելավում։
Ապրիլի 26-ին բնակարանների բանալիները կհանձնվեն շահառուներին, որոնց թվում կան նաև Արցախից բռնատեղահանված ընտանիքներ։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սոցիալական բնակարանները կառուցվել են համայնքային միջոցներով և ACTED կազմակերպության աջակցությամբ։ Բնակարանները կահավորվել են UNDP in Armenia միջազգային կազմակերպության շնորհիվ։ Շահառուների թվում են Արցախից բռնատեղահանված 3-4 ընտանիք։ Օրերս նրանց հետ հանդիպել են տարբեր բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք արցախցի ընտանիքներին առաջարկել են կենցաղային տեխնիկա և այլ պարագաներ։
Սոցիալական բնակարանների կառուցման ծրագիրը Գորիս քաղաքում կլինի շարունակական։ Արցախցիները կարծում են, որ Գորիսում սոցիալական բնակարաններ կառուցելու ծրագիրը կարող է օրինակ հանդիսանալ և իրագործվել նաև ՀՀ տարբեր մարզերում, որտեղ առկա են խորհրդային տարիներից ժառանգություն մնացած բազմաթիվ չօգտագործվող շենքեր ու շինություններ։ Սոցիալական նման բնակարաններն անհրաժեշտ են 1-3 հոգանոց բռնատեղահաված արցախցի ընտանիքների համար, որոնք չեն կարող տրամադրվող հավաստագրերով տուն ձեռք բերել։
Կարինե Բախշիյան
