Այսօր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար 60 տարեկան
Գլխավոր » Գաղափարական » Այսօր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար 60 տարեկան

Այսօր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար 60 տարեկան


Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Տարրական և միջնակարգ կրթությունն ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։ Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։

Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը Թաթուլ Կրպեյանը եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարը։

Թաթուլն այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։ Թաթուլը նաև Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր։
1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։
Թաթուլն ասում էր.
«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի…»
Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա. ինձ կբերեն…»
1991թ. ապրիլին ադրբեջանցի հրոսակները և խորհրդային զորքերը սկսել են «Օղակ» գործողությունը, որի նպատակը Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանումն էր: Թաթուլը պատանդ է վերցրել այդ գործողության ղեկավար ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին:
Զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին Գետաշենում:
Թաղված է Արեգ գյուղում, որտեղ կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող: ՀՀ ազգային հերոսի կոչումը նրան տրվել է հետմահու՝ 20.09.1996թ.:
2015 թվականի մարտի 18-ին Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի այգիներից մեկն անվանակոչվել է Թաթուլ Կրպեյանի անունով։ 2017-ին՝ իր անվան այգում, տեղադրվել է Թաթուլ Կրպեյանի կիսանդրին: 2015 թվականի հոկտեմբերին նրա անվամբ անվանակոչվել է Երևանի թիվ 62 ավագ դպրոցը:
Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունը կրող` Թալինի շրջանի Թաթուլ գյուղի տներից մեկը, ուր ծնվել ու մեծացել է ազատամարտիկը, 2017 թ. հունիսի 17-ին բացվել է որպես Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան:

1