Հայասերը փայտագործությամբ զբաղվում էր դեռևս Արցախում և ապաքինվելուց հետո որոշել է շարունակել սիրած գործը
Գլխավոր » Լրահոս » Հայասերը փայտագործությամբ զբաղվում էր դեռևս Արցախում և ապաքինվելուց հետո որոշել է շարունակել սիրած գործը

Հայասերը փայտագործությամբ զբաղվում էր դեռևս Արցախում և ապաքինվելուց հետո որոշել է շարունակել սիրած գործը

2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմում ծանր վիրավորվելուց և երկարատև բուժում ստանալուց հետո Հայասեր Հայրապետյանի ընտանիքը Երևան քաղաքում է հաստատվել։ Արցախյան առաջին պատերազմում զոհված հերոսի որդին ցանկանում էր ամեն գնով պաշտպանել հոր և նրա բախտակիցների արյամբ շաղախված հողը և երբեք չէր խոսափում մարտական ծառայություններից։ Հայասերի համար դա պատվի հարց էր․․․ Հայրապետյանները տեղահանվել են Արցախի Ճարտար քաղաքից։

Հայասերը փայտագործությամբ զբաղվում էր դեռևս Արցախում և ապաքինվելուց հետո որոշել է շարունակել իր սիրած գործը՝ հույս ունենալով, որ կկարողանա մտնել հայաստանյան աշխատաշուկա։

Հայասերը պատմում է

-Սեփական բիզնես բացելու գաղափարը ծագել է դեռևս Արցախում։ Շրջափակումից մեկ օր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 11-ին ենք հաստոցները Երևանից Ճարտար հասցրել։ Ձեռք ենք բերել նաև անհրաժեշտ գործիքներ ու հումք՝ որոշելով սկսել փայտագործության մեր բիզնեսը։ Թեև քայլը համարձակ էր, սակայն մենք առանց երկմտելու որոշեցինք անել դա, որովհետև նպատակին հասնելու հույսն ու հավատն ավելի մեծ էր։ Տրամադրված էինք վճռականորեն։ Թվում էր՝ ամեն ինչ կհաջողվի, ու կկարողանանք իրականացնել մեր ընտանիքի երազանքը, սակայն 2023-ի մեկօրյա պատերազմն ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց։

Ծանր վիրավորվեցի պատերազմական գործողությունների ժամանակ և ապաքինվելուց հետո փորձում եմ նորից վերադառնալ սիրած գործիս, որի միջոցով կարող եմ հոգալ ընտանիքիս ապրուստի միջոցները։

Հայասերը վիրավորվել է Մարտունու Կոհակ կոչվող բարձունքում՝ ստանալով գանգուղեղի հրազենային բազմաբեկորային ծանր կոտրվածքներ։ Միայն սեպտեմբերի 24- ին է հաջողվել նրան տեղափոխել Երևան։ Բժիշկները համոզված չէին, որ կկարողանան փրկել նրա կյանքը ամեն ինչ Աստծո ձեռքերում էր։ Սակայն Հայասերը պետք է ապրեր ու տեր կանգներ իր երկու անչափահաս երեխաներին, ապավեն լիներ հարազատներին։ Հոկտեմբերի 5-ին Հայասերը դուրս գրվեց վերակենդանացման բաժանմունքից ու սկսվեցին երկարատև բուժումները։

Կինը՝ Անին, ցավով է հիշում այդ ծանր օրերը, երբ ամուսինը կյանքի ու մահվան կռիվ էր տալիս։ Հայրապետյանների միակ երազանքը Հայասերին ոտքի կանգնեցնելն էր

-Բժիշկների շնորհիվ ու Աստծո զորությամբ Հայասերն ապաքինվեց։ Նա երկար պայքարեց և ի վերջո հաղթահարեց բոլոր դժվարությունները։ Հիվանդանոցից հետո շարունակում էր բուժում ստանալ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։ Մինչև այսօր նա բժիշկների վերահսկողության տակ է։ Սկզբից ուներ խոսքի խնդիր, ինչպես նաև թուլացել էր աջ կողմը։ Սակայն մենք միասին կարողացանք հաղթել այդ խնդիրներին։ Փառք Աստծո, Հայասերը մեզ հետ է, մեր երեխաների թիկունքում, և հույս ունեմ եմ՝ մենք կհասնենք մեր նպատակներին։ Ապաքինվելուց որոշ ժամանակ անց որոշեցինք կյանքի կոչել Արցախում ծնված ու այդպես էլ այնտեղ իրականություն չդարձած մեր բիզնեսը։ Բրենդը կոչեցինք «ՀայաՍեր»։

Հայասերն ու Անին, սակայն, բիզնեսի ոլորտում հանդիպում են որոշ դժվարությունների այնուհանդերձ ամուսիններով շարունակում են ստեղծել

-Ունենք տարածքի, սարքավորումների խնդիր։ Աշխատում ենք տան պայմաններում, քանի որ հնարավորություն չունենք տարածք վարձակալելու։ Հումքը ձեռք ենք բերում հիմնականում Ղափանից ու Գորիսից։ Ամեն ինչ սկսել ենք զրոյից։ Այս պահին հնարավորություն չունենք նոր հաստոցներ գնել, ինչը շատ պարտադիր է արդյունավետ աշխատելու համար։ Պատվերների հարցում ևս խնդիրներ ունենք, որովհետև դեռևս ճանաչված չենք աշխատաշուկայում։ Այնուհանդերձ, մենք շարունակում ենք ստեղծել նոր գործեր, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր նրբագեղությամբ ու էսթետիկ տեսքով։ Սոցիալական էջերի միջոցով ենք ներկայացնում մեր գործերը։ Աշխատում ենք պահպանել մեր մշակույթը, արժեքները և մեր աշխատանքներով ներկայացնում ենք Արցախյանը, որպեսզի չմոռացվի ու փոխանցվի սերնդեսերունդ։ Մեր գործերում ապահովված է որակը, էկոլոգիապես մաքրությունը։ Փայտագործության մեջ շատ նրբություններ կան, որոնց իմացությունն ու պահապնելն անչափ կարևոր է։

Ճարտարից տեղահանված ընտանիքը չի կորցնում Արցախ վերադարձի հույսը։ Հավատում են՝ իրական տերերն անպայման կվերադառնան ու տեր կկանգնեն իրենց հող ու ջրին, ապուպապերի գերեզմաններին․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1