Արցախցիների զգալի մասը կհայտնվի սոցիալապես առավել ծանր վիճակում՝ հաշվի առնելով, որ ապրիլից կզրկվի պետության կողմից տրվող միակ ֆինանսական աջակցությունից
Գլխավոր » Լրահոս » Արցախցիների զգալի մասը կհայտնվի սոցիալապես առավել ծանր վիճակում՝ հաշվի առնելով, որ ապրիլից կզրկվի պետության կողմից տրվող միակ ֆինանսական աջակցությունից

Արցախցիների զգալի մասը կհայտնվի սոցիալապես առավել ծանր վիճակում՝ հաշվի առնելով, որ ապրիլից կզրկվի պետության կողմից տրվող միակ ֆինանսական աջակցությունից

Արցախահայության շրջանում շարունակվում են մտավախություններն առաջիկայում սպասվող դժվարությունների վերաբերյալ։ Սոցիալական հարթակներում մարդիկ չեն դադարում իրենց դժգոհությունները հայտնել, քանի որ ապրիլից արցախահայության զգալի մասը կհայտնվի սոցիալապես առավել ծանր վիճակում՝ հաշվի առնելով, որ կզրկվի պետության կողմից տրվող միակ ֆինանսական աջակցությունից։ 

Զրուցակիցս, չցանկանալով բացահայտել իր ինքնությունը, խոսում է այն մարդկանց անունից, ովքեր շուտով կհայտնվեն անելանելի դրության մեջ։ Տեղահանված կինն Արցախում պետական աշխատող էր։ 2023-ի բռնատեղահանումից հետո հաստատվել է ՀՀ Կոտայքի մարզում։

Ապրում է միայնակ և մի կերպ հոգում իր կարիքները։

-Նախ ուզում եմ անդրադառնալ ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրին։ Ինչպես հասկանալ այն մարդկանց մտածելակերպը, ովքեր նման որոշում են կայացրել։ Մեկ հոգանոց իմ ընտանիքն ինչպես կարող է տուն ձեռք բերել։ Ես և իմ նմանները երբեք չեն կարողանա օգտվել այդ ծրագրից, որովհետև այն անիրական է ու ծաղր՝ արցախահայության հանդեպ։ Տրամադրվող գումարով, եթե անգամ մեկ հոգու համար նախատեսվի 4 մլն դրամ, միևնույն է՝ անհնարին է տուն գնել։ Նույնը կարող եմ ասել 1-3 հոգանոց ընտանիքների մասին, որոնք բավականին քանակ են կազմում տեղահանված արցախցիների թվում։

Իսկ այն, որ արցախցիների մի մեծ խմբի համար շուտով 50 հազար դրամ աջակցության ծրագիրը կավարտվի, ինքնին մտավախություն է առաջացնում յուրաքանչյուրիս մոտ։ Շատերս կկանգնենք փաստի առաջ ու կհայտնվենք փողոցում։

Տեղահանությունից հետո աշխատանքի համար դիմել եմ տարբեր տեղեր։ Դիմել եմ 10-ից ավելի հիմնարկ-ձեռնարկությունների։ Ոչ մի տեղից դրական պատասխան չեմ ստացել։ Մեծ մասը պատասխանում են, որ տարիքային սահմանափակումներ են։ Այսինքն, եթե 45-ից բարձր ես, ուրեմն չես կարող աշխատանք ակնկալել ոչ մի տեղից։ Պետական հիմնարկներում աշխատանքի անցնելու առաջին պահանջը ՀՀ քաղաքացիությունն է, որը ես չեմ ցանկանում ընդունել, քանի որ ինձ Հայաստանի քաղաքացի եմ համարում։ Գոյությունս պահելու համար ստիպված օրավարձով աշխատանք եմ գտել։ Պետության կողմից մեկ շնչին տրվող 50 հազար դրամ աջակցությունը շատ չնչին թեթևացնում է իմ հոգսերը։ Եթե այն կտրվի, ես կհայտնվեմ փողոցում։ Հաստատ չեմ կարողանա իմ այսօրվա եկամուտով տան վարձ տալ ու գոյատևել,- ասում է զրուցակիցս և շարունակում խոսքը,- ինձ համար անհասկանալի են արցախցիների հանդեպ նման մոտեցումները։ Ո՞վ պիտի հոգա մեր հոգսերը, ո՞վ պիտի տիրություն անի մեզ և ի՞նչ է սպասվում արցախահայությանը։ Արցախցիների խնդիրները անհատական չեն, մոտեցումը պետք է համակցված լինի։

Միայն կենցաղային հարցերը չէ, որ այսօր մտահոգում են արցախցիներիս։ Մեր ամենակարևոր հարցն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն է և պատմական հայրենիքում ինքնորոշված, անվտանգ ու արժանապատիվ ապրելը։ Արցախցիների զգալի մասը երազում է վերադառնալ տուն, սակայն գիտակցում է, որ դեռևս դա հնարավոր չէ։ Եվ այս պահին տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությունը և սոցիալական խնդիրների կարգավորումը պետք է լինի ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրը։ Այլապես՝ տեղի կունենա վատթարագույնը․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1