«ՄոնՏիրուն»՝ սիրո, կարոտի, կորցրած հայրենիքի մասին. Ինչպես զարդերը դարձան արցախյան հուշերի կամուրջ

Արցախի պատմամշակութային հուշարձանները զարդերի վերածելը Տիրուհու և ամուսնու՝ Մոնթեի կարևոր առաքելությունն է հիմա։ Արցախի կորստից հետո երիտասարդ զույգը, որ հեղինակում է «ՄոնՏիրու» բրենդը, սկսեց մի շարք թողարկել, որտեղ արծաթյա և ոսկյա զարդեր են՝ կորսված եզերքի՝ Արցախի պատմամշակութային վայրերով ու հուշարձաններով։
«Առաջինն այդ շարքում Բռի եղցի (եկեղեցի.-խմբ) մատուռն էր, որը մեր Մարտունու շրջանի Հացի գյուղի հուշարձանախումբն է։ Հետո ստեղծեցինք Բերդաշենի (գյուղ Մարտունու շրջանում, հայտնի Աղջկաբերդ հուշարձան-թանգարանի արձանով) «Աղջկաբերդը», Ավոյի արձանը, բնականաբար, Դեդո-բաբոն»,- պատմում է Տիրուհին, որն արդեն յոթ տարի է՝ Մոնթեի հետ հեղինակում է արծաթյա զարդեր։

31-ամյա Մոնթեն ու 30-ամյա Տիրուհին դեռ ամուսնացած չէին, երբ որոշեցին առաջին համատեղ ստեղծագործությունը՝ «ՄոնՏիրու» զարդերի բրենդը, որի անունը հենց իրենց անունների համադրությունն է՝ Մոնթե և Տիրուհի։
Զարդերի շարք սկսելու միտքը շատ պատահական ծնվեց, երբ չէր կարողանում Արցախում իր նախընտրած զարդը գտնել։
«Եղբորս հարսանիքի ժամանակ գլխազարդ էի փնտրում, բայց այդ տարիներին Արցախում գլխազարդեր չկային։ Որոշեցի հարսանիքից հետո ինքս փորձել, տեսնել՝ կարողանո՞ւմ եմ, թե՞ չէ։ Ստացվեց, ոգևորվեցի և սկսեցի նաև թևնոցների ու վզնոցների մասին մտածել»,- պատմում է Տիրուհին։
Ծաղիկների սիրահար Տիրուհին Մարտունուց, Մարտակերտից, Շուշիից ծաղիկներ էր հավաքում, չորացնում։
«Մի օր տեսա, որ այդ չորացրած ծաղիկներն էլ կարելի է օգտագործել։ Ու այս օրվանից կախազարդերի մեջ ավելացրի ծաղիկներ, այդ ընթացքում ինձ համար բացահայտեցի Աստղաշենի աստղաձև քարերը։ Սկզբում շատ էի մտածում՝ քարը կկարողանա՞մ զարդ դարձնել։ Աստղաշենի քարերով և էպօքսիդով պատրաստված կախազարդերը շատ սիրված դարձան»,- հիշում է Տիրուհին ու ավելացնում, որ պատվիրատուները հիմա սրբությամբ են կրում Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի քարերը:
Աստղաշենում ցանկացած տան բակում հողը փորելիս կարելի էր գտնել հարյուրավոր քարեր՝ աստղերի տեսքով, ասում էին, որ հազարավոր տարիներ առաջ գյուղի տարածքը ջրի տակ էր մնացել, և հենց այդտեղից են այդ աստղակերպ քարերը։

2020 թվականը ամենածանրերից էր. պատերազմում զոհվեց Տիրուհու միակ եղբայրը՝ Արտակ Իշխանյանը, նրան հուղարկավորեցին Եռաբլուրում: Տիրուհին ու ամուսինը մնացին Երևանում․
«Երևանում մնալու գլխավոր նպատակս այն էր, որ Արտակի գերեզմանը առանց այցելուի չմնար, մերոնք բոլորն Արցախում են էին»,- ասում է Տիրուհին ու նշում, որ շրջափակման ժամանակ տառապում էր այդքան հեռու լինելու համար։
Կորստից հետո ուժ գտնելն ու աշխատելը դժվար էին, վերագտնելու փուլ էր։
«Արտակը ոչ միայն իմ եղբայրն է, այլև «ՄոնՏիրու»-ն հենց իր հարսանիքի շնորհիվ էր ծնվել, նրանից հետո շատ դժվար էր նորից սկսելը: Արտակն աջակցում էր ամեն ինչում, ոգևորում ու ոգևորվում ցանկացած վաճառքի ժամանակ»,- ասում է Տիրուհին։
«Բայց այնպիսի պատվերներ էինք ստանում, որ դժվար էր մերժելը»,- հավելում է նա։
Այդ ընթացքում ստացած պատվերները զոհված հարազատին հիշեցնող էին՝ կարոտի, կորուստը սփոփելու, հարազատի պատկերը միշտ իրենց մոտ ունենալու ցանկություն կար։
«Շատ էին զոհված հարազատների նկարներով զարդերի պատվերները, բայց մի յուրահատուկ պատվեր ստացանք, որը մինչև օրս հիշում եմ։
Ամուսինը ծաղկեփունջ էր նվիրել կնոջ ծննդյան օրվա առթիվ, այդ ծաղկեփնջի չորացած ծաղիկներով կինը հուշանվեր ու կախազարդ էր պատվիրել, որ հոր ծաղիկները միշտ աղջկա մոտ լինեն ու հիշեցնեն ջերմ հայրիկին»,- պատմում է Տիրուհին։

Արցախի կորստից հետո արցախյան թեմատիկան ամենուր դարձավ «վաճառվող»։ Հուշանվերներ, զարդեր, գրքեր, նկարներ՝ ամենուր կարելի է գտնել Արցախը հիշեցնող իրեր, որոնց գնորդները, թերևս, մեծ մասամբ արցախցիներն են։
Տիրուհին ասում է, որ իրենց նպատակը ոչ թե գնորդ գտնելն էր, այլ պահպանելը։ Դրա համար սկսեցին արծաթի միջոցով կյանք տալ հուշակոթողների, վանքերի։
«Վերջին աշխատանքը Ստեփանակերտի թատրոնի մոտ գտնվող «Երեք կռան» կոչվող աղբյուրն է։ Երեք դիմակները՝ տխուր, երջանիկ ու երազկոտ, դարձան մատանիներ, կախազարդեր, ականջօղեր»,- սա Ստեփանակերտի ամենասիրված վայրերից մեկի պահպանման փորձն է։

Իսկ Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ամենատարածված զարդը դարձավ։
«Մենք ոչ թե պարզապես նկարեցինք, այլ վերականգնեցինք «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը 3D մոդելավորմամբ։ Քանդակն իր հաստությամբ, գրվածքներով, հավերժության նշանով այնպիսին է, ինչպիսին ստեղծվել է, պարզապես մի քանի հազար անգամ փոքրացված»,- ասում է Տիրուհին ու նշում, թե որքան կարևոր է իրենց համար ոչ թե հուշարձանը նմանեցնել, այլ վերականգնել այն բոլոր մանրամասներով, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հենց բնօրինակ կոթողն ես կրում։

Հիշողությունները սիրով և կարոտով կամրջող զույգը տան մի սենյակը վերածել է «ՄոնՏիրու»-ի ստեղծագործական արվեստանոցի:
Իր ու ամուսնու գաղափարները միահյուսվում են՝ 3D մոդելավորումը ամուսինն է անում, զարդերի դիզայնի մի մեծ մասը՝ ինքը, հետո արդեն զարդերը հասնում են արծաթագործի ու ոսկերիչի մոտ։
Զարդատուփերի վրա գրված՝ «Պատրաստված է Արցախում», ինչը, ըստ Տիրուհու, Արցախը կիրառական արվեստի միջոցով պահելու յուրօրինակ ձև է:
Սակայն, նշում են, որ միայն արցախյան թեմաներով չէ, որ ստեղծագործում են: Արծաթյա զարդ է դարձել նաև Աժդահակ լեռը, նաև ոչ մշակութային արժեքներ հիշեցնող զարդեր ունեն։
«Սկզբում մեր նվազագույն աշխատավարձերն էինք ներդնում, որպեսզի բրենդը ճանաչելի դառնա, հետո արդեն վաճառքից գոյացած գումարներից էինք ներդնում, իսկ հիմա «ՄոնՏիրու»-ն աճեց մեզ հետ և, կարելի է ասել, ինքն է իր ծախսերը հոգում»,- ասում է Տիրուհին։

Օժանդակող որևէ ծրագրի չեն դիմել, բայց ունեն վաճառքի կետեր՝ և՛ օնլայն, և՛ օֆլայն։
«Արցախ կարպետ» խանութում ունենք անկյուն, որտեղ գնորդները կարող են տեսականուն ծանոթանալ, buy armenian կայքի և wildberries-ի միջոցով «ՄոնՏիրու»-ն հասանելի է դարձել ամերիկյան և ռուսական շուկայի համար։
«Ուզում եմ, որ մեր զարդերի միջոցով միշտ հիշեն Արցախն ու իրենց հուշերում պահեն Արցախի մասին ամենաջերմ դրվագները»,- ասում է Տիրուհին ու, չբացելով փակագծեր, նշում,- առաջիկայում նոր շարք են ունենալու, իսկ մինչ այդ Արցախի մասին հուշեր պատմում են զարդերը՝ Շուշիի Ղազանչեցոցի Հրեշտակը, Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը», Մոնթեն, Բռի եղցին ու Բերդաշենի Աղջկաբերդը ու գյուղերը, որտեղ մնացին լավագույն օրերի ջերմ հուշերը։
Մարիամ Սարգսյան
MediaLab.am