Միացում, թե անկախություն․ ինչպես փոխվեց շարժման ընթացքը
Գլխավոր » Գաղափարական » Միացում, թե անկախություն․ ինչպես փոխվեց շարժման ընթացքը

Միացում, թե անկախություն․ ինչպես փոխվեց շարժման ընթացքը

<Ապառաժ>-ի զրուցակիցն է Արցախյան շարժման ակտիվիստ, Արցախի Խորհրդարանի առաջին եւ երկրորդ գումարման պատգամավոր Աշոտ Սարգսյանը։

Լրացավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման 37-ամյակը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ 88-ի համազգային շարժումն ու ինչպե՞ս փոխվեց շարժման ընթացքը։

Արցախյան շարժումը Հայոց պատմության մեջ կմնա որպես ազգային-հոգեւոր զարթոնքի եւ փառավոր հաղթանակի  զորավոր մի էջ: Այն իր նշանակությամբ վաղուց հատել է ազգայինի սահմանը եւ ստացել աշխարհաքաղաքական իմաստ`  իր դրական եւ բացասական հետեւանքներով հանդերձ: Շարժման ընթացքում` Ադրբեջանի կողմից սկսած պատերազմում տանելով համոզեցուցիչ հաղթանակ, հայ ժողովուրդը  վերահաստատել է հայկական կենսատարածքում` Հայկական բարձրավանդակում  իր ապրելու իրավունքը: Հաղթանակի շնորհիվ Հայաստանը (ներառյալ Արցախը) հնարավորություն է  ստացել աշխարհին արժանապատվորեն ներկայացնելու իր պահանջատիրությունը ոչ միայն ազատագրված Արցախի նկատմամբ, այլ նաեւ չլուծված Հայկական Հարցի վերաբերյալ:

Ինչու՞ միացումը Մայր Հայաստանին այդպես էլ չեղավ, ինչպե՞ս փոխվեց շարժման ընթացքը։

-Ցավոք սրտի, հայկական դիվանագիտությունը, Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ի զորու չի եղել, ավելի ճիշտ չի ցանկացել միջազգային հանրությանը ըստ արժանվույն հրամցնելու հայ ազգի օրինական եւ իրավական պահանջները:  Ռազմի դաշտում տարած փառավոր հաղթանակը, հետագա պարտվողական քաղաքականության հետեւանքով («Հայաստանը հաղթել է ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը»- ՀՀ Բանակի գերագույն գլխավոր հրամանատար) հայկական դիվանագիտությունը չկարողացավ օգտագործել եւ պարտված Ադրբեջանին պարտադրել իր պահանջները: Հաջորդ իշխանությունները, նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Հայկական Հարցից առանձնացրեցին  Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման խնդիրը, դարձնելով այն արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը եւ հասան որոշ հաջողությունների: Բայց, այսպես կոչված  ղարաբաղա-ադրբեջանական  հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները վնասվեցին`  ԼՂՀ-ն դադարեց բանակցությունների լիարավ կողմ լինելուց: Իմ  կարծիքով` ղարաբաղա-ադրբեջանական  հիմնախնդիրն այնպես, ինչպես ներկայացվում էր, գոյություն չունի: Այն գերտերությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի, կողմից արհեստականորեն ստեղծած քաղաքական ծուղակ էր, որի նպատակն էր եւ է` տարածաշրջանում պահպանել իրենց ազդեցությունը:

Փաստն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանն անկախացել էր եւ իրավական տեսանկյունից կորցրել իր ազդեցությունը բռնակցված Արցախի եւ Նախիջեւանի նկատմամբ: Այդ մասին այնքան է գրվել, որ ավելորդ ենք համարում նորից կրկնելը:

Նախիջեւանը հայաթափվել է, իսկ Արցախը ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ ձեռք է բերել փաստացի անկախություն եւ ազատորեն կարող էր վերամիավորվել Հայաստանին կամ ստեղծել անկախ պետություն: Ադրբեջանը պատերազմել է Արցախի դեմ, տեղահանել Հյուսիսային Արցախի հայ բնակչությանը, գրավել Շահումյանի շրջանը եւ Մարտակերտի ու Մարտունու շրջանների որոշ մասեր, բայց եւ կրել խայտառակ պարտություն:

Ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ  արցախահայությունը, ազատագրելով իր հայրենիքի մի զգալի մասը, կառուցել  է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, իհարկե՝ ըստ Սահմանադրության, այլ ոչ իրականում:

Թե դա ինչքանո՞վ է արդարացված կամ ճշմարիտ քայլ, ժամանակը ցույց տվեց, որ Միացումից հրաժարումը ազգային դավաճանություն էր:

Երեսունյոթ ամյա բարձունքից  նայելով եւ ծանոթ լինելով Արցախյան ազգային-ազատագրական շարժման վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների, կարծում եմ` Շարժումը կարոտ է համակողմանի, գիտական ուսումնասիրման  եւ ճիշտ գնահատականի:

-Փորձենք Արցախյան ազգային-ազատագրական շարժումը ներկայացնել փիլիսոփայության եւ հոգեւոր-աստվածաբանական տեսանկյուններից:

Փիլիսոփայությունից հայտնի է, որ ազգային-ազատագրական հեղափոխությունը ծնունդ է առնում  ազգային-ազատագրական շարժումից եւ ուղղված է.

— օտարերկրյա տիրապետության վերացման,

— ազգային անկախության նվաճման,

— ազգային- գաղութային ճնշման ու շահագործման ոչնչացման,

— ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման,

— ազգային պետության ստեղծման,

— այլ պետության հետ միավորման կամ համադաշնության ստեղծման:

Վերը շարադրվածից դժվար չէ եզրակացնել, որ արցախյան ազգային-ազատագրական շարժումը վերածվել է հեղափոխության, եւ արդյունքում ստեղծվել է անկախ պետություն: Իսկ ինչու՞ չի վերամիավորվել Հայաստանին, մի՞թե մեր նպատակը անկախ պետության ստեղծումն է եղել:

Նման բազմաթիվ հարցերին ի պատասխան, նշվում է, որ տվյալ ժամանակահատվածում միակ եւ ճշմարիտ քայլը դա է եղել: Որպեսզի հարցի պատասխանը թերի չմնա, ավելացնում են նաեւ, որ «անկախ պետությունը» միջոց է նպատակին` Միացմանը հասնելու համար: Նախ` միամտորեն   հարց տանք, որ եթե իրոք անկախ պետության ստեղծումը անհրաժեշտ քայլ է եղել, ապա ինչու՞ այդ քայլը առաջադրող կամ պարտադրող պետությունը կամ պետությունները ԼՂՀ անկախությունը չեն ճանաչել: Բացի դրանից` անկախ պետություն ստեղծելու եւ միջազգայնորեն ճանաչվելու գործնթացը ավելի բարդ է, քան ճանաչված պետության կազմի մեջ մտնելը, մանավանդ որ առկա են թե´ իրավական, թե´ պատմական բոլոր հիմքերը:

Գոյություն ուներ շրջանառվող մի այլ տեսակետ, ըստ որի ԼՂՀ անկախության հռչակումը փոխզիջում էր: Այդ տեսակետի կողմնակիցների հիմնավորումը շատ թույլ է եւ խոցելի: Նախ` հետաքրքիր է իմանալ. Ադրբեջանը ընդունե՞լ է այդ փոխզիջումը եւ դրա փախարեն ի՞նչ է զիջել: Բացի դրանից` Ադրբեջանի համար ի՞նչ տարբերություն, թե Արցախը բաժանվելուց հետո (իրավաբանորեն` վերջնական բաժանումը տեղի է ունեցել 1989թ. դեկտեմբերի 1-ին)  անկախ պետություն է ստեղծում, թե միանում է այլ պետության:

Մի կարեւոր հանգամանք եւս. հայկական դիվանագիտությունը, այսպես կոչված, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում առաջնային է համարում ազգերի ինքնորոշումը, դրանով իսկ նսեմացնելով տարածքային ամբողջականության սկզբունքը: Բայց իրականում այդ սկզբունքները ոչ միայն չեն հակասում, այլ լրացնում են մեկը մյուսին: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք հայերս ազգային-ազատագրական պայքարի ենք ելել ոչ թե օտարի տարածքում ինքնորոշվելու, այլ` վերացնելու օտարի գաղութային լուծը, շահագործումը, վերականգնելու պատմական արդարությունը եւ վերամիավորվելու Մայր Հայաստանին: Ավելի պատկերավոր ասած. երկարությունը չափելու համար փոխանակ օգտագործելու մետրը, օգտագործել եւ օգտագործում ենք մեր ձեռքի տակ եղած կամ օտարների կողմից մեզ տրված կիլոգրամը:  Փոքր ինչ ծանոթանալով  ՄԱԿ-ի անդամ պետությունների վերջին 70 տարիների պատմությանը, դժվար չէ համոզվել, որ դրանց մեծամասնությունը ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ են թոթափել օտարների լուծը եւ ձեռք բերել անկախություն: Մի՞թե Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի հարյուրից ավելի պետություններ չեն պայքարել օտարների դեմ, ազատագրել իրենց հայրենիքը եւ շարունակել զարգանալ այն ուղղություններով, որ նախագծել էին: Հարց է ծագում.« Ինչու՞ Արցախը չէր կարող հետեւել նրանց օրինակին»:

Մի զարմանալի հանգամանք եւս կապված Կոսովոյի անկախության  հետ: Մինչեւ Կոսովոյի անկախության հռչակագրի ընդունումը  հայկական դիվանագիտության մեջ իշխում էր այն տեսակետը, որ Կոսովոն կարող է նախադեպ դառնալ սառեցված հակամարտությունների լուծման համար: Իհարկե, «քաղաքական խաղի» տեսանկյունից կարելի է հասկանալ մեր դիվանագետներին եւ քաղաքական գործիչներին` ինչու՞ չօգտագործել ընձեռած ցանկացած հնարավորություն: Բայց Կոսովոյի անկախության հռչակումից հետո բոլորին պարզ դառավ, որ հերթական անգամ կիրառվել են կրկնակի ստանդարտներ, որ Կոսովոն նախադեպ լինել չի կարող, ավելի ճիշտ` կարող է, եթե «վերեւից» այդպես ցանկանան: Մեր պարագայում, հաստատ, չեն ցանկանա (մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է դեմ, ինչ մնաց «օտարները»…):

Ուրիշ կարեւոր  մի իրավական որոգայթ  էլ գոյություն ունի, եթե Կոսովոն ընդունում ենք որպես նախադեպ, արդյո՞ք դա չի նշանակում, որ  հաստատում ենք այն դրույթը, որ ԼՂՀ-ն Կոսովոյի նման օգտվելով ազգերի ինքնորոշման իրավունքի հանրաճանաչ սկզբունքից, օտար պետության մեջ, օտար տարածքում անկախանում է:    

 Չխորանալով փիլիսոփայության խորխորատներում, փաստենք, որ արցախյան ազգային-ազատագրական շարժումը չի հասել իր բաղձալի նպատակին, այսինքն` վերամիավորում Մայր Հայաստանին տեղի չի ունեցել:

Դեռ ավելին` ԼՂՀ-ն ընդունելով Սահմանադրություն, որտեղ մի բառ անգամ չկա Հայաստանի Հանրապետության եւ  մեր ամբողջական հայրենիքի մասին, էլ ավելի է  հեռացել Շարժման բուն նպատակից: Արդյունքն եղել է այն, որ օր-օրի խորացել են արհեստականորեն ստեղծված տարաձայնությունները եւ հակասությունները: Զավեշտը հասել է այն աստիճանին, որ Հայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական, եւ մանավանդ  հետընտրական փուլում, երբ ազգի մի փոքրիկ հատվածը պետականորեն նշում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 20-ամյակը (ամբողջ տարին հայտարարված է Շարժման տարի) Երեւանում` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած բազմահազարանոց միտինգներից մեկում, որպես Հայաստանի համար թշմական կամ ոչ բարյացկամ ազգ նշվել է նաեւ «ղարաբաղցի» ազգը: Ում, եթե ոչ` բազմաթիվ մահացած եւ կենդանի ազգերի լեզուների քաջահմուտ գիտակ Լեւոն Տեր-Պետրոսյանին հայտնի պիտի լինի, որ  ներկայիս Հայաստանը (ներառյալ ազատագրված Արցախը), որը կազմում է պատմական Հայաստանի մոտ 10 տոկոսը, հիմնականում ընդգրկում է Մեծ Հայքի Այրարատ, Գուգարք նահանգների մի փոքր մասը, Արցախը եւ Ուտիքը` կիսով չափ եւ Սյունիքը ամբողջությամբ: Ներկայիս Հայաստանի Հանրապետության բնակչության զգալի մասը կազմում են պատմական Հայաստանի բոլոր նահանգներից  ներգաղթած մեր հայրենակիցները: Փաստ է նաեւ, որ ՀՀ բնակչության

320-350 հազարը արմատներով արցախահայեր են (մեջբերումը՝ սցենարիստ, ռեժիսոր Բոգդան Աթանեսյանի գիտական աշխատանքից), որն իր թվաքանակով միայն համեմատելի է սյունեցիների հետ: Ազգն` ըստ բնակության վայրի տարանջատող եւ ընդունող մեր հայրենակիցներին զգաստացնելու համար նշենք, որ անմտություն է ազգի մեծ հատվածը փոքրին հակադրելը, մանավանդ, որ մեծ հատվածի մեջ երեք անգամ ավելի շատ արցախահայեր են բնակվում քան բուն Արցախում:

Միտինգներում բազմաթիվ անգամ հնչեցվել է նաեւ այն տեսակետը, որ ազգի մի հատվածը կարելի է զոհաբերել հանուն ընդհանուրի բարօրության: Այսինքն` Արցախից ցանկացած գնով «ազատվելով» ազգի մանցած հատվածի` Հայաստանի Հանրապետության բնակչության համար կբացվեն նոր հեռանկարներ եւ ազգը կբարգավաճի: Այդ տեսակետի կողմնակիցները նոր չեն ի հայտ եկել. առաջացել են արցախյան ազգային-ազատագրական շարժման ժամանակ եւ արմատավորվել  պատերազմի տարիներին: Նրանց համար բերենք մի օրինակ:  Պատկերացնենք. մի մարդ  ունի չորս զավակ:

Նրան առաջարկում են, որ զավակներից մեկին զոհաբերի կամ հանձնի իր ոխերմ թշմանուն, որպեսզի մնացածը ապրեն  լավ ու բարեկեցիկ կյանքով: Ի՞նչ եք կարծում, այդ մարդը կզոհաբերի իր զավակներից մեկին, անկախ նրանից թե´ այդ երեխան  ամենաաչքաբացն, ամենախելոքն ու խիզախն է, թե´  հիվանդն է ու տկարը: Որպես բազմազավակ հայր, համոզված եմ, որ ոչ մի ծնող այդ քայլին չի դիմի, եթե հոգեկան խանգարումներ չունի կամ գոնե ունի տարրական կրթություն:  Վերջինս` այն պարզ պատճառով, որ հաստատ ծանոթ կլինի  Հովհաննես  Թումանյանի «Չարի վերջի» աղվեսին, որը մեկ կկուի ձագ ստանալուց հետո հաջորդն է պահանջում, այն էլ ստանալուց հետո` վերջին ձագն է պահանջում:  Իսկ հայ ժողովրդի պատմությանը ծանոթները պետք է հիշեն Դավիթ Բեկի խոսքը.«Եթե կորցնենք Նախիջեւանը, Սյունիքը, Արցախը եւ Ուտիքը` Հայաստանը կվերանա աշխարհի երեսից»:  

Նույն միտքն է արտահայտել նաեւ Մոնթե Մելքոնյանը.«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»:

Հետաքրքիր է իմանալ, եթե իրավիճակը պարտադրի Ջավախքում ազգային- ազատագրական պայքար սկսել, արդո՞ք այն   կկրի համահայկական բնույթ (ինչպես եղել է Արցախում), թե ՀՀ-ում բնակվող ազգի մի հատվածը, «կյանքի փորձից ելնելով», նրանց էլ կհամարեն «ջավախեցի» ազգ ու չեն միջամտի օտարի ազգային խնդիրներին: Ցավալի է, որ Հայաստանի Հանրապետությունում Նախիջեւանը համարյա մոռացության են  մատնել, մի՞թե այդքան կարճ է մեր պատմական հիշողությունը:

Արցախյան ազգային-ազատագրական շարժումը դիտարկենք հոգեւոր-աստվածաբանական տեսանկյունից:

Աստվածաշնչից հայտնի է` «Ձայն բազմաց, ձայն Աստծո» արտահայտությունը: Շարժման առաջին իսկ օրվանից՝ փետրվարի 13-ին (Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցով Տյառնընդառաջի նախատոնակի օրն է) հազարավոր մարդիկ հրապարակում հավաքված պահանջում էին Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանին, այսիքն` խաթարված արդարության, ճշմարտության վերականգնում: Անկախ նրանից, որ այդ ժամանակ ժողովրդի մեծամասնությունը Հայ Եկեղեցու հավատացյալներ չէին, միեւնույն է` նրանք կամա, թե ակամա առնչվել են Բարձրյալի հետ այն պարզ պատճառով, որ կատարյալ արդարը եւ ճշմարիտը Աստված է: Եւ պատահական չէ, որ Շարժման սկզբնական տարիներին ժողովրդի մի ստվար մասը դարձի է եկել առ Աստված եւ դարձել Հայ Առաքելական Եկեղեցու զավակներ: Այդ տարիներին Մայր Հայաստանում  եւ Արցախում աննախադեպ  ազգային եւ հոգեւոր վերազարթոնք է եղել, որն էլ հանդիսացել է գրավականը մեր ապագա հաղթանակների:

1988թ. մարտի 24-ին ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում է ընդունել ԼՂԻՄ-ին տրամադրել 400-450 միլիոն ռուբլի, որպեսզի այն նպատակաուղղվի մարզում կուտակված սոցիալ-տնտեսական եւ մշակութային հարցերը լուծելուն: Բնականաբար, արցախահայերը հրաժարվել են այդ գումարից, հասկանալով, որ դա Շարժումը մեղմելու ու կասեցնելու միջոց է:   

Արցախյան ազգային-ազատագրական շարժման ամենաեռուն շրջանում Ադրբեջանի իշխանությունները սովի են ենթարկել արցախահայությանը: Բայց եղել է  մի պահ, որ տոննաներով սննդամթերք եւ տարատեսակ խմիչքներ են ուղարկել: Ստեփանակերտի երկաթուղային կայարանում վագոնները բեռնավորված օրերով սպասել են, բայց ոչ ոք  չէր մոտեցել բեռնաթափելու: Վերը նշվածները համեմատելի են  Հիսուսի անապատում փորձության հետ: 

Ըստ Ղուկասի ավետարանի.«Երբ նա քառասուն օր չկերավ ու չխմեց, եւ երբ դրանք լրացան, քաղց զգաց: Եւ սատանան նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այդ քարին ասա´, որ հաց լինի»: Հիսուսը նրան պատասխանեց ու ասաց. «Գրված է. միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ` Աստծո ամեն խոսքով»:

Առաջին լուրջ փորձությունը հաղթահարված էր: Դրան հետեւեց հաջորդը` ԽՍՀՄ ղեկավարությունը մի շարք հեղինակավոր հայորդիների հրավիրեց Մոսկվա եւ նրանց իշխանություն, բարձր պաշտոններ խոստացավ, Արցախում մտցվեց ԽՍՀՄ-ում  նախադեպը չունեցող իշխանություն` Հատուկ կառավարում, միայն թե  վերջ տրվի ազգային-ազատագրական շարժմանը: Արցախահայությունը այդ փորձությանն էլ դիմացավ, որի Աստվածաշնչյան զուգահեռը հետեւյալն է.«Եւ սատանան բարձրացնելով Նրան մի բարձր լեռ, մի վայրկյանում նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները եւ ասաց. «Քեզ կտամ այս ամբողջ իշխանությունը եւ սրանց փառքը…Արդ եթե դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կլինեն»: Հիսուսը պատասխանեց նրան եւ ասաց. «Գրված է` քո Տեր Աստծուն պիտի երկրպագես եւ նրան պիտի պաշտես»:

Երրորդ փորձությունը, որին դիմացավ արցախահայությունը` դա պատերազմն էր:

Յոթ միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանը միջազգային հանրության եվ աշխարհի գերտերությունների թողտվության պայմաններում հարձակվեց 150 հազար խաղաղ բնակիչ ունեցող Արցախի վրա: Մինչեւ պատերազմը սկսվելը «հայրենի իշխանությունները»  զինաթափել էին արցախահայությանը, անգամ որսորդական հրացաններն էին նախօրոք առգրավել: Այս անգամ փորձության էր դրված Հայրենիքի պաշտպանությունը: Այդ ժամանակ Արցախում տարբեր լուրեր էին պտտվում, անգամ «հավաստի աղբյուրները» հաստատում էին, որ պատրաստ են արցախահայությանը քաղաքական ապաստան տրամադրել այլ երկրներում, մասնավորապես` Ավստրալիայում: Արցախահայերը կարող էին հանգիստ թողնել իրենց բնօրրանը եւ տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն կամ այլ երկրներ, բայց նրանց մեջ արթնացել էր  Հայկ Նահապետի, Արամ Աշխարհակալի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Դավիթ Բեկի, Ավան հարյուրապետի, Թեւան Ստեփանյանի, Դանիել Բեկ եւ Պողոս Բեկ Փիրումյանների, Անդրանիկ զորավարի, Գարեգին Նժդեհի, Նիկոլ Դումանի, Արամ Մանուկյանի եւ այլ երեւելիների  արյունը,  Հայոց սրբերի ոգիները: Եւ հայը պաշտպանել է իր հայրենիքը…

Իսկ Աստվածաշունչը այդ ուղղությամբ քանի-քանի դար հուշում է.«Եւ տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. «Եթե Աստծո Որդի ես, քեզ այստեղից ցած գցիր, որովհետեւ գրված է. «Իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, որ քեզ պահեն. եւ իրենց ձեռքերի վրա կբռնեն քեզ, որ քո ոտքը երբեք քարին չխփես»: Հիսուսը պատասխանեց նրան եւ ասաց.« Ասված է` քո Տեր Աստծուն պիտի չփորձես»: Այո´ Աստծոն չեն փորձում, ինչպես նաեւ փորձելու ենթակա չեն մեր ազգի ինքնության չորս հիմնասյուները` Հայրենիքը, Հայոց լեզուն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ Հայ Դատը (համայն հայության իրավունքները ):

Հոգեւոր տեսանկյունից գնահատելով ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության եւ անկախության ճանաչմանը ձգտող Արցախի Հանրապետության ներկա կացությունը` դժվար չէ նկատել, որ երկու պետությունների միջեւ ծագող հակասությունների հիմնական պատճառը եղել է եւ մնալու է ազգի բաժանումը երկու միավորների: Ընդդիմախոսները կարող են նշել, թե դա զուտ քաղաքականությունից դրդված իրավիճակ է, ինչպես ընդունված է նշել` օտարների համար ենք մենք անկախ, իրականում միասնական պետություն ենք: Տա Աստված, այդպես լիներ: Աստվածաշնչում մեր պարագայի համար է գրված. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, եւ ինքն իր մեջ բաժանված ամեն տուն` կործանվում»: Իհարկե, շատ խիստ է գրված, բայց ճշմարտությունը պարտավոր ենք ընդունելու:    

Վտանգված է Հայաստանի Հանրապետության որպես պետություն գոյությունը:

 Հայաստանի Հանրապետության ներկայիս  իշխանությունների պարագայում, ազգադավ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք,  միամտություն կլինի մտածել անգամ արցախահայության Արցախ վերադարձի մասին, քանի որ վտանգված է Հայաստանի Հանրապետության որպես պետություն գոյությունը:

Համոզված եմ, որ ազգային ուժերի համախբումով ՀՀ ներկա իշխանություններին ուղարկելու ենք պատմության աղբանոցը, եւ կատարվելու մեր երազանքը՝ Արցախը միանալու է Մայր Հայաստանին: 

                                                                              

1