88-ի համաժողովրդական շարժման արդյունքում ունեցանք պետականություն, ազատագրված տարածքներ
Գլխավոր » Գաղափարական » 88-ի համաժողովրդական շարժման արդյունքում ունեցանք պետականություն, ազատագրված տարածքներ

88-ի համաժողովրդական շարժման արդյունքում ունեցանք պետականություն, ազատագրված տարածքներ

1988 թվականի փետրվարի 12-ին Արցախյան ազգային ազատագրական շարժումը մեկնարկեց Հադրութի հանրահավաքից, որի մասնակիցները պահանջեցին Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը: Հանրահավաքի կազմակերպիչը Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրեն, իսկ ավելի ուշ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն էր, «Կռունկ» կոմիտեի անդամներ Իգոր Մուրադյանը, Գրիգորի Հայրապետյանը, Էմիլ Աբրահամյանն ու այլոք: Հադրութի հանդիպումը վերածվեց հանրահավաքի։

Միաժամանակ նախօրեին՝ 1988 թվականի փետրվարի 11-ին Ստեփանակերտում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդ, մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի մասնակցությամբ տեղի ունեցավ մարզկոմի բյուրոյի նիստ, որի ընթացքում որոշվեց ԼՂԻՄ-ի շրջաններում՝ Հադրութում, Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում, ինչպես նաև մարզկենտրոն Ստեփանակերտում փետրվարի 12-ին անցկացնել կուսակցական և տնտեսական ղեկավարների հանդիպումներ, արձանագրություններ կազմելով դատապարտել մարզում տեղի ունեցող իրադարձությունները՝ ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու ստորագրահավաքը, ղարաբաղյան պատվիրակությունների այցերը Մոսկվա։ 

Հասարակությունը պաստառներով քայլում էր փողոցներով՝ վանկարկելով «Մի-ա-ցում, մի-ա-ցում, մի- ա- ցում»: Կարճ ժամկետում հանրահավաքների ալիքը շրջաններից հասավ մայրաքաղաք Ստեփանակերտ: Փետրվարի 13-ին ԼՂԻՄ-ում ընդհատակյա խմբերը, որոնք ստորագրահավաք էին կազմակերպել  Ղարաբաղը Հայաստանին միավորելու միջնորդությամբ Մոսկվային դիմելու համար, առաջին խոշոր հանրահավաքն են անցկացնում Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, որտեղ տեղադրված էր Լենինի արձանը։ Հանրահավաքին մասնակցում էր շուրջ 8000 մարդ։ 

Արցախյան շարժման ակտիվիստներից Համլետ Գրիգորյանը նշել է․ <Այդ պահին ամբողջ հրապարակը թնդաց, փոքրիկ երկրաշարժ տեղի ունեցավ և դրանից հետո հայ ու ադրբեջանցի իշխանավորները ստիպված էին գալ նստաշրջանին ու լսել նախագահությանը։ Ֆանտաստիկ միաբանություն կար 80-ականներին>։

Շարժմանն իր ակտիվ մասնակցությունն է ունցել ուսանողությունը, ուսանող ակտիվիստներից Սերգեյ Շահվերդյանը խոսելով այս մասին նշել է․<Երևի ամենահիշվող դրվագը փետրվարի 13-ի առաջին ուսանողական ցույցն է: Մենք իրեն անվանում ենք ուսանողական, որովհետև հիմնականում Մանկավարժական համալսարանի և Գյուղատնտեսական տեխնիկոմի ուսանողությունն էր: Ցույցի մասնակիցները պատկերացում չունեին՝ այդ պահին կհասնե՞ն իրենց տները թե ոչ։ Դա շատ ծանր հոգեբանական պահ էր, որ հաղթահարեց ժողովուրդը, ու հենց այդ հաղթահարումը բեկում ստեղծեց Արցախյան շարժման մեջ. մարդիկ հասկացան, որ կարող են ազատ արտահայտել իրենց կամքը՝ գիտակցելով, թե ինչ դժվարություններ ապագայում կլինեն>։ Նա այլ առիթով, իր հարցազրույցներից մեկում նշել է, — 1988-ին շատ կարեւոր էր Արցախյան շարժումը ամրագրել իրավական ուժ ունեցող որոշմամբ։

Արկադի Կարապետյանը, ով ընդհատակյա խմբերի ձեւավորման նախաձեռնողներից էր նշել է․ <Արցախի ընդհատակյա խմբերի յուրաքանչյուր անդամ յուրովի է ներգրավվել շարժման մեջ: Մեզանից յուրաքանչյուրը կարող էր տարբեր մոտեցում ունենալ այս կամ այն հարցի շուրջ, կարող էինք համաձայն չլինել միմյանց հետ, բայց դա մեզ երբեք չէր խանգարել աշխատել միասին, ընկերություն անել եւ պայքարել մեկ նպատակի համար: Մենք՝ ընդհատակյա ընկերներով, պատրաստ էինք կյանք տալ միմյանց համար: Շարժման ամենամեծ ձեռքբերումն էլ հենց դա է: Երբեւէ չեմ կասկածել ընկերներիս հավատարմությունն եւ նվիրվածությունը: Համոզված եմ, որ այդ վստահությունն էլ միավորեց մեզ եւ հաղթանակ բերեց>։

Շարժումը շրջաններում նոր թափ էր ստանում, Ասկերանի շրջանում շարժման ակտիվիստ Ալյոշա Գաբրիելյանի կարծիքով, անկախ քաղաքական զարգացումներից, 88-ի համաժողովրդական շարժման արդյունքում ունեցանք պետականություն, Արցախի Հանրապետություն, ազատագրված տարածքներ, ինչն ամենամեծ ձեռքբերումն էր։

Մարտունիում կայացած առաջին հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցած Յուրի Գրիգորյանը նշել է, որ եթե ակտիվիստները նույնիսկ կրակ էլ դառնային, էլի ոչինչ չէին կարողանա անել, եթե ժողովուրդը ընդունած չլիներ ոտքի կանգնելու որոշումը. «Ժողովուրդը զգում էր, որ թուրքական նուրբ դիվանագիտական եղանակով ազերիները հափշտակում են մեր պատմությունը, իսկ եթե պատմությունը գողանաս, ժողովուրդը կվերանա»:

Նյութերը՝ <Ապառաժ>-ի արխիվից

1