Սեպտեմբերի 25-ին Նորան չգիտեր, որ վերջին անգամ է տեսնում ամուսնուն
Նորան Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից է: Ամուսնացել ու հարս է գնացել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղը։ Ամուսինը՝ Հրանտ Հախումյանը, զոհ է դարձել 2023-ի սեպտեմբերի 25-ի վառելիքի պահեստի պայթյունին։ Նորան երկու երեխաների և ամուսնու հարազատների հետ բնակություն է հաստատել ՌԴ Ռոստով քաղաքում։ Որդին՝ Լեոն, ծնվել է հոր զոհվելուց ամիսներ հետո։
Նորան վերապրում է շրջափակման օրերը, 2023-ի դաժան սեպտեմբերը
-Երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, շատերի նման ես ևս անհանգստացա։ Մտածում էի, թե ե՞րբ կբացվի ճանապարհը, ինչպե՞ս կկարողանանք հաղթահարել այդ արհավիրքը։ Ի՞նչ իմանայի, որ սարսափելին դեռևս առջևում է։ Մի անգամ Հրանտին առաջարկեցի՝ գուցե մե՞նք էլ շատերի պես մտածենք հեռանալու մասին։ Հետո ամաչեցի ասածիս համար․ նա այն տեսակի մարդ չէր, որ գյուղը լքեր, ծնողներին թողներ թշնամիներով շրջապատված սահմանամերձ բնակավայրում։
Ընդգրկվել էր աշխարհազորում, սակայն վառելիքի պատճառով չէր կարողանում վերջին օրերին գնալ ծառայության։ Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, տանն էր։ Ներս ու դուրս էր անում․ անհանգստանում էր ծառայակից ընկերների համար, ովքեր այդ պահին վտանգավոր տեղում էին։ Քիչ հետո մտավ տուն․ այլայլված ու հուզված էր։ Փարվեց մորն ու ասաց․ «Մեր դիրքի տղաները զոհվել են․ երևի ինձ Աստված է պահել, որ տանն էի այդ պահին»։ Հետո իրեն չէր կարողանում ներել․ «Պետք է ոտքով հասնեի, ընկերներիս հետ լինեի»․․․
Հրետակոծությունները մեկ րոպե անգամ չէին դադարում։ Գյուղում արդեն խուճապ էր։ Բնակչությունը տարհանվում էր Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ համեմատաբար ապահով էր։ Բոլորի հետ մենք նույնպես գնացինք։ Մեզ թողնելով այնտեղ՝ Հրանտը և եղբայրը՝ Արսենը, վերադարձան գյուղ։ Նրանց հայրը՝ Արթուրը, դիրքերում էր։ Տղաներն ասացին, որ առանց նրա գյուղից դուրս եկողը չեն։ Սեպտեմբերի 21-ին մեզ համար հաց բերեցին ու նորից Խնապատ վերադարձան։ Մի քանի օր հետո բոլորը միասին եկան օդանավակայան․ այնքան երջանիկ էինք, որ ողջ ու առողջ ենք բոլորս։ Տեղափոխվեցինք Ստեփանակերտ՝ բարեկամի տուն։ Արցախի հայաթափման մասին լուրեր էին պտտվում արդեն։ Այդ ընթացքում մի քանի ժամով գնացինք գյուղ՝ հագուստ և կարևոր փաստաթղթերը վերցնելու։
Հրանտն անընդհատ ասում էր՝ մի քանի օրից հետ ենք վերադառնալու։ Նա չէր ուզում հավատալ, որ կորցնում ենք Արցախը։ Մեր տան պատին ընտանեկան նկար ունեինք․ ինչքան ասացի՝ չվերցրեց, թեև զգում էր, որ ես ցավ եմ ապրում այդ պահին․․․
Սեպտեմբերի 25-ին Նորան չգիտեր, որ վերջին անգամ է տեսնում ամուսնուն
-Սեպտեմբերի 25-ին լսում ենք, որ վառելիք են բաժանում։ Հրանտը մեր բարեկամների հետ դուրս է գալիս տանից և գնում վառելիքի փնտրտուքների։ Հասնում են Ասկերան, սակայն դատարկաձեռն հետ դառնում։ Այդ օրը, սակայն, նա ինձ հաճելի անակնկալ է մատուցում։ Ներս է մտնում և ինձ տալիս մեր ընտանեկան մեծ նկարը, որի համար, վտանգելով կյանքը, Ասկերանից հասել է Խնապատ․․․
Կեսօրից հետո եղբայրներով կրկին դուրս են գալիս վառելիք գտնելու։
Ժամեր հետո պայթյունի ահավոր ձայն լսեցինք։ Այդ ժամանակ տեղատարափ անձրևն ավելի էր ուժգնացել կայծակի ու որոտի հետ։ Գիտակցում էինք, որ սարսափելի բան է տեղի ունեցել։ Մեզ զանգում են և ասում, որ Արսենը չի երևում։ Հարևանի մեքենայով հասնում ենք հանրապետական հիվանդանոց։ Տղաներն այնտեղ չէին։ Այդտեղ ասում են, որ ով ինչով կարող է՝ թող օգնի բուժանձնակազմին ու վիրավորներին։ Ինձ թույլատրում են մտնել, և ես օգնում եմ կարեցածիս չափով․ վիրակապեր էի դնում, հատակը մաքրում․․․Միաժամանակ մերոնց էի փնտրում բոլոր սենյակներում, սակայն՝ ապարդյուն։ Հանկարծ Արսենն է մտնում, գրկում ինձ ու ասում՝ Հրանտին չեն գտնում։ Այդ պահին գետինը չեմ զգում ոտքերիս տակ։ Սկսում ենք տարբեր հիվանդանոցներ գնալ։ Ոչ մի տեղ նրան չենք գտնում։ Ոչ մի ցուցակում նրա տվյալները չկային։ Հաջորդ օրը ամուսնուս հայրը կրկին գնում է դեպքի վայր։ Երբ գալիս է տուն, չի կարողանում լացը զսպել ու ասում է․ «Այդ դժոխքից ոչ ոք չի կարող փրկվել։ Այնտեղ հնարավոր չի, որ մարդ ողջ մնա»։ Մյուս օրը մեզ կանչում են քննչականից, լուսանկարներ ցույց տալիս, սակայն Հրանտն այդ նկարներում չկար։
․․․Արցախը գրեթե հայաթափվել էր։ Սեպտեմբերի 28-ին մեր ընտանիքը դուրս է գալիս Ստեփանակերտից ու հասնում Գորիս։ Գորիսում, հետո նաև Երևանում մենք շարունակում ենք փնտրտուքները։ Ամեն ինչ իզուր էր։ Մղձավանջային օրերը, որ անցկացրինք այդ ընթացքում, ես երբեք չեմ կարող մոռանալ։ Հեռախոսի ամեն մի զանգից վեր էի թռչում՝ մտածելով, որ գուցե մի բարի լուր լսեմ։ Վառելիքի պայթյունից ուղիղ մեկ ամիս հետո՝ հոկտեմբերի 25-ին, ինձ զանգում են և հայտնում, որ ԴՆԹ-ն հաստատվել է։ Մեկ օրվա մեջ պետք է որոշեինք մեր հետագա քայլերը։ Հրանտի ծնողներն ու ես որոշեցինք նրա աճյունը տեղափոխել Ռուսաստան, քանի որ ինքներս պետք է այնտեղ բնակություն հաստատեինք։ Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Ռոստով քաղաքում հողին հանձնեցինք Հրանտին։
Ռուսաստանի հենց այդ քաղաքի մի փոքրիկ բնակավայրում են ծանոթացել Հրանտն ու Նորան։ 2016-ին էր։ Բոլորովին պատահական հանդիպեցին ընդհանուր բարեկամի տանը և երիտասարդների միջև զգացմունք ծնվեց, որը հիմք դարձավ գեղեցիկ ընտանիքի ձևավորման։ Նորայի ու Հրանտի երջանիկ պատմությունը, ցավոք, կարճ է տևել
-Ճակատագրի բերումով հենց այդ քաղաքում ենք ծանոթացել, և նույն ճակատագիրն այնպես է արել, որ այստեղ իր վերջին հանգրվանը գտնի Հրանտը։ Չգիտեմ՝ ինչպես որակեմ այդ ճակատագիր ասվածը։ Անգութ ու դաժան նախախնամություն ոչ միայն Հրանտի, այլև հարյուրավոր անմեղ մարդկանց նկատմամբ։
Ամիսներ հետո ծնվեց մեր տղան՝ Լեոն։ Նրան կոչեցի Հրանտի սիրած ֆուտբոլիստի անվամբ։ Այդ անունը շատ էր սիրում և միշտ երազում տղային այդպես կոչել։ Շատ էինք սպասում մեր որդու ծնվելուն, ուրախանում էր, որ տղա է ծնվելու։ Էլինան անընդհատ հոր անունն է տալիս, կարոտում, անվերջ տեսնում երազներում։ Ես իմ մեջ ուժ եմ գտել ու նրան բացատրել, ասել ճշմարտությունը։ Նա գիտի, որ հայրը երկնքում է ու այնտեղից հսկում է մեր խաղաղ անդորրը։ Երբեմն տեսնում եմ, թե ինչպես է չորսամյա աղջիկս փոքրիկ եղբորը փորձում բացատրել, որ իրենց հայրիկը Աստված պապիկի երեխան է դարձել․․․ Ինձ համար այնքան ծանր է տեսնել, թե փոքրիկներս ինչպես են առանց հայր մեծանում, սակայն անզոր եմ լրացնել նրա պակասը։ Թեև իմ կողքին են ամուսնուս և իմ հարազատները, սակայն միևնույն է՝ թևերս կտրած թռչունի եմ նման։
Նորայի համար Հրանտը կյանքի այն ընկերն էր, ում հետ կարող էր վստահորեն առաջ քայլել ու միշտ զգալ, որ թիկունքն ամուր է
-Չափազանց հանգիստ ու խաղաղ բնավորություն ուներ, միաժամանակ ուժեղ էր, վճռական։ Սիրում էր՝ մարդկանց պաշտպանել, միշտ լավը խոսել։ Հրանտի հետ ես միշտ ինձ պաշտպանված էի զգում և հոգուս խորքում Աստծուն փառք տալիս, որ հենց նրան եմ հանդիպել իմ կյանքում։ Հոգատար հայր էր, նվիրված զավակ ու ամուսին։ Շատ էր սիրում հայրենի գյուղն ու Արցախը։ Մինչև հիմա ականջներիս մեջ են նրա խոսքերը, երբ ասում էր՝ չեմ ուզում հեռանալ Արցախից, ես այդ կարոտին չեմ դիմանա։ Իսկ երբ հասկացավ, որ տեղահանությունն անխուսափելի է, ասաց՝ գոնե ամենավերջինը դուրս գանք․․․
Հրանտի ուսուցչուհի Սուրայա Ղազարյանը կսկիծով է հիշում Հրանտին, թվարկում նրա մարդկային արժանիքները։ Հրանտ Հախումյանը նրա լավագույն սաներից էր
-Խելացի, համեստ, պարտաճանաչ աշակերտ էր Հրանտը։ Ցանկացած առաջադրանք պատրաստակամությամբ էր կատարում։ Սիրում էր գիրք կարդալ, առանձնապես խորանում էր պատմավեպերի ընթերցանության մեջ։ Կարգապահ էր, վստահելի, ազնիվ։ Թե՛ ուսուցիչների, և թե՛ ընկերների շրջապատում սեր ու հարգանք էր վայելում։ Նրա գեղեցիկ ընտանիքով մենք հիանում էինք և ուրախանում, որ մեր սաներն իրենց տեղն են գտել հասարակության մեջ։ Ցավոք, 2023-ի սեպտեմբերը ամեն ինչ տակնուվրա արեց։ Մենք կորցրինք մեր լավագույններին։ Ցավում եմ, որ այսօր իմ աշակերտի մասին անցյալով եմ խոսում։ Նա և մյուս իմ սաները իշխանությունների վարած ոչ ճիշտ քաղաքականության պատճառով դարձան անմեղ զոհեր։ Ո՞վ և ինչպե՞ս պետք է պատասխան տա նրանց ծնողներին, կանանց ու երեխաներին։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ