Կորցրեցինք Արցախն ու մեր լավագույն տղաներին․ Մասիս Սուլեյմանյան
Գլխավոր » Գաղափարական » Կորցրեցինք Արցախն ու մեր լավագույն տղաներին․ Մասիս Սուլեյմանյան

Կորցրեցինք Արցախն ու մեր լավագույն տղաներին․ Մասիս Սուլեյմանյան

2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, Մասիս Սուլեյմանյանն աշխատանքի վայրում էր՝ «Արցախէներգո» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղում։ Առաջին ռմբակոծություններից հետո նա անմիջապես ներակայացել էր շրջվարչակազմ շրջանի Քաղպաշտպանության  էներգետիկայի և լուսաքողարկման ծառայության պետն էր։

Վարչակազմում իրարանցում էր բոլորը հավաքվել էին՝ իրավիճակը վերլուծելու և հետագա գործողությունները կազմակերպելու համար։

-Արդեն խոսակցություն էր գնում, որ մեր դիրքերից մեկում  նահանջ կա, և անհրաժեշտություն է այնտեղ ուժերը համալրելու։ Արագ կազմակերպվեց զենքի բաժանման գործընթացը, 8-10 հոգով մեր ընկերներից մեկի՝ Կոմիտասի մեքենայով մեկնեցինք «Կարվին» կոչվող տեղամաս, որտեղից էլ շարժվեցինք դեպի «Կոհակ» դիրքի ուղղությամբ։ Թշնամին գրավել էր «Կոհակ»-ը, դիրքավորվել այնտեղ։ Մոտ 15 հոգով հասցրել էին առաջանալ դեպի Կարվինի կողմը՝ դիրքավորվելով մի այլ բարձունքում ևս։ Որոշ ժամանակ անց մեզ հաջողվել է հետ վերցնել այդ բարձունքը, սակայն «Կոհակ»-ը մնացել է նրանց վերահսկողության տակ։ Այդ ընթացքում երկու զոհ ենք ունեցել։ Գոռը և Լենսերը զոհվել են բարձունքը հետ վերցնելու մարտում։ Ցավոք, երկու զոհ էլ ունեցանք բարձունքը վերցնելուց հետո, երբ արդեն դիրքավորվել էինք այդտեղ։ Զոհվեցին Ազնավուրը և Սևակը։

Մեկ օր տևած պատերազմը մեզանից խլեց հարյուրավոր տղաների, ովքեր անձնվիրաբար էին կռվում։ Մենք նայում էինք մահվան աչքերին և կռվում անհավասար ուժերի դեմ։ Ազնավուրը կապվել էր հրամանատարության հետ ու նոր ուժեր պահանջել, որ կարողանանք պահել մեր վերցրած դիրքը։ Բավականին մութ էր, երբ օգնությունը տեղ հասավ․ տղաներն արդեն զոհվել էին,- պատմում է պատերազմի վկան։

Մասիս Սուլեյմանյանը 17 տարեկան էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը: Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող էր, ակտիվ ներգրավված էր հարազատ շրջանի պաշտպանական գործողություններին: Արցախյան շարժման եւ պատերազմի մասին չի սիրում խոսել:

Խոսելով սեպտեմբերի 19-ի օրվա մանրամասների մասին, վերապրում է ամեն մի պահը։ Զգացվում էր, որ ծանր է նրա համար խոսել, վերհիշել։ Արցախյան բոլոր պատերազմների մասնակիցն իր վերջին մարտն է տվել՝ արժանապատվության մարտը։ Ցավոք, որին հաջորդել է Արցախի կորուստն ու  հայաթափումը․․․

-Կռվում էինք ունեցած ուժերով, հնարավորինս դիմադրում գերազանցող թշնամուն։ Չգիտեմ՝ այդ ինչ ուժ էր, որ կար մեր մեջ։ Տարբեր սերունդներ էինք հավաքվել, և բոլորս մի նպատակ ունեինք՝ ամեն գնով պահել դիրքը, որ թշնամին չկարողանա մտնել Մարտունի։ Տղաները զոհվեցին իմ աչքի առաջ, զոհվեցին հերոսաբար։

Երբ վերադարձանք Մարտունի, այդ օրերը ծանր ու դաժան օրեր էին բոլորիս համար։ Մարտունին լրիվությամբ կտրված էր Ստեփանակերտից։ Սեպտեմբերի 25-ին բնակչությունը սկսեց տարհանվել և տեղափոխվել Ստեփանակերտ, որտեղից էլ արդեն՝ Հայաստան։ Կորցրեցինք Արցախն ու մեր լավագույն տղաներին,- եզրափակում է խոսքը Մասիս Սուլեյմանյանը և լռում երկար․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1