Մեր ցավը նյութականը չէ, այլ՝ ապրած կյանքը և մեր հողը, որտեղ բացարձակ երջանիկ էինք
Մեդինա Մեժլումյանի համար Արցախի հայաթափումն ու գաղթի ճանապարհը մշտարթուն ցավ է․․․ Անգամ այն պահերին, երբ ուրախանում, ծիծաղում և տարբեր միջոցառումների է մասնակցում, միևնույն է՝ այդ ցավն իրեն զգացնել է տալիս։ Մեդինայի ընտանիքը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում է հաստատվել․ տեղահանվել են Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից։
Երբեք չէր կարող պատկերացնել, որ կլքի հարազատ գյուղը․ ամենացավալին ընտանեկան ալբոմներն են, որ թողել է տանը
-Ցավալի արտահայտությունով եմ սկսելու մեր զրույցը։ Բաքվից մի փախստական, ում հետ ծանոթացել եմ այստեղ, մի արտահայտություն է արել՝ ասելով, որ տեղի բնակչության համար դուք միշտ մնալու եք որպես փախստական, ու այդ պիտակը ձեր ճակատին կպցրած է լինելու ընդմիշտ։ Ասել է՝ ելնելով իր սեփական փորձից։ Այդ խոսքերն ազդել են ինձ ու երկար մտածելու տեղիք տվել։ Երբ կարդում էինք, որ Վանից մազապուրծ փրկված տատը մինչև իր մահվան վերջին օրը կորցրած հայրենիքից, եղբայրներից կամ քույրերից էր խոսում, երբեք չէինք պատկերացնում, որ ինքներս կդառնանք այդ տատիկը։
Գյուղից դուրս ենք եկել սեպտեմբերի 19-ին, կեսօրին մոտ ու տեղափոխվել Ստեփանակերտի օդանավակայան։ Հանգամանքներն այնպես են դասավորվել (հիմնականում վառելիքի բացակայությունն էր պատճառը), որ ես այլևս մեր գյուղ ոտք չեմ դրել։ Տանից դուրս եմ եկել բոլորովին դատարկաձեռն՝ վերցնելով միայն փաստաթղթերը։ Ինձ համար ամենացավալին մեր ընտանեկան ալբոմներն են, որ մնացել են տանը։ Գլխիցս դուրս չի գալիս դա, և կարելի է ասել, որ այն ինձ մոտ հոգեբանական տրավմայի պատճառ է դարձել։ Այդ ալբոմների մեջ իմ երեխաների ողջ մանկությունն էր, իմ ընտանիքի ամեն մի քայլը։ Դեռևս 2016-ին էի մեր նկարները հավաքել մի մեծ տուփի մեջ և պահում էի խնամքով։ Անգամ 2020-ին հաջողվել է այն հասցնել Հայաստան ու նորից հետ տանել գյուղ։ Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ին, չգիտեմ ինչու, այդպես ստացվեց։ Երբ պատերազմը սկսվեց, ես դպրոցում էի։ Սկսվեց մի մղձավանջ, բոլորս իջանք դպրոցի ապաստարան, որը չի կարելի ապաստարան անվանել։ Երեխաները լացում էին, փոքրերը ծնողներին կանչում։ Կապի միջոց չկար, խուճապահար էին մեծ, թե փոքր։ Որոշ ժամանակ այդտեղ մնալուց հետո դուրս եկանք նկուղից ու վազեցինք տուն, իսկ հետո՝ Ստեփանակերտի օդանավակայան։ Սեպտեմբերի 25-ին ենք դուրս եկել Արցախից։ 6 հոգով տեղավորվել էինք մեր փոքր մեքենայի մեջ։ Երեք օր ճանապարհ անցնելուց հետո հասել ենք Հակարի, որի սարսափը նկարագրելու կարիք չկա։ Անզեն հայտնվել ենք անկանխատեսելի թշնամու կողքին․ մեր ձեռքի միակ զենքը պանրի դանակն էր, այն էլ շպրտել էինք ճանապարհին։
Հայաստանում ստացած առաջին տպավորությունը Մեդինայի հոգում ջերմություն է թողել
-Երբ հասանք Մայր Հայաստանի տարածք, իմ առաջին տպավորություններն այնքա՜ն հուզիչ էին, որ ցանկանում եմ անպայման անդրադառնալ։ Այնպես է ստացվել, որ կամավորական խմբերից մեզ ոչ ոք չի դիմավորել․ երևի ժամն էր պատճառը։ Փոխարենը մեզ հանդիպել են լցակայանի աշխատող տղաները․ անգամ չեմ հիշում բենզինի, թե գազի լցակայան էր։ 2 ցածրահասակ տղա՝ երևի հազիվ 17-18 տարեկան, մեզ տեսնելուն պես վազեցին ընդառաջ։ Մենք պատահական ավտոբուսով ենք հասել այդտեղ, որովհետև մեր մեքենան փչացել էր ճանապարհին։ Մեզ միացել էին նաև մեր հարազատները․ արդեն ավելի քան 10 հոգի էինք։ Պարզ է, որ չէինք կարող մնալ որևէ վճարովի հյուրանոցում, իսկ անվճարներն արդեն զբաղված էին։ Տղաները մեզ տրամադրեցին փայտե վառարանով տաքացվող իրենց հատկացված փոքրիկ սենյակը։ Հետո վազեցին մոտակա խանութ, քաղցրավենիք և սնունդ գնեցին մեզ համար։ Մեկ օր մեզ պահեցին այդտեղ՝ թե ինչպիսի սրտացավությամբ, չեմ կարող նկարագրել։ Երբեք չեմ կարող մոռանալ այդ տղաների վերաբերմունքը։
Լոռու մարզում պատահական են հայտնվել․ լոռեցիների անմիջականությունը, պարզությունը, Լոռու աննկարագրելի ու շքեղ բնությունը հիշեցնում է Արցախը և արցախցիներին կապում Լոռվա հետ
-Ընդհանրապես չեմ ուզում խոսել բացասական երևույթների մասին, որովհետև դրականն ավելի շատ է, քան բացասականը։ Լոռու մարզում հայտնվել ենք պատահական, քանի որ մեզ համար մատչելի չէր Երևանն իր հարակից բնակավայրերով։ Մի քանի օր հարազատի տան ապրելուց հետո տեղափոխվել ենք Ստեփանավան։ Քաղաք, որի մասին ունեցածս տեղեկությունը սահմանափակվում էր հետևյալ նախադասությամբ .<<Թումանյանը սովորել է Ջալալօղլի (ներկայումս` Ստեփանավան) քաղաքում: Ստեփանավանից միայն լավը կարող եմ ասել, միայն լավն եմ տեսել։ Ինձ համար բոլորովին անծանոթ այդ քաղաքում ձեռք եմ բերել նոր ընկերներ, որոնք ինձ համար հավետ հարազատ են դարձել։ Ինձ օգնության ձեռք են մեկնել բոլորովին անծանոթ մարդիկ։ Ստեփանավանը մի փոքր ու ցուրտ քաղաք է, որտեղ ապրում են աշխարհի ամենաջերմ ու սրտացավ մարդիկ։ Հիմնականում սակավակարող են, կամ միջին ապրուստի տեր, փոխարենն ունեն մեծ սիրտ։ Անցած ուսումնական տարում իմ երեխաները հաճախել են Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց, որի ուսուցչական կոլեկտիվն առանձնահատուկ պարգևատրման է արժանի։ Ուսուցիչներն արցախցի երեխաների հանդեպ ունեն հատուկ վերաբերմունք, որի արդյունքում մեր երեխաները լավ էին զգում նոր կրթօջախում։ Ստեփանավանում ցանկանում էին, որ արցախցիներս մնանք այդտեղ ու նպաստենք քաղաքի զարգացմանը։ Սակայն աշխատատեղերի բացակայության պատճառով մեր ընտանիքն ստիպված տեղափոխվեց Վանաձոր։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ուղեգրով աշխատանքի եմ անցել Փամբակ համայնքի Լեռնապատի միջնակարգ դպրոցում։ Կոլեկտիվն ինձ վրա դրական տպավորություն է թողել առաջին իսկ օրվանից։ Մեր միջև անմիջական ու ջերմ հարաբերություն է ստեղծվել։ Ակտիվ և աշխույժ դպրոց է՝ բավականին առաջադեմ, զարգացած և միջոցառումներով հարուստ։ Տնօրենը ուսումնական հաստատության իսկական ղեկավար է ու արժանի իր վարած պաշտոնին։ Այդ դպրոցն ինձ Խնապատի մեր դպրոցն է հիշեցնում, և ես կատակով միշտ ասում եմ՝ Խնապատից Լեռնապատ․․․ Երևի ճակատագիրն է ինձ ուղարկել այստեղ։ Թե ինչ կլինի հետագայում՝ չգիտեմ, որովհետև հոգու խորքում զգում եմ, որ սա մեր վերջին կանգառը չէ։ Մի բան հստակ կարող եմ ասել, որ մեր ընտանիքը մտադրություն չունի Հայաստանից հեռանալու։ Եթե վերադարձի հնարավորություն լինի, ապա միայն Արցախ կգնանք այստեղից։
Մեդինան շատ էր վիրավորվում ինտեգրում բառից, սակայն հասկացավ, որ այն անհրաժեշտություն է
-Սկզբից շատ էի վիրավորվում ինտեգրում բառից։ Դա ինձ հիշեցնում էր այն ժամանակները, երբ ասում էին, որ պետք է Արցախն ինտեգրվի Ադրբեջանի հետ։ Եվ Հայաստանում ցավալիորեն ծանր էի տանում այդ բառը․ ինչպե՞ս կարող է հայը ինտեգրվել հայի հետ։ Իհարկե, սկզբնական շրջանում շատ էինք վիրավրովում, խոցվում։ Ամենից շատ ինձ վիրավորում է, երբ մեկ-մեկ ասում են՝ ի՜նչ լավ եք տիրապետում գրական հայերենին։ Իսկ ինչպե՞ս կարող է արցախցին չտիրապետել իր լեզվին՝ հայերենին։ Ծնվել ու մեծացել եմ հայկական ընտանիքում, հաճախել ազգային դպրոց, մայրս հայոց լեզվի ուսուցչուհի էր, և մեր տան հարստությունը գրքերն էին։ Ողջ կյանքս անցել է այդ գրքերի ընթերցանության մեջ․․․
Հետո հասկացա, որ էմոցիոնալ հողի վրա էին իմ զգացումները։ Ժամանակի ընթացքում, հատկապես Ստեփանավանից հեռանալուց հետո, հասկացա, որ դա հենց այնպես չի ասված, և ինտեգրումն անհրաժեշտություն է մեզ համար։ Հայաստանը միանշանակ համարում եմ իմ հայրենիքը։ Բայց չմոռանանք, երբ մարդ մի թաղամասից մեկ այլ թաղամաս է տեղափոխվում կամ ամուսնանում, ապա ինտեգրման կարիք է ունենում՝ ելնելով տարածքի, շրջապատի առանձնահատկություններից։ Ինտեգրման համար ինքներս պետք է օգնենք մեզ և ընդունենք նաև դիմացինի օգնությունը։ Չկենտրոնանանք բացասական երևույթների վրա և չզարմանանք որևէ մեկի վերաբերմունքից․ չէ՞ որ ինքներս էլ կարող ենք այդպիսին լինել որևէ մեկի հանդեպ։
Դեռևս չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ․ Մեդինան բնակապահովման և 50 հազար դրամ աջակցության ծրագրերը համարում է թերի, ոչ ճիշտ մշակված
-Ես կարծում եմ, որ արցախցիներիս առնվազն 2-3 տարի է պետք, որ կարողանանք ինտեգրվել, աշխատանք գտնել, և որ ամենկարևորն է՝ հոգեպես վերականգնվել։ Հոգեպես ջախջախված ենք։ Չեմ ընդունում, որ ասում են՝ արցախցին ծույլ է, չի ուզում աշխատել։ Ո՛չ, արցախցին աշխատասեր է և քարից հաց քամող։ Ուղղակի չենք կարողանում ուշքի գալ, իսկ դրա համար ժամանակ է հարկավոր։ Մենք ահավոր կորուստներ ենք ունեցել, ոչ բոլորին է հաջողվել ողջ ու առողջ դուրս գալ Արցախից։ Եվ շատ դժվար է նայել կորուստ ունեցող մարդկանց աչքերին ու սփոփանքի խոսքեր գտնել։
Իմ ընտանիքը բազմաթիվ խնդիրների առջև է կանգնած։ Ինձ հետ ապրում են նաև թոշակառու ծնողներս, ովքեր ունեն դեղորայքի ու մշտական բուժօգնության կարիք։ Երեխաներս շուտով ավարտում են դպրոցը։ Նրանք հազարավորներ արցախցի երեխաների նման զրկված են բարձագույն ուսում ստանալու հնարավորությունից, որովհետև մենք վճարունակ չենք։ Վախեցնող ու ահավոր խնդիրներ են սպասվում մեզ։ Եթե 50 հազար աջակցության ծրագիրն ավարտվի և մնանք միայն չնչին աշխատավարձի հույսին, ապա չգիտեմ՝ մեզ ինչ է սպասվում։ Ի դեպ, մեր տանը միայն ես եմ աշխատանք գտել։
Ինչքան էլ համոզենք մեզ, ուժ տանք, միևնույն է՝ չենք կարող մեր անցած ուղին մոռանալ, ինքներս մեզ թաղել։ Մենք ամբողջ հոգով Արցախում ենք։ Ինձ սարսափեցնում է հորս ասած խոսքերը, երբ նոր էինք եկել Հայաստան։ Նա երանի էր տալիս հայրենի հողում մնացածներին՝ ասելով՝ ես էլ պիտի մեռնեի ու մնայի այնտեղ․․․
Նա 80 տարեկան է, չի կարողանում հարմարվել իրականությանը։ Երբեք հայրական տնից այն կողմ չի ապրել ու իր կյանքը Խնապատից դուրս չի պատկերացրել, թեև բոլոր եղբայրները վաղուց էին հեռացել Արցախից։ Նա միշտ ասում էր՝ բա հորս գերեզմանն ո՞ւմ թողնեմ․․․ Եվ դա մեր բոլորիս էությունն է։ 2020-ից հետո, ով վերադարձել է Արցախ ու շարունակել իր գործը, տանը մի քար ավելացրել, ապա նա հերոս է։ Հերոս են բոլոր նրանք, ովքեր 2023-ի սեպտեմբերին ստիպված անցել են Հակարի կամուրջը։
Ասում է՝ մեր ցավը նյութականը չէ, այլ ապրած կյանքը և մեր հողն է, որտեղ բացարձակ երջանիկ էինք
-Կուզենայի, որ բոլորը հասկանան՝ մեր ցավը նյութականը չէ, որ մնացել է Արցախում։ Մեր ցավը մեր տները, գույքը, մեքենաները և ոչ էլ բարձր աշխատավարձերն են, որի մասին շեշտվում է հաճախակի։ Մեր ցավը մեր այնտեղ թողած կյանքը և մեր հողն է, որտեղ բացարձակ երջանիկ էինք։ Ես համոզված չեմ, որ իմ տունը կանգուն է, բայց եթե հնարավորություն լինի վերադառնալու, ապա ես վերադարձողների մեջ առաջինը կլինեմ։ Տարիներ առաջ հոդված էի գրել Խրամորթ գյուղի մասին ու այն վերնագրել <<Մոխրից տուն շինողները>>։ Ես համաձայն եմ մոխրից տուն կառուցել, լինել հարազատներիս ու հարևաններիս կողքին։ Ծանր եմ տանում, որ սփռվել ենք տարբեր տեղեր, և չեմ գտնում, որ ժամանակը բուժում է մեր վերքերը։ Ընդհակառակը՝ ժամանակը մեզ ավելի է հեռացնում և օտարացնում իրարից։
Հաճախակի են հարցնում՝ կգնա՞ք Արցախ ու կապրե՞ք թշնամու հետ։ Այդ հարցից ես ցնցվում եմ․ ապրելու լինեի՝ կմնայի այնտեղ։ Տարօրինակ հարցեր են երբեմն հնչում։ Զարմանալին այն է, որ հարց տվողները չեն հասկանում իրենց ասածի իմաստը։ Չեն հասկանում, որ անհնարին է ապրել թշնամու հետ։ Չեն հասկանում՝ ինչքան դաժան է, երբ հայրենիքիդ մի մասնիկը տեսնելու համար ստիպված ես նայել թշնամու տարածած տեսանյութերը, մանրակրկիտ ուսումնասիրել և հոգու խորքում մտածել, թե ինչո՞ւ չեն տեղադրում նաև քո գյուղից։ Եվ դա ոչ թե ողբերգություն է, այլ նվաստացում, որ թշնամիդ է քեզ հնարավորություն տալիս թեկուզ մի ծառ տեսնել քո ծննդավայրից։
Ուշադրություն եմ դարձնում սոցիալական ցանցերում արցախահայության տարածած այն հրապարակումներին, որտեղ անդրադառնում են հիմնականում 9-ամսյա շրջափակմանն ու դրա հետևանքով կրած դժվարություններին։ Այնպես է ստացվում, որ ասես Արցախի դժվարությունները միայն այդ 9 ամիսներին էին, այնինչ՝ Արցախը շուրջ 35 տարի մաքառել է, արցախցին ցանկացել է ապրել միայն իր հողում։ Այդ մասին պետք է միշտ շեշտվի։ Արցախցին դիմակայել է տարիներ շարունակ, ու այդ 9 ամիսներն արյան ծովի վերջին կաթիլն էին մեզ համար։
Մեդինան չի սիրում թաթախվել քաղաքականության մեջ
— Իմ ասպարեզը դպրոցն է ու իմ աշակերտները։ Ուղիղ 20 տարի աշխատել եմ Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ աշակերտել եմ 11 տարի։ 31 տարի այդ պատերի ներքո է անցել իմ կյանքը․ մանկություն, պատանեկություն, երիտասարդություն և հասուն տարիներ։ Առնվազն անհոգի պետք է լինի մարդ, որ չպատկերացնի այդ կորստի ցավը։ Իմ կյանքն իմ դպրոցն ու մանկավարժությունն էր։
Ինչո՞ւ չեմ սիրում թաթախվել քաղաքականության մեջ, որովհետև գտնում եմ, որ ինչ որ բանից խոսելու համար պետք է խորը գիտելիքներ ունենաս, լավ տեղեկացված լինես ու կարողանաս վերլուծել, դատողություններ անել և ճիշտ գնահատական տալ՝ ո՞վ է մեղավոր, ինչո՞ւ այդպես ստացվեց․․․ Անկախ ամեն ինչից, այդ շղթան հանգեցրել է այս ողբերգությանը, որի կրողը ժողովուրդն է։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ