Հունվարի 6-ը պետք է նշվի նաեւ «Հայոց պետականության» վերականգնման օր
Պատմական գիտությունների թեկնածու Տարոն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ <Պատմության այս օրը` 1992 թվականի հունվարի 6-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդը ընդունեց «ԼՂՀ պետական անկախության մասին հռչակագիրը», իսկ 827 տարի առաջ այս օրը՝ 1198 թ. տեղի ունեցավ եւս մեկ պատմական իրադարձություն՝ Կիլիկիան հռչակվեց հայկական թագավորություն:
Հ.Գ. Հունվարի 6-ը պետք է նշվի նաեւ «Հայոց պետականության» վերականգնման օր>:
1992 թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունեց ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը՝ դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ ավելի վաղ ընդունված այն իրավական ակտերը, որոնցով իրականացվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը ինքնուրույն որոշելու քաղաքական կարգավիճակը:
1992 թ. հունվարի 8-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նստաշրջանն ընտրեց հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավարին՝ Արթուր Մկրտչյանին։ Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվեց Օլեգ Եսայանը։
ԼՂՀ-ն հայտարարվեց անկախ պետություն, որի տարածքում պիտի գործեին ԼՂՀ Սահմանադրությունն ու օրենքները: Հռչակագրում այնուհետեւ ասված է, որ ԼՂՀ-ում ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին, նրա տարածքում ապրող բոլոր բնակիչները հանդիսանում են հանրապետության քաղաքացիներ, հանրապետության տարածքում թույլատրվում է երկքաղաքացիությունը, բոլոր քաղաքացիները գտնվում են ԼՂՀ-ի պաշտպանության տակ, երաշխավորվում են նրանց իրավունքներն ու ազատությունը` անկախ ազգային պատկանելությունից:
Հանրապետության ամբողջ տարածքի նյութական եւ հոգեւոր հարստությունները պատկանում են հանրապետությանը եւ նրա ժողովրդին: Հայրենիքը պաշտպանելու համար ստեղծվում են սեփական զինված ուժեր, եւ հանրապետության քաղաքացիները զինծառայություն են անցնում ԼՂՀ տարածքում: ԼՂՀ պետական լեզուն հայերենն է։