«Եթե Ադրբեջանը սանկցիաների վտանգ զգաց՝ հնարավոր է որոշակի հետքայլ կատարի և ազատ արձակի գերիներին». ԱՀ ՄԻՊ

Բաքվում պահվող հայ գերիները, պատանդները հայրենիք կարող են վերադառնալ միայն մեկ դեպքում, երբ Ադրբեջանի դեմ կիրառվեն պատժամիջոցներ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ խոսքելով Բաքվում պահվող պատանդների, գերիների խնդրի ու անելիքների մասին։
«COP29-ից առաջ որոշ լրատվամիջոցների տված հարցազրույցում ես նշել եմ, որ անձամբ հույս չունեմ, որ Ադրբեջանը կհանձնի մեր գերիներին։ Բայց միևնույն ժամանակ աջակցել ու մասնակից եմ եղել այդ ժամանակահատվածում միջազգային իրազեկվածության և միջազգային ճնշում գեներացնելու գերիների վերադարձի մասով։ Կարծում եմ՝ այդ գործընթացները չպետք է արվեին միայն այդ ժամանակահատվածում, այլ պետք է արվեն մշտապես, մինչև հնարավորություն կստեղծվի գերիների վերադարձի համար։
Միայն իրավական պրոցեսով այդ ամենին հասնելն անհնար է, սա միանշանակ քաղաքական հարց է, դրա համար իրավապաշտպանները շատ ժամանակ Բաքվում պահվող հայերին չեն բնութագրում որպես ռազմագերի կամ այլ կարգավիճակ ունեցող մարդիկ, քանի որ մեր հայրենակիցները Բաքվում պահվում են Ադրբեջանի կողմից քաղաքական որոշակի նպատակահարմարության կամ որոշակի զիջումներ Հայաստանից ստանալու համար։ Մենք այս պարզ ճշմարտությունը պետք է տեղ հասցնենք»,- շեշտեց նա։
Գեղամ Ստեփանյանը դրական գնահատեց COP29-ից առաջ տեղի ունեցած արշավը՝ նշելով, որ բավականին լայն իրազեկում ապահովեցին, այդ թվում՝ տարբեր երկրներում լոբբիստական կազմակերպություններ ներգրավելով, նաև՝ կրոնական կազմակերպությունների։ Սակայն, եթե այդ լայն արշավը չի հանգեցրել հայ գերիների, պատանդների վերադարձին, սա, ըստ նրա՝ չի նշանակում, որ պետք է դադարեցնեն արշավը։
«Ադրբեջանն ամեն պահի պետք է հասկանա, որ այս հարցն իր համար գլխացավանք է դարձել, ու փորձի լուծել այն։ Իսկ այդ ամենին հնարավոր է հասնել ամբողջական ջանքերի շնորհիվ։ Մենք տեսնում ենք, որ իրավական դաշտում գերիների մասով կա աշխատանք, կոնկրետ հայցերի շրջանակում, սակայն քաղաքական դաշտի վերաբերյալ տվել եմ իմ գնահատականը, որ ակտիվություն ու կոնկրետ աշխատանք տեսանելի չէ։ Մենք մեր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում չենք լսել նրանց կողմից, որ ՀՀ իշխանությունն այս հարցը որևէ հանդիպման ժամանակ բարձրաձայնում է»,- շեշտեց Գ. Ստեփանյանը։
Միաժամանակ նա ընդգծեց՝ հայ գերիների, պատանդների ազատ արձակումը միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի պահանջ է։
«Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանն այս ամենը կատարելու համար մի բան է ուզում դրա դիմաց, չեմ կարող ասել, թե ինչ է ուզում, բանակցություններից տեղյակ չեմ։ Եթե խոսում ենք իրավունքի տեսանկյունից, այդ մարդիկ արդեն իսկ հայրենիքում պետք է լինեին, բայց տեսնում ենք, որ այստեղ իրավունքը չէ, այլ քաղաքական նպատակահարմարությունն ու շահերն են։ Մեկ կարևոր հանգամանք, եթե Ադրբեջանը զգաց, որ այս գործողությունները հանգեցնում են իր նկատմամբ սանկցիաների, հնարավոր է՝ որոշակի հետքայլ կատարի և ազատ արձակի գերիներին»,- եզրափակեց Գեղամ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ այս պահին Բաքուն հաստատում է, որ Ադրբեջանում պահվում են 23 գերիներ, որոնցից 8-ը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Մինչդեռ բազմաթիվ իրավապաշտպաններ պնդում են, որ Բաքվում ավելի մեծ թվով հայեր են պահվում, որոնց թիվն այնտեղից չեն հաստատում։