Կոչ է ընդունվել ՄԱԿ-ի անդամ երկրներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ճանաչել Արցախի անկախությունը և նրա Սահմանադրությունը

Արցախի Ազգային ժողովն այսօր հրավիրել է արտահերթ նիստ՝ 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեի և 2006 թվականին Սահմանադրության ընդունման կապակցությամբ։
Կոչ է ընդունվել ՄԱԿ-ի անդամ երկրներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ճանաչել Արցախի անկախությունը և նրա Սահմանադրությունը։
Նիստին հրավիրված են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիլեյանը վստահ է՝ Արցախի հարցը փակված չէ: Այն, ինչ տեղի ունեցավ անցած տարվա սեպտեմբերի 19-20-ին, էթնիկ զտումներ էին, ցեղասպանություն: «Դրա պատճառով հայրենազրկվեցին ու տնավեր դարձան մեր հայրենակիցները: Մեր պարտքն է, որ աշխատենք այս ուղղությամբ: Պիտի ձեռնարկենք բոլոր քայլերը, որպեսզի արցախահայերի վերադաձի իրավունքն օրակարգային հարց դառնա»,- ասաց Դանիելյանն ու հավելեց՝ արցախցիների իրենց հայրենիք վերադարձի մնասին խոսում են միջազգային մի շարք պաշտոնյաներ:
Դանիելյանի խոսքով՝ դրա մասին չեն խոսում ու լռում են ՀՀ ներկա իշխանություններից: Ինչ վերաբերվում է այսօր Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած փակ նիստին՝ Դանիելյանը նշեց՝ կարևոր ուղերձներ են քննարկվել, որոնք փոխանցվելու են միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահ երկրներին: