2023-ի սեպտեմբերը կրկին կանգնեցրեց տեղահանության փաստի առաջ
Արցախից տեղահանվելուց հետո Եղիշե Ղահրամանյանի ընտանիքը հաստատվել է Կոտայքի մարզի Պտղնի գյուղում։ Ղահրամանյաններն Ասկերանի շրջանի Սղնախ գյուղից են, որի 2020-ի անկումից հետո, հարազատ Սղնախին մոտ լինելու համար նրանք տեղափոխվել ու բնակվում էին Շոշ գյուղում։ Կորսված գյուղին մի փոքր հեռվից նայում ու կարոտ էին առնում։ Եղիշեն համայնքի ղեկավարն էր, 2020-ի 44-օրյա պատերազմում վիրավորում ստանալուց հետո ապաքինվել և մինչև տեղահանությունը զբաղեցնում էր այդ պաշտոնը՝ համախմբած պահելով Արցախով մեկ ցրված իր համագյուղացիներին։
Արցախից դուրս է եկել հոկտեմբերի 1-ին, ծնողներին մի քանի օր առաջ էր ուղարկել Հայաստան։
-Հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտում արդեն ադրբեջանցիներ կային, որոնք անարգել քայլում էին քաղաքում, մտնում հիմնարկներն ու խանութները։ Ծանր էր տեսնել, թե ինչպես է իրեն տեր զգում թշնամին քո հայրենիքում։ Եթե այդպես էր լինելու, ինչո՞ւ այնքան զոհ տվեցինք, ինչո՞ւ այնքան մանուկներ որբացան․․․Ո՞վ է տալու այդ հարցերի պատասխանները․․․
Տեղահանության դաժանությունը զգացել էի 2020-ին, երբ թշնամու տիրապետության տակ անցավ մեր գյուղը՝ մոտակա մի քանի գյուղերի հետ միասին։ Մեզ համար չափազանց ծանր էր ընդունել դա, չէինք կարողանում համակերպվել, որ թշնամին արցախյան մեր պատմական գյուղերում է։ Ախր մեր ձորակում թուրքը երբեք ոտքի չի դրել․․․Հետո հասկացանք, որ պետք է ընդունել իրականությունը։ Մեր գյուղացիները սփռվեցին տարբեր տեղերով մեկ, բայց իրար միջև կապը կայուն մնաց։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա կապ ենք պահպանում իրար հետ։
2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ պատերազմը սկսվեց, ես գյուղում չէի։ Աշխատում էի գյուղից դուրս։ Լուրերը հասել էին, որ Շոշում իրավիճակը չափազանց ծանր է, խուճապահար մարդիկ չգիտեն՝ ինչ անեն, ոնց փրկվեն։ Հրետակոծությունները ընդհանրապես չէին դադարում։ Մինչև կեսօր կապը կար գյուղի հետ, հետո՝ կտրվեց։ Շտապ հետ եմ դառնում գյուղ, սակայն ռուսական անցակետում չեն թողնում մտնել գյուղ՝ ասելով, որ այնտեղ շատ վտանգավոր է։ Բայց քիչ հետո մի կերպ հասնում եմ մինչև դպրոցի շենքը, որը գյուղի սկզբնամասում էր։ Արդեն գիտեի, որ բնակչությունը պատսպարվել է այդտեղ։ Հաջողվում է մարդկանց ուղարկել Ստեփանակերտ։ Մի քանի օր հետո հարազատներիս ուղարկում եմ Հայաստան, հետո ես ևս միանում նրանց,- պատմում է Եղիշե Ղահրամանյանը։
Սղնախի համայնքի նախկին ղեկավարը հիշում է, թե ինչպիսի հույս ու հավատով էին Սղնախի, Ջրաղացների, Մադաթաշենի և Մոշխմհատի բնակչության համար նոր բնակավայր կառուցում Աստղաշենի վարչական տարածքում։ Պատրաստ էին ցանկացած դժվարություն հաղթահարել, միայն թե Արցախում ապրեն ու շարունակեն շենացնել հերոսների արյամբ ներծծված հողը։ Տունուտեղ, հայրենի հող ու պապերի շիրիմներ կորցրած մարդիկ իրենց մեջ ուժ էին գտել նորից ստեղծելու և արարելու։ Սակայն 2023-ի սեպտեմբերը նրանց կրկին կանգնեցրեց տեղահանության փաստի առաջ։
-Երկու անգամ կորցնել ամեն ինչ ու նորից զրոյից սկսել, շատ ծանր է մարդու համար։ Սակայն մարդ արարածը դիմացկուն է և կարողանում է դիմանալ ցանկացած դժվարության։ Մարդկային կորուստներն են, որոնց հետ հնարավոր չէ համակերպվել։ Մնացած ամեն ինչ կարելի է վերստին ստեղծել։ Սղնախցիների մեջ անճար վիճակում գտնվող ընտանիք գրեթե չկա, որովհետև մեր ժողովուրդն աշխատասեր է, քարից հաց քամող։ Ճիշտ է, դժվարություններ շատ կան, սակայն մարդիկ, ով ինչպես կարողանում է, տարբեր բնագավառներում աշխատանք է գտնում։ Հիմնականում բնակվում են գյուղական համայնքներում, որովհետև մենք հողի մարդիկ ենք և սովոր չենք պարապ նստել։ Սղնախցին միշտ ապրել է հողի հետ կռիվ տալով և այդպես էլ կապրի։ Այսօր շատերը հիասթափված են, հուսալքված, սակայն չեն մտածում Հայաստանը լքելու մասին։ Մենք ուզում ենք այստեղ ապրել, մինչև տանտիրոջ իրավունքով կվերադառնանք Արցախ, իսկ դրա համար, կարծում եմ՝ ժամանակ, ինչպես նաև հզորանալ է հարկավոր։ Վստահ եմ, որ մենք վերադառնալու ենք,- ավելացնում է Եղիշեն։
Անդրադառնալով տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներին՝ զրուցակիցս նշեց, որ արցախցին միշտ էլ արժանավայել կյանքով է ապրել և զարմանալի չէ, որ այսօր նա ցանկանում է պահպանել իր արժանապատվությունը և ապրելու համար նորմալ պայմաններ ստեղծել։ Սակայն, ցավոք, կանգնած է մի շարք սոցիալական խնդիրների առաջ, որոնց լուծումն ակնկալում է ՀՀ կառավարությունից։ Մինչև սեփական տանիք ունենալը՝ արցախցին ունի ՀՀ կառավարության աջակցության անհրաժեշտությունը։ Կարևոր է նաև միջազգային հանրության կողմից արցախցիների իրավունքների ճանաչումը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ