Արցախի նորակառուց հուշարձանները Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են ապօրինի շինություններ և այդ քողի տակ քանդում են
Գլխավոր » Լրահոս » Արցախի նորակառուց հուշարձանները Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են ապօրինի շինություններ և այդ քողի տակ քանդում են

Արցախի նորակառուց հուշարձանները Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են ապօրինի շինություններ և այդ քողի տակ քանդում են

Արցախի վտանգված ժառանգությունՍուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցի

Արցախում, առաջին պատերազմից հետո, բացի հին եկեղեցիների վերանորոգումից, կառուցվել են նաև նոր եկեղեցիներ, որոնցից մեկն էլ Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղում: Այս գյուղի բնակիչների մեծ մասը բնիկ են, նրանց միայն փոքր մասի նախնիները գաղթել են Ղարադաղից։ 1890-ական թվականների սկզբներին այստեղ կար 25 տուն, 203 բնակիչ, իսկ 1897 թվականին 40 տուն, 96 բնակիչ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղը ավերվել է ադրբեջանցիների կողմից, մինչև 44-օրյա պատերազմը Քարագլուխը վերականգնվող գյուղ էր: Շնորհիվ արմատներով քարագլուխցի, Ս.Պետերբուրգի բնակիչ, ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի՝ 2011 թվականին գյուղում մեկնարկել է նոր՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցումը, որն ավարտվել է 2013 թվականին: Եկեղեցին օծվել է նույն թվականի սեպտեմբերի 5-ին:

Եկեղեցին կանգնած է գյուղի բարձունքներից մեկի վրա, ու կարծես թե իշխում է ամբողջ գյուղի և շրջակա տարածքների վրա։

Կենտրոնագմբեթ, տուֆակերտ 6×6 չափերով եկեղեցի է, ութանիստ թմբուկով։ Ունի խորան, մկրտարան և երկու ավանդատուն։ Բարավորի վրա ունի շինարարական արձանագրություն: «Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ Տ․ ՊԱՐԳԵՒԻ ԱՐՔԵՊՍ․ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ ԱՐԴԵԱՄԲ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՄՈՎՍԵՍԻ ԿԱՌՈՒՑԱՒ ՄԱՏՈՒՌՍ ՍԲ․ ՀՈՎՀԱՆՆՈՒ ԿԱՐԱՊԵՏԻ ՅԱՆՈՒՆ ԱԹԱԵԱՆՑ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ Ի ԾԱՂԿՈՒՄՆ ՔԱՐԱԳԼՈՒԽ ԳՅՈՒՂԻ ՅԱՄԻՍ ՏԵԱՌՆ 2013 ՌՆԿԲ»։

Արցախի նորակառուց հուշարձանները Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են ապօրինի շինություններ և այդ քողի տակ քանդում են նորաստեղծ մշակութային ու հոգևոր արժեքները, ինչպես Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածինու Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցիները։ Չնայած, Ադրբեջանական հակամշակութային մեքենան հողին է հավասարեցրել նաև Շուշիի 19-րդ դարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ու ամենևին կապ չունի, թե հայկական ժառանգությունը, ո՞ր ժամանակաշրջանն է ներկայացնում։ Հայկական է, ուրեմն ենթակա է ավերման։

Քարագլխի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ճակատագիրն անհայտ է։

Ա․Հ․

1