Որդու լուսապայծառ ու խորաթափանց հայացքը պարտադրում է ապրել
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Արցախի հերոսներ » Որդու լուսապայծառ ու խորաթափանց հայացքը պարտադրում է ապրել

Որդու լուսապայծառ ու խորաթափանց հայացքը պարտադրում է ապրել

Արսենն Արցախի Ասկերան քաղաքում է ծնվել, մեծացել ու դպրոց գնացել։ Հարազատ կրթօջախի պարծանքն էր։ Օրինակելի աշակերտը ռազմահայրենասիրական ոգով էր պարուրված։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել էր ԱՀ ՊԲ շարքերը՝ կատարելու հայ երիտասարդին վերապահված սուրբ առաքելությունը։ 2023-ի սեպտեմբերի 19-ին նա մարտական ծառայության մեջ էր։

Հարավի ուղղությունում էր՝ թշնամու առաջին հարվածների տակ։ Օրեր շարունակ ոչ մի լուր չկար Արսենից շրջափակման մեջ էր։ Մայրը չէր գտնում իր տեղը, և երբ Ստեփանակերտի օդանավակայանում մինուճար որդուն անսպասելի տեսավ, աչքերին չէր հավատում։ Ուրախությունից չգիտեր ինչ անել․․․ Ի՞նչ իմանար, որ արհավիրքը դեռ առջևում է․․․ Սկսվել էր Արցախի հայաթափումը, մարդիկ վառելիքի փնտրտուքի մեջ էին։

․․․ Սեպտեմբերի 23-ը կամ 24-ն էր, երբ վերջին անգամ տեսա Արսենին։ Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում էի,և հանկարծ նկատեցի Արսենին։ Ընկերոջ՝ Դավիթի հետ էր։ Իրենք ինձ չէին նկատել։ Կանչեցի։ Լսել էի, որ Արսենը վտանգի մեջ է եղել, բայց չգիտեի, որ ողջ ու առողջ վերադարձել է դիրքերից։ Տղաները մտազբաղ ու տխուր էին։ Ակամա հարցրի՝ ինչո՞ւ են այդքան տխուր, երկուսն էլ ինձ նայեցին արտասվաթոր հայացքով ու պատասխանեցին՝ տխուր չենք, հոգնած ենք։ Ու գնացին։ Երկար նայում էի նրանց հետևից ու փառք տալիս Աստծուն, որ ողջ են, և ինքս ինձ նախատելով շարունակեցի ճանապարհս ինչպե՞ս կարող են տխուր չլինել, ինչերի՜ միջով են անցել, քանիքանի՜ տղաներ են զոհվել նրանց աչքերի առաջ․․․ Իսկ ինչպե՜ս էին հասունացել մի քանի օրվա մեջ․․․

Եկավ չարաբաստիկ սեպտեմբերի 25-ը՝ Արցախի պատմության ամենացավոտ օրերից մեկը։ Արսենն այնտեղ էր անբաժան ընկեր Դավիթի հետ։ Բոթը հասավ հարազատներին։ Արսենը ծանր այրվածքներով տեղափոխվեց Երևան, սակայն բժիշկներն ի զորու չէին փրկել նրա կյանքը։ Սեպտեմբերի 27-ին հավերժ փակվեցին նրա անմեղ աչքերը, դադարեց բաբախել բազում երազանքներով պարուրված նրա սիրտը։

Արսենի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը կարոտով է հիշում սիրելի աշակերտին, ցավում նրա կորուստը

-Երանի եմ տալիս այն օրերին, երբ Արսենը, հանգիստ նստած աշակերտական նստարանին, լսում էր ուսուցչին և, համակարծիք լինելու դեպքում, նրա բերանի ծայրերում ժպիտ էր ծվարում։ Մի լուսավոր ժպիտ էլ մարեց, մի թռիչք էլ մնաց անավարտ։ Իր համար մի սիրուն հեքիաթ էր հյուսել Արսենը․ կավարտի դպրոցը, կընդունվի համալսարան, հետո կծառայի բանակում, գեղեցիկ ընտանիք կկազմի (սիրած աղջիկ ուներ արդեն) ու իր որդիներին կպատմի իր ու սերնդակիցների պայքարի մասին։ Սակայն անողոք էր նրա ճակատագիրը։ Պատերազմի ժամանակ, մի կերպ դուրս գալով օղակումից, այլ փորձանքի մեջ հայտնվեց։ Պատրաստվում էր ընտանիքը դուրս հանել դավաճանված Արցախից։ Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած առեղծվածային ու ամենակուլ պայթյունին զոհ գնաց Արսենը։ Երանի՜ հետ դառնար ժամանակը, ու նորից մեզ ժպտային Արսենի աչքերը և մեզ հետ խոսեր նրա զուսպ, բայց շատ բան ասող հայացքը։

Ընկերները կարոտում են

-Արսենը ազնիվ էր, պատրաստակամ, ընկերասեր։ Նրա հետ կարելի էր մինչև աշխարհի ծայրը գնալ ու միշտ ապահով զգալ։ Սիրում էր կյանքը, շատ երազանքներ ու նպատակներ ուներ։ Ծառայությունն ավարտելուց հետո մտադիր էր մեծ կյանք մտնել, ծնողներին նեցուկ լինել։ Ամեն ինչ մեկ վայրկյանում չքացավ։ Կարոտով ենք հիշում Արսենի հետ անցկացրած օրերը, ցավում, որ այդքան դաժան ճակատագիր նրան բաժին հասավ։

Արսենի ծնողները՝ Վիգինն ու Նարինեն, քույրը՝ Անին, հաստատվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Այդտեղ է իր վերջին հանգրվանը գտել Արսենը։ Նրա գերեզմանը սրբատեղի է հարազատների համար։ Մորմոքված մայրը չգիտի ինչպես ապրել առանց զավակի, սակայն աչքերի առաջ հայտնվող որդու լուսապայծառ ու խորաթափանց հայացքը  պարտադրում է նրան ապրել։ Ապրել՝ հանուն իր հիշատակի և հանուն քրոջ՝ Անիի․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1