Արցախի վտանգված ժառանգություն. Ղոնդիկ անապատ
Գլխավոր » Քաղաքական » Արցախի վտանգված ժառանգություն. Ղոնդիկ անապատ

Արցախի վտանգված ժառանգություն. Ղոնդիկ անապատ

Ղևոնդաց, կամ Ղոնդիկ անապատ

Սարգսաշեն, Մոշխմհատ, Զարդարաշեն, Ակնաղբյուր և Ավետարանոց գյուղերի արանքում, լեռան կատարին գտնվում է Ղևոնդանց կամ տեղական բարբառով Ղոնդիկ անապատը: Այն տեղադրված է թավուտ անտառներով շրջապատված գեղատեսիլ բնության գրկում: Ճարտարապետության ու բնության ներդաշնակությունն ավելի են ընդգծում շենքերի վրա օգտագործված սպիտակակապտագույն երանգի քարերը: Պատմական աղբյուրներն աղոտ տեղեկություններ են տալիս Արցախի հնագույն այս հուշարձանի մասին: Իսկ տեղում կատարված ուսումնասիրությունները, Անապատի տարածքում պահպանված հին խաչքարերը, ճարտարապետական մասերի բեկորները, տեղական բնակչության զրույցները հաստատում են, որ այստեղ ժամանակին եղել է բավականին մարդաշատ ու բարգավաճ հոգևոր ու կրթական օջախ: Երվանդ Լալայանը քաղվածաբար բերում է Սարգիս Ջալալայանցի գրի առած այն ավանդությունը, ըստ որի «Սրբ. Ղևոնդ երեցի ազգականները Վարանդայում պտտվելով, նրա նշխարներից գտել են, բերել անփոփել այդտեղ և կառուցել եկեղեցի»: Անապատում գտնված հին շենքերի բեկորները ձևով, զարդանախշերով համապատասխանում են 5-7-րդ և 13-րդ դարերին: Ենթադրվում է, որ ավերվել է արաբական հարձակումների ժամանակ ու վերակառուցվել 13-րդ դարում: Հետո նորից հիմնահատակ կործանվել ու վերստին վերաշինվել մելիքների օրոք:

Ղևոնդանց անապատը խմբային հուշարձան է` բաղկացած եկեղեցուց, գավթից, զանգակատնից, կարասանման ջրհորից, երկհարկանի հյուրատնից, ավերված խցերից և ցանկապատի ներսում գտնվող այգուց: Եկեղեցին կառուցված է տեղական անմշակ քարից: Եկեղեցու մուտքի հյուսիսային կողմում կա մի փոքրիկ արձանագրություն.<<Թվին ՌՃԷ>>(1658): Իսկ գավթի դռան նույն մասում անաղարտ մնացել է<<ՌՄԻԷ-ին (1775) յիշատակ է գավթս Զաքարիա Յովսեփ և Մելքոն վարդապետաց>> եռատող արձանագրությունը:

5-7-րդ և 13-րդ դարերում Ղևոնդանց անապատը շեն էր և համարվում էր երկրամասի առաջնակարգ ուխտատեղիներից մեկը: Ահա թե ինչու 17-18-րդ դարերում, քաղաքական ոչ նպաստավոր պայմաններում, Ղարաբաղում վերականգնված նշանավոր հնավայրերի հուշարձանների թվում էր նաև Ղոնդիկ անապատը, թեև այն գտնվում էր բնակավայրերից բավականին հեռու, դժվարամատչելի լեռան գագաթին։

Վերջին տարիներին Ղոնդիկ անապատը դարձել էր ուխտավայր։ Այժմ բռնազավթված է Ադրբեջանի կողմից ու վտանգված է։

Ա. Հ.

.

1