Ադրբեջանին պատժելու հիմքերը կան, բայց պրակտիկ առումով սա ուղղակի մնում է թղթի վրա

«Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության առումով մենք աշխարհում «Գրետայի էֆեկտ» չունեցանք եւ դա ոչ միայն անպատժելիության բացակայության պայմաններում էր, այլ նաեւ այն առումով, որ շատ հաճախ Ադրբեջանը տարբեր պետությունների կողմից խրախուսվում էր իր այդ անպատժելի եւ հանցավոր գործողությունների համար եւ Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո՝ COP29-ը Ադրբեջանում կազմակերպելը, ամենավառ ապացույցն է այն ամենի, որ մենք գործ ունենք ոչ միայն անպատժելիության խրախուսման հետ, այլ՝ հանցագործին խրախուսելու պրակտիկայի հետ՝ ընդհանուր միջազգային հարթակում»,- այս մասին Բաքվի ագրեսիայի հետեւանքները․ COP29 երեւանյան քննարկման ընթացքում հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Քննարկմանը մասնակցում էր շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, իրավապաշտաններ, փորձագետներ։
«Ինչ վերաբերվում է կոնկրետ շրջափակմանը, ըստ էության, Արցախի շրջափակումը 2020 թ-ի պատերազմից հետո համակարգված եւ հետեւողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական գործիքն էր, արարը եւ թաքցնելու ոչինչ չկա, դա մի գործողություն էր, որը միտված էր Արցախի ժողովրդին սովի, զրկանքների միջոցով ընտելացնել»,- նշել է նա։
Գեղամ Ստեփանյանն անդրադարձավ Արցախի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների մասին․«Հետադարձ հայացքով, երբ նայում ենք, զարմանք է առաջացնում, թե մարդ արարածը ինչպես կարող էր անցնել այդ ամենի միջով, այո, իրապես զարմանալի է, ինչպես կարող է աշխարհի հանրությունը ուղղակի սնանկ, ոչինչ չասող հայտարարություններով այդ ամեն ինչին արձագանքել՝ առանց կոնկրետ գործողությունների եւ աշխարհի աչքի առաջ 120000 անձ, այդ թվում 30000 երեխաներ ամենօրյա ռեժիմով ենթարկվում էին նման տառապանքների եւ զրկանքների։
Աննկարագրելի ջանքեր էր պահանջվում մեզանից միջազգային կազմակերպություններին՝ կոնկրետ Կարմիր Խաչին, խնդրել իրական վիճակը օբյեկտիվ ներկայացնել, սա ճիշտ չէ, եթե անգամ հումանիտար կազմակերպությանը պետք է պահանջես եւ խնդրես, որ հայտարարությամբ հանդես գա՝ ուրեմն ինչ որ մի բան սխալ է գնում մարդու իրավունքների պաշտպանության համակարգում։ Նա վերհիշեց Վագիֆ Խաչատրյանի դեպքը, որից հետո լուրջ խնդիրներ եղան հումանիտար փոխադրումների հետ կապված։ Նա նշեց, որ այս ամենը ոչ միայն մնաց անատժելի, այլեւ խրախուսվեց այն երկների կողմից, ովքեր Ադրբեջանում մասնակցում են COP29-ին։ Սա կեղծավորության վառ դրսեւորում է եւ շատ դժվար է այս ամենից հետո խոսել մարդու իրավունքների եւ արժեքների մասին։
Այդ ընթացքում միջազգային ոչ պատշաճ արձագանքը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների չկիրառումը հանգեցրեցին նրան, որ Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերին հերթական ագրեսիան նախաձեռնեց Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչն էլ հանգեցրեց Արցախում հայ բնակչության էթնիկ զտման։
Մինչեւ 2020թ-ն Արցախում ապրում էր 150000 հայ, այսօր՝ 13։ Ահա այն պատկերը, որը պետք է ունենալ կարծիք կազմելու Ադրբեջանի եւ առհասարակ աշխարհում մարդու իրավունքների օրակարգի մասին։ Ադրբեջանին պատժելու հիմքերը կան, բայց պրակտիկ առումով սա ուղղակի մնում է թղթի վրա, իրավապաշտպանների կողմից տարվող աշխատանքի մակարդակում, բայց չի արտացոլվում պետության քաղաքական որոշում կայացնողների աշխատանքում»։
Ապառաժ