Ադրբեջանի ռեժիմն էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ համաձայն միջազգային փաստահավաք առաքելության. զեկույց

Freedom House-ը և 6 այլ գործընկեր կազմակերպություններ արձանագրել են, որ Ադրբեջանի իշխանությունները նպատակային արշավ են իրականացրել՝ Լեռնային Ղարաբաղը հայ ազգաբնակչությունից դատարկելու համար։ Ադրբեջանի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացրել է էթնիկ զտում։ Այս մասին ասվում է այսօր հրապարակված միջազգային փաստահավաք առաքելության զեկույցում։
Զեկույցը, որը հիմնվում է հունիսին հրապարակված նախնական արդյունքների վրա, ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի վիճակը 2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմի ավարտից մինչև Ադրբեջանի ռեժիմի 2023 թվականի սեպտեմբերի ռազմական հարձակումը և դրա հետևանքները։
Զեկույցը բացահայտել է մարդու իրավունքների խոշոր խախտումների բազմաթիվ դեպքեր, միջազգային հումանիտար իրավունքի խախտումներ և միջազգային քրեական իրավունքի խախտումներ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ՝ արտադատական սպանությունների, մի քանի ամիս տևած շրջափակման, հարկադիր տեղահանության և տեղահանությունից հետո մշակութային ջնջման ու գույքի ոչնչացման քաղաքականության միջոցով։
«Բաքվի ռազմական հարձակումը և շրջափակման, սովի և սպառնալիքների կիրառումը դաժան մարտավարություն էր, որի նպատակն էր՝ բռնի տեղահանել էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից»,- ասել է Freedom House-ում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։