2020-ի նոյեմբերի 9-ի պայմանագրով Արցախի հիմնախնդիրը չի կարող լուծված համարվել
Գլխավոր » Լրահոս » 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանագրով Արցախի հիմնախնդիրը չի կարող լուծված համարվել

2020-ի նոյեմբերի 9-ի պայմանագրով Արցախի հիմնախնդիրը չի կարող լուծված համարվել

2020թ-ի նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագիրն ու Արցախի փուլ առ փուլ հանձնումը․

2020թ-ի նոյեմբերի 9-ի  եռակողմ պայմանագրով հանձնվեց Շուշին, Ակնան, Քարվաճառը, ապա՝ Բերձորը, ընդհատվեց Հայաստանի հետ կապը, Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, այնուհետեւ՝ 2023-ին, ամբողջությամբ հայաթափվեց։

Հազարավոր զոհեր եւ վիրավորներ, հաշմանդամ, անհայտ կորած եւ գերեվարված հայրենակիցներ, հուսալքված եւ տարագիր ժողովուրդ։ 44 օր դիմադրեց Արցախը, դիմադրեց՝ սեփական հողում ապրելու իր իրավունքը հաստատելու, մեծ զոհողությունների գնով ձեռք բերված հաղթանակը վերակերտելու հավատքով եւ նվիրումով։

Ի՞նչ էր խոստանում Արցախին նոյեմբերի 9-ի պայմանագիրը, այն կրակի դադարեցման պայմանագիր էր, թե Արցախը հանձնելու նախապես մշակված ծրագիր։

Փաստաթղթի շուրջ զրուցել ենք Արցախի քաղաքական գործիչների հետ։ 

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը մահացած փաստաթուղթ է համարում․ «Այսօր այդ փաստաթուղթը չկա, այն կարելի է համարել մեռած, բայց չթաղած։ Ադրբեջանն այդ պայմանագրով պարտադրեց առանց կրակոցի իրեն հանձնել ռազմավարական նշանակություն ունեցող շրջաններ, որից հետո Հայաստանի իշխանությունը հրաժարվեց Արցախի նկատմամբ իր առարկայական և բարոյական պարտավորություններից։ Իհարկե, եթե հայկական կողմը ճիշտ արտաքին քաղաքականություն որդեգրեր՝ կարող էր ստեղծված իրողություններին համահունչ, ի շահ Հայաստանի եւ Արցախի պահանջներ ներկայացնել, լինի դա վերադարձի իրավունքի հարցը, կամ գերիների ազատ արձակման պահանջը, որոնց հիման վրա կարելի էր նոր՝ առավել հայանպաստ, փաստաթուղթ ձևավորել։

2020-ի նոյեմբերի 9-ից հետո տարածաշրջանային քաղաքական իրավիճակը շատ է փոխվել, ուժերի դիրքավորումը ի վնաս Հայաստանի է, սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է։ Դիվանագիտական ասպարեզում տքնաջան աշխատանք, ստեղծագործ միտք, շահերի իրական գնահատում և սկզբունքայնություն է անհրաժեշտ»․- շեշտում է Արա Պուլուզյանն ու հավելում․ «2020-ի նոյեմբերի 9-ով տարածաշրջանում իր ներկայությունն ամրագրեց և օրինականացրեց  Թուրքիան՝ Ակնայում փաստաթղթավորված ռազմական ներկայություն ապահովելով։ Դա ՆԱՏՕ-ական երկրի առաջին մուտքն էր ԱՊՀ տարածք։  Այդ  լեգիտիմացված միջնորդության հետևանքով է, որ այսօր ևս Թուրքիան շարունակում է իր ազդեցության տակ պահել հայ-ադրբեջանական հարաբերությունները, ճնշումներ գործադրելով Հայաստանի վրա, որին, տրվում են ՀՀ ներկա իշխանությունները»,- նշել է ԱրաՊուլուզյանը, նոյեմբերի 9-ը համարելով Արցախի պատմության մեջ այն կետը, որից շեշտակի է դարձել գահավիժումն ու Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումը։

Արցախի Խորհրդարանի պատգամավոր, պատմաբան Վահրամ Բալայանը նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համարում է հայ ժողովրդի պատմության ամենախայտառակ պայմանագրերից մեկը։

«Մեր բազմադարյա պատմության մեջ, 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը  ամենախայտառակ պայմանագրերից մեկն է։ Այդ փաստաթղթով արդեն հայտնի էր Արցախի ճակատագիրը: Առանց պատերազմական գործողությունների 2020-ին հանձնվեցին ռազմավարական նշանակության տարածքներ՝  Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները, որոնք ոչ միայն Հայաստանի հետ կապող երակն էին, այլ նաեւ այն տարածքները, որոնք թշնամին դժվարությամբ կարող էր գրավել»,- նշել է Վահրամ Բալայանը։

Հայտնի ռուս գեներալ, ռազմական պատմաբան Վ․Պոտտոն Արցախի մասին հետաքրքիր միտք է արտահայտել,- Ով տիրում է Շուշիին՝ նա տիրում է Ղարաբաղին, ասել է թե՝ Հարավային Կովկասին։ Վահրամ Բալայանը գտնում է, որ դրա մեջ ճշմարտություն կա․ «ժամանակը ցույց կտա, թե ինչ եղավ իրականում, երբ նոր փաստեր ի հայտ գան, սակայն պատկերը պարզ է, գերտերությունների միջեւ որոշակի գործարք կար Արցախի հետ կապված եւ նրանց լռությունն ու անտարբերությունը դա է վկայում»,- նշել է Վահրամ Բալայանը։

Այսօր կողմերը խոսում են միայն եռակողմ պայմանագրի 9-րդ կետի շուրջ՝ իրար մեղադրելով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ, պայմանագրի մյուս կետերի շուրջ, որոնք վերաբերվում են Արցախին՝ որեւէ ձեւաչափով չի քննարկվում։

Որքան էլ Հայաստանի ներկա իշխանությունները Արցախի էջը փակված համարեն՝ 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանագիրը չի կարող համարվել Արցախյան հիմնախնդրի վերջնականապես կարգավորող իրավական փաստաթուղթ, Արցախի հարցը լուծված չէ եւ այն պետք է մնա համահայկական օրակարգում։

Հ․Շինդյան

Ապառաժ

1