Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է․ Ստեփանակերտի քաղաքապետ
Գլխավոր » Լրահոս » Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է․ Ստեփանակերտի քաղաքապետ

Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է․ Ստեփանակերտի քաղաքապետ

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ահազանգել է Արցախի մայրաքաղաքում Ադրբեջանի իրականացրած մշակութային զտման քաղաքականության մասին։

Նրա խոսքով՝ այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է:

«Ավերելով Ստեփանակերտի հին թաղամասերը՝ նա փորձում է Ստեփանակերտից հայկական հետքը ջնջել: Մեր քաղաքի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ: Քաղաքակիրթ աշխարհն էլ լուռ հետևում է մի ամբողջ քաղաքակրթության վերացմանը… Հերթական անգամ համամարդկային արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքը ստորադասվում են քաղաքական շահերին»,- նշել է քաղաքապետը։

Դավիթ Սարգսյանը նաև հիշեցրել է, որ նոյեմբերի 1-ը «Մենք ենք մեր լեռները»՝ բոլորին հայտնի «Տատիկ-Պապիկ» հուշակոթողի տեղադրման օրն է:

Նա նշել է, որ այն Արցախի գլխավոր խորհրդանիշն է, որի ճակատագիրը ևս մշուշոտ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը:

Ադրբեջանը Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական փողոցների վրայի շենքերից հեռացրել է բոլոր հայերեն գրությունները՝ ցուցանակները, գովազդները, փողոցների անունները:

Արցախի պետական համալսարանի շրջակայքի բազմաբնակարան և սեփական տները քանդվել են, իսկ համալսարանի շենքը «վերակառուցվել» և այլափոխվել է։

1