Առանց վերադարձի իրավունքի՝ չի կարող լինել ինքնորոշում. դա միայն Արցախի տարածքում պիտի լինի. Սահակյան
Գլխավոր » Լրահոս » Առանց վերադարձի իրավունքի՝ չի կարող լինել ինքնորոշում. դա միայն Արցախի տարածքում պիտի լինի. Սահակյան

Առանց վերադարձի իրավունքի՝ չի կարող լինել ինքնորոշում. դա միայն Արցախի տարածքում պիտի լինի. Սահակյան

«Այս երկու իրավունքներն ավտոնոմիա ունեն․ իհարկե, երբ ճնշվում է ազգերի ինքնորոշման իրավունքը, և այդ իրավունքն իրացնող անհատները բռնի տեղահանվում են իրենց հայրենիքից, փաստացիորեն դադարում է ազգերի ինքնորոշումը, սակայն վերադարձի իրավունքը ձեռք է բերում նոր իմաստ»,-  «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման՝ վերադարձի իրավունքի իրացման մասին հարցերին՝ նշեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ վերադարձի իրավունքի իրացումն անհատական մակարդակում նպաստելու է ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանը․ առանց վերադարձի՝ չի կարող լինել ինքնորոշում։

«Արցախի ինքնորոշումը բացառապես կարող է կայանալ հենց Արցախի տարածքի վրա, և որևէ այլ վայրում հնարավոր չէ այդ իրավունքի իրացումը։ Դրա համար այս պահին վերադարձի իրավունքն այն նախապայմանն է, առանց որի՝ մենք չենք կարող հասնել ազգերի ինքնորոշման իրավունքի կայացման։

Մենք այստեղ հետընթաց ունենք, քանի որ փաստացի կայացած պետականությունը, որն ընդամենը գտնվում էր միջազգային ճանաչման գործընթացում, ներկայումս զրկվել է երկու կարևոր ատրիբուտից՝ տարածքից և տվյալ տարածքում ապրող բնակչությունից, և ստացվում է՝ պիտի վերադառնանք զրոյական կետ, վերաբնակեցնենք այդ տարածքն արցախցիներով, որ կրկին մեկնարկենք ինքնորոշման իրավունքի իրացումը»։

1