2025-ի հունվարից 40+10 աջակցության ծրագրի մասամբ շարունակելի լինելու հանգամանքն արցախցիների մոտ դժգոհությունների ալիք է բարձրացրել
Գլխավոր » Լրահոս » 2025-ի հունվարից 40+10 աջակցության ծրագրի մասամբ շարունակելի լինելու հանգամանքն արցախցիների մոտ դժգոհությունների ալիք է բարձրացրել

2025-ի հունվարից 40+10 աջակցության ծրագրի մասամբ շարունակելի լինելու հանգամանքն արցախցիների մոտ դժգոհությունների ալիք է բարձրացրել

Արցախցիներին տրամադրվող 40+10 աջակցության ծրագիրը, որ ՀՀ կառավարության կողմից մեկնարկել է 2023-ի հոկտեմբերին, 2025-ի հունվարից կգործի այլ ձևաչափով։ Բռնատեղահանված արցախցիների համար այդ ծրագիրը կենցաղային մինիմալ պայմաններ ապահովելու հնարավորություն էր։

Թեև ՀՀ Կառավարության կողմից դեռևս վերջնական որոշում չի կայացվել 2025-ին արցախցիներին տրամադրվող աջակցության ծրագրերի շուրջ, սակայն մարդկանց մոտ արդեն իսկ առաջացել են մտահոգություններ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ 2025-ից միայն թոշակառուները, անչափահասներն ու հաշմանդամներն են նոր ծրագրի շահառուներ դառնալու։

Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից տեղահանված Անուշ Ասրյանը չի պատկերացնում, թե ինչպես պետք է ամենօրյա իր հոգսերը հոգա, եթե այդ ծրագիրը դադարի կամ գործի ոչ բոլորի համար։ Նա կարծում է, որ անհրաժեշտ են հանրային լայն քննարկումներ, որոնց արդյունքում միայն պետք է որոշումներ կայացվեն։  

-Տարբեր հոլովակներով շրջանառվում է, որ 40+10 ծրագիրը չի շարունակվելու բոլորի համար։ Իսկ որոշում կայացնողները պատկերացնո՞ւմ են արդյոք,  թե դրա հետևանքներն ինչպիսին են լինելու տեղահանվածների համար։ Մենք ապրում ենք Արարատի մարզի Նորամարգ գյուղում։ 4 ընտանիքով ենք՝ 13 հոգի։ Ընտանիքում միակ աշխատողը ես եմ, ստանում եմ ընդամենը 65000 դրամ աշխատավարձ։ Ամուսինս ու քեռիս հիմնական աշխատանք չունեն։ Տատիկս 87 տարեկան է, ունի դեղորայքի կարիք։ Երկու մորաքույրերս Արցախյան առաջին պատերազմում զոհվածի այրիներ են, մայրս 62 տարեկան է։ Նրանք դեռևս կենսաթոշակային տարիքի չեն և բնական է՝ տարիքի պատճառով չեն կարողանում աշխատանք գտնել։ Առողջական խնդիրներ ևս ունեն։

Եթե այդ աջակցությունը չլինի, մեր ընտանիքը կկանգնի մեծ խնդրի առաջ։ Մենք չենք կարողանա վճարել տան վարձավճարը, կոմունալ ծախսերը և առհասարակ չենք կարողանա հոգալ դեղորայքի, հագուստի, սննդի հարցերը,-մտքերն է կիսում Անուշ Ասրյանը։

40+10 աջակցության ծրագրի փոփոխության շուրջ մեծ մտահոգություններ են հայտնում գրեթե բոլոր արցախցիները։ Առանձնապես դժվար է 1-3 հոգուց կազմված ընտանիքները, որոնք չեն մտնում վերը նշված խմբերի մեջ, իսկ տարիքային սահմանափակումների պատճառով չեն կարողանում աշխատանք գտնել։ Նույնը կարելի է ասել նաև ուսանողների, միայնակ մարդկանց մասին, որոնք նույնպես կկանգնեն ծանր կացության առաջ։

2025-ի հունվարից աջակցության ծրագրի մասամբ շարունակելի լինելու հանգամանքը արցախահայության մոտ դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ բնարականային ապահովման ծրագրի իրագործումը դեռևս լիարժեք չէ, կան բազմաթիվ խոչընդոտներ ու խնդիրներ ծրագրի իրականացման համար։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1