Արցախցի Դավիթը հաստատակամորեն է տրամադրված և հավատում է իր ուժերին
Գլխավոր » Լրահոս » Արցախցի Դավիթը հաստատակամորեն է տրամադրված և հավատում է իր ուժերին

Արցախցի Դավիթը հաստատակամորեն է տրամադրված և հավատում է իր ուժերին

ԱԳՐԻԳՈԼԴ ընկերության տնօրեն Դավիթ Մինասյանը Արցախից է։ Կրկնակի զգացել է տեղահանության դառնությունը։ Նախ Շուշիից, ապա Ստեփանակերտից է տեղահանվել։ Այժմ ընտանիքով ապրում է Երևան քաղաքում։  

Մեղվաբուծությամբ զբաղվում է 15 տարեկանից և այդ գործի հանդեպ սերը նա ժառանգել է իր պապիկից։ Պատանեկան տարիներից էր ցանկանում բացահայտել մեղվաբուծության արվեստը, հասկանալ նրա նրբությունները։ Փոքրուց պապիկից միշտ լսում էր, որ մեղրը հայ ժողովրդի մոտ միշտ էլ հանդիսացել է հյուրասիրության լավագույն միջոց ու ծառայել  նաև որպես բուժիչ միջոց։ Տպավորվելով այդ խոսքերով՝ նա շարունակել է պապիկի գործը։

Շուշիում էր զբաղվում սիրած գործով, իսկ 2020-ից հետո մեղվաընտանիքները տեղափոխեց իր պապական՝ Ասկերանի շրջանի Հարավ գյուղը։ Մոտ 150 մեղվաընտանիք էր խնամում։ Մեղուների հաճելի բզզոցներն արցախցի մեղվաբույծին կտրում էին առօրյա հոգսերից, առանձնապես՝ երբ Արցախը շրջափակման մեջ էր։ Նպաստավոր պայմաններում նա կարողանում էր առատ բերք ստանալ։ 

2023-ի տեղահանումից հետո Դավիթը որոշեց վերսկսել գործը։ Սեփական միջոցներով ձեռք բերեց 70 մեղվաընտանիք և երրորդ անգամ վերսկսեց իր գործունեությունը։

-Սկզբից Արարատի մարզում էի տեղադրել մեղվափեթակները, հետո տեղափոխեցի Կոտայքի մարզ։ Սակայն հասկացա, որ այդ տարածաշրջանում այնքան էլ բավարար չեն պայմանները մեղուների աշխատանքի համար, և մայիս ամսից տեղափոխեցի Սյունիքի մարզ՝ Արցախին ու Քաշաթաղին ավելի մոտ։ Բազմածաղկային միջավայրում ստացել ենք այնպիսի արտադրանք, որ իր համ ու հոտով հիշեցնում է Արցախի անարատ մեղրը։ Ինչպես Արցախում, այստեղ ևս աշխատանքում շեշտը դնում ենք բարձրորակ արտադրանք ստանալու վրա։ Մեր հաճախորդները, որոնցից գրեթե 80 տոկոսն արցախցիներ են, գոհ են արտադրանքից։ Մեղրը քամել ենք օգոստոսին։ Տարին լավ էր, անցած տարիների համեմատ բերքն ավելի առատ էր։

Որպես ընկերություն՝ ԱԳՐԻԳՈԼԴԸ գործում է 2018-ից և կրում է «Արցախի անարատ մեղր» տարբերանշանը։ Բնական է, որ այն պետք է փոփոխվի, և այս պահին աշխատում ենք դրա վրա։ Իհարկե, պետք է անպայման երևա, որ այն հիմնադրվել է Արցախում։

Մտադիր ենք մյուս տարի մեղվաընտանիքների թիվը հասցնել 200-ի, որովհետև մեղրի պահանջարկը մեծ է։ Միաժամանակ այստեղ մեծ է վաճառքի շուկան։ Այսօրվա դրությամբ գրեթե սպառվել է մեր արտադրանքը,- ասում է արցախցի մեղվաբույծը։

Դավիթ Մինասյանը հաստատակամորեն է տրամադրված և հավատում է իր ուժերին, իսկ բիզնեսում առաջին քայլերը կատարողներին խորհուրդ է տալիս չվախենալ սխալվելուց և համարձակ գործելուց․ պարզապես պետք է նպատակ դնել ու գնալ դրա հետևից։

Արցախում ԱԳՐԻԳՈԼԴ ընկերությունը բազմիցս է մասնակցել տարբեր փառատոնների և իր անարատ մեղրով ներկայացել հանրությանը։ 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1