Հայ գերիներին ազատելն ավելի հեշտ է, քան խաղաղություն ստեղծելը: Դժբախտաբար, տարբեր շահեր կան այս խնդրի մեջ. Նուբար Աֆեյան
Գլխավոր » Լրահոս » Հայ գերիներին ազատելն ավելի հեշտ է, քան խաղաղություն ստեղծելը: Դժբախտաբար, տարբեր շահեր կան այս խնդրի մեջ. Նուբար Աֆեյան

Հայ գերիներին ազատելն ավելի հեշտ է, քան խաղաղություն ստեղծելը: Դժբախտաբար, տարբեր շահեր կան այս խնդրի մեջ. Նուբար Աֆեյան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անմիջական ջանքերով սեպտեմբերի 30-ին բացվեց Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված նահատակների հուշակոթող քանդակ:

Գաղափարի հեղինակը «Ավրորա» բարեգործական նախաձեռնության ստեղծագործական խորհրդի նախագահ, երգահան, արվեստագետ եւ բարերար Մարինե Ալեսն է, Ռուբեն Վարդանյանի քույրը, իսկ քանդակագործը իտալահայ Վիգեն Ավետիսը:

Ավրորա Մարդիգանյանը երիտասարդ աղջիկ էր, որն, անցնելով Հայոց ցեղասպանության սարսափների միջով,  կարողացավ նոր կյանք սկսել Ամերիկայում: Նա դարձավ համր կինոյի դարաշրջանի հոլիվուդյան աստղ եւ բարերար: Նրա պատմությունը խորապես հուզել էր Նուբար Աֆեյանին, Վարդան Գրեգորյանին եւ Ռուբեն Վարդանյանին, որոնք 2015 թ. որոշեցին ի պատիվ նրա անվանակոչել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը ստեղծվեց՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց. «Այս հուշակոթող քանդակը պատկերում է թե մեր նախկին, թե ներկա իրականությունը, որը պետք է հաղթահարենք եւ առաջ գնանք: «Ավրորայի» միսիան նույնն է եւ այսօր շատ կարեւոր է ամբողջ աշխարհին եւ Հայաստան աշխարհին:

Մենք՝ հայերս, կարեւոր դեր ունենք կատարելու ամբողջ աշխարհի առջեւ որպես ականատես եւ վերապրող ազգ: Սերունդները պետք է այդ ուժը գտնեն եւ այդ կարեւոր փորձառությունը տրամադրեն աշխարհին ի նպաստ: Վերջին չորս տարում պատերազմի, Ադրբեջանի ագրեսիայի պատճառով մենք հիմա մեծ ճնշումի տակ ենք, Արցախի 120 հազար ժողովուրդը տեղահան եղավ իր երկրից: Եվ այս օրերը ապրելու ու մեր պատիվը բարձր պահելու համար մենք մեր արմատներից պետք է ստանանք փորձառությունը, ուժը, որպեսզի հաղթահարենք այս փորձությունները»:

Նուբար Աֆեյանը անդրադառնալով գերիների վերադարձին նշել է,- «Ես կարծում եմ, ի վերջո Հայաստան պետությունը գիտե, որ կարեւոր է բանտարկյալներին ազատելու վրա աշխատել: Եվ կարեւոր է, որ հաջողության հասնեն: Մեր բանտարկյալներին ազատելը ավելի հեշտ է, քան խաղաղություն ստեղծելը: Դժբախտաբար, տարբեր շահեր կան այս խնդրի մեջ: Բայց, ի վերջո, հասնելու ենք մեր նպատակին»:

1