Ով օծված է Մյուռոնով, չի կարող մերժել իր նախնյաց ժառանգությունը, նսեմացնել սրբագործված արժեքները, եղծել իր ազգային դիմագիծն ու իղձերը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասյօր իր պատգամում միասնականության կոչ արեց․ <Հայրապետական Մեր հորդորն ու պատգամն է աշխարհասփյուռ Մեր զավակներին՝ մյուռոնադրոշմ պահել մեր կյանքի ընթացքը, հաստատուն մնալ մեր պետության շահերի պաշտպանության դիրքերում և չվտանգել ազգի ապագան, քանզի ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող ուրանալ անկախ հայրենիք ունենալու իր հայրերի երազները, հրաժարվել սեփական պատմությունից։ Ով օծված է Մյուռոնով, չի կարող մերժել իր նախնյաց ժառանգությունը, նսեմացնել սրբագործված արժեքները, եղծել իր ազգային դիմագիծն ու իղձերը։ Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող անարգել ու արհամարհել հայրենակից ու բարեկամ իր քույրերին ու եղբայրներին, քանզի ասված է. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Հովհ. 4.20): Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, կոչված է դառնալու ճշմարտության առաջամարտիկ, բարիքի կերտող և սիրո քարոզիչ։ Եվ վերջապես, ով օծված է Սրբալույս Մյուռոնով, նա երկյուղած պիտի լինի միայն ու միայն Աստծուց, և աներկյուղ՝ թշնամիների ու սպառնալիքների առջև, քանզի, ինչպես ասում է Սուրբ Առաքյալը, «Աստծո տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը» (Ա Կորնթ. 1.25)։
Ամբողջական պատգամը՝ ստորեւ