Ամենայն Հայոց Հայրապետը խոսեց Արցախի բռնազավթման եւ Արցախ վերադարձի իրավունքի պաշտպանության շուրջ՝ ներկայությամբ աշխարհի տարբեր վայրերից Մայր Աթոռում համախմբված եկեղեցականների
Սեպտեմբերի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների և ներկայացուցիչների հանդիպում։
Քրիստոնեական Եկեղեցիներից և կազմակերպություններից միջեկեղեցական հանդիպմանը ներկա էին Հռոմի Կաթոլիկ, Ռուս Ուղղափառ, Ղպտի Ուղղափառ, Ասորի Ուղղափառ, Հնդիկ Մալաբար, Սերբիայի Ուղղափառ, Ռումինիայի Ուղղափառ, Բուլղարիայի Ուղղափառ, Չեխիայի և Սլովակիայի Ուղղափառ, Հունաստանի Ուղղափառ, Ֆինլանդիայի Ուղղափառ, Վրաց Ուղղափառ, Արևելքի Ասորական, Հայ Կաթողիկե, Ֆինլանդիայի Լյութերական, Հայ Ավետարանկան Եկեղեցիների, Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքության, Ռենովաբիս բարեգործական կազմակերպության, Եկեղեցիների Համաշխարհային և Եվրոպական Խորհրդի պատվիրակություններն ու ներկայացուցիչները:
Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով։ Աշխարհի տարբեր վայրերից Մայր Աթոռում համախմբված եկեղեցականներին իր ողջույնը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ամենայն Հայոց Հայրապետը, անդրադարձ կատարելով Սուրբ Էջմիածի և քույր Եկեղեցիների միջև առկա հարաբերություններին և փոխգործակցությանը, հաստատեց, որ Հայոց Եկեղեցին միջեկեղեցական այցերի, համատեղ ձեռնարկների ու ծրագրերի միջոցով մշտապես իր օգտակար ներդրումն է բերել միջեկեղեցական հարաբերությունների սերտացման և արգասավորման գործում և նպաստել քրիստոնեական համերաշխության և եղբայրսիրության ոգուամրապնդմանը։
«Եղբայրական այս սիրո ականատեսը եղանք մեր երկրի և ժողովրդի համար աղետալի շրջանում, երբ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ լայնածավալ պատերազմական գործողություններ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ։ 2023 թվականին Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը։ Այդ տագնապալի օրերին մեր քույր Եկեղեցիները զորավիգ եղան մեզ իրենց աղոթքներով, ընդդեմ անարդարության ու ոճրագործության իրենց ընդվզումով։ Այսօր էլ հետևողական ջանքեր են անհրաժեշտ գործադրել բռնի տեղահանված արցախցիների՝ հայրենի բնօրրան վերադարձի իրավունքի պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և տակավին գերության մեջ գտնվող մեր զավակների ազատ արձակման համար»,-ասաց Նորին Սրբությունը՝ իր երախտագետ զգացումները փոխանցելով քույր Եկեղեցիներին և միջեկեղեցական կառույցներին հայ ժողովրդին դժվարին այս տարիներին ցուցաբերած զորակցության համար։
Հայոց Հայրապետը խոսեց նաև քույր Եկեղեցիների և Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի միջև ձևավորված սերտ գործակցության մասին, որի շնորհիվ զորանում է փոխըմբռնման և միմյանց նեցուկ լինելու ոգին։ «Քրիստոսին և Նրա հոտին ծառայելու մեր առաքելության մեջ միասնությունը մեր առաջնորդող լույսն է։ Ուստի շարունակենք մեր ճանապարհը՝ միմյանց նկատմամբ հոգատարությամբ, սիրով ու հարգանքով»,-պատգամեց Հայոց Հայրապետը՝ հայցելով, որ Երկնավոր Տերն Իր երկնահեղ շնորհների ներքո պահի աշխարհը և պարգևի խաղաղ, ապահով ու բարօր կյանք բոլոր ժողովուրդներին և օրհնի Իր Սուրբ Եկեղեցին և Տիրոջ այգու անհոգնաբեկ բոլոր մշակներին: