Հավատալ և գործել. այս է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների
ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՈՒՂԵՐՁԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելի՛ արցախցիներ.⠀
Այսօր լրանում է մեկ տարին այն ողբերգական իրադարձությունների, որ տեղի ունեցան մեր ժողովրդի հետ։ Հակառակ մեր ժողովրդի հերոսական մաքառումներին՝ իննամսյա շրջափակման, սովի ու կարիքի մեջ գտնվելով և արտաքին աշխարհից օգնություն չստանալով, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ու դրան հաջորդած օրերին Ադրբեջանը պատերազմական գործողություններով և ցեղասպանական քաղաքականության միջոցով ամբողջությամբ ռազմակալեց ու հայաթափեց հայ ժողովրդի բնօրրան Արցախի Հանրապետությունը: Տեղի ունեցավ ավելի քան 120.000 արցախահայերի բռնագաղթը։⠀
Ողբերգական այս իրադարձություններին գումարվեց Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունը, որի հետևանքով անմեղ զոհ դարձան ու վիրավորում ստացան բազմաթիվ հայորդիներ։ Այնուհետև գերեվարվեցին մեր անկախ պետականության խորհրդանիշներ հանդիսացող Արցախի պետական այրերը։ Ինչպես որ ամեն աղոթքի մեջ մենք հիշատակում ենք մեր հերոս նահատակների հոգիներին, այնպես էլ մեր աղոթքը պետք է լինի, որ օր առաջ ազատություն ստանան Բաքվի բանտերում գտնվող մեր գերիները։ Կարդացեք նաև Ադամ Շիֆն առաջարկում է բռնագրավել Ադրբեջանի եկամուտներն ու դրանք ուղղել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» 12:54 19.09.2024 «ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա» հայտարարությունն արած Փաշինյանը կառավարության նիստում չխոսեց Արցախի կորստի ու զոհերի մասին 12:16 19.09.2024 Մոսկվան, Բաքուն, Անկարան եւ հայաստանյան ընդդիմությունը 12:00 19.09.2024 Սրտի մեծագույն ցավով ենք արձանագրում տեղի ունեցածը, սակայն, քավ լիցի, թե կսկիծն ու տառապանքը մեզ համար վերաճեն հուսահատության, և Աստծուց ու մեր հայրենիքից երես թեքենք։
Այո, մեծ ու աննկարագրելի է այն կորուստը, որ կրել ենք մենք, թե՛ որպես հավաքականություն, և թե՛ որպես անհատներ։ Թշնամու ցեղասպան քաղաքականությանը զոհ են գնացել մեր զավակների կյանքերը, մեր տներն ու օջախները, մեր արյունն ու քրտինքը։ Ավելին, մենք մարդկային ու նյութական կորուստներից բացի կորցրել ենք մեր հոգևոր ինքնության ու մեզ՝ մեր հողին կանգուն պահող հիմնաքարերը։ Մեր սուրբ Հայրենիքի կորստի հետ միասին մենք կորցրել ենք մեր վանքերը, եկեղեցիները, հարազատների գերեզմանները։⠀ Սակայն, սիրելի արցախցիներ, սա մեզ պետք է տա նոր ուժ, նոր հույս առ Աստված և նոր վստահություն մեր ազգային միասնականության մեջ, որպեսզի երբեք սեպտեմբերի 19-ը չդառնա լոկ հիշատակի օր։ Այն պետք է դառնա մեր կյանքը վերաիմաստավորելու, մեր ինքնությունը վերագտնելու, առ Արցախ վերադառնալու գաղափարի շուրջ համախմբվելու օր։ Հիրավի, արդարադատ ու ողորմած է մեր Տեր Աստված։ Եվ հավատով ու հույսով լցվելու և սիրով ամրանալու դեպքում է, որ կարող ենք հոգու խռովքով, բայց և պարզերես կերպով թերթել մեր պատմության այս ամոթալի էջը և վերաշարադրել նոր սկիզբ, ուղենշել վերելքի ու ազգային զարթոնքի նոր հորիզոններ։
Փառք Աստծո, որ Հայաստանի մեր քույրերն ու եղբայրները աներկբայորեն ջերմ ընդունելություն ցույց տվեցին մեզ՝ չթողնելով, որ մենք Մայր Հայրենիքում մեզ օտարականներ զգանք։ Մեր հայրենակիցների ջանքերով է նաև, որ արցախցին կարողանում է այսօր Հայաստանի Հանրապետությունում ինտեգրվել հանրային կյանքին՝ միաժամանակ պահպանելով իրեն յուրահատուկ դիմագիծը։⠀ Հավատավո՛ր զավակներ, թող մեր սրտերում ու հոգիներում երբեք չմարի վերադարձի հույսի ճրագը։ Այն ամեն գնով պետք է վառ պահել՝ անընդհատ զորացնելով սիրո, ողորմության և նվիրումի գործերով։⠀
Հավատալ և գործել. այս է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների։ Ժամանակն է լծվելու մեր ազգային նվիրական իղձերի իրականացմանը, ամեն գնով, պատեհ ցանկացած առիթ օգտագործելու, որպեսզի արդարությունը վերահաստատվի մեր կյանքում, որպեսզի Արցախ աշխարհը կրկին մասը դառնա Մայր Հայրենիքի՝ այն Հայաստանի, որին ձգտել ու ձգտում ենք բոլորս։ Առ Աստված իմ աղոթքներն ու սրտի խորքերի ամենանվիրական իղձերն ուղղված են մեկ բանի՝ կրկին հայացած տեսնել Արցախը։ Եվ իմ պարտքն է՝ հայրաբար նույն հորդորը հղել ամենքիդ, որ դուք ևս ձեր կյանքի ուղիներում միշտ ամուր պահեք այդ նույն իղձը։ Թող Ամենակալ Տերն Իր շնորհները առատորեն բաշխի մեր ժողովրդին՝ պարգևելով ուժ, եռանդ և եղբայրասիրության առատ պտուղներ։ Թող Աստծո կամոք նվիրագործվի մեր ազգային երազանքը և մոտ ապագայում կրկին ղողանջեն Արցախի եկեղեցիների զանգերը՝ իրենց զավակներին կանչելով մայրական օրրան։ Թող մշտապես վառ մնա մեր հերոսացյալ հայորդիների հիշատակը, և թող անիրավ գերության մեջ գտնվող մեր զավակները կրկին ազատության պարգևին արժանանան։ Ամեն։
ՀԱՍԵ Արցախի թեմ