Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար
Գլխավոր » Լրահոս » Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար

Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար

«Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար» խորագրով քննարկում՝ «Ջենեսիս Արմենիա» համահայկական ուղեղային կենտրոնի նախաձեռնությամբ` գործակցելով «Արցախ միության» հետ։

Կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը ներկայացրել է Արցախ. տունդարձի ռազմավարություն թեման:

Աբրահամ Գասպարյանի փոխանցմամբ՝ «Ջենեսիս Արմենիա»-ն արցախցիների տունդարձի ռազմավարություն է մշակում․«Այս ռազմավարությունը հեռու է սիրողական և կենացային մոտեցումներից, հենվում է միջազգային իրավունքի և պրակտիկայի անաչառ և ռացիոնալ ուսումնասիրության, թեմային վերաբերվող հետազոտությունների և մասնագիտական մոտեցումների վրա»,- նշել է նա։

Քաղաքագետը շեշտել է, որ արցախցու վերադարձի հարցը միջազգային իրավունքի հարց է։ «Հավատում ենք, որ առաջիկա տարիներին, գործող վարչախմբի իշխանազրկումից հետո, հայկական պետության արտաքին քաղաքական կուրսն էականորեն փոխվելու է, օրակարգի առաջնահերթությունների եռյակում էլ լինելու է՝ Արցախի հարցի արդար կարգավորումն ու արցախցիների վերադարձի իրավունքի իրացումը: Ցավոք, այսօր Արցախցիների տունդարձի հարցը դուրս է ՀՀ իշխանության արտաքին քաղաքական և միջազգային հումանիտար իրավունքի օրակարգից»,-նշել է նա։

Աբրահամ Գասպարյանը նաև ներկայացրել է Արցախ վերադարձի ճանապարհային քարտեզ, շեշտելով, որ կարեւոր է Արցախի ու արցախցու վերադարձի հարցը հռչակել ազգային հավաքական ինքնության բաղադրիչ, բացառելով անհատական վերադարձի հնարավորությունը։

Նա գտնում է, որ ՀՀ-ն պարտավոր է ապահովել Արցախի 3 իշխանությունների՝ Օրենսդիր, Գործադիր և Դատական ներկայացուցչական մարմինների անխափան գործունեությունը, ֆինանսավորումը, ներգրավել Արցախի ԱԳՆ ներկայացուցիչներին ՀՀ օտարերկրյա դիվանագիտական առաքելություններում/ ներկայացուցչություններում, պատվիրակությունների կազմում, ինչպես նաեւ ապահովել ՀՀ-ում արցախցիների բնակարանային և աշխատանքային ոչ խտրական պայմաններ։

Նա կարեւոր է համարել ՀՀ, Արցախի և Սփյուռքի քաղաքական և քաղաքացիական առանցքային կառույցների, միությունների, կուսակցությունների և ազդեցիկ ուժերի կոնսենսուսը՝ արցախցիների վերադարձի հարցը հռչակելով համազգային քաղաքական օրակարգի գերակայություն, բացառելով Արցախի և ՀՀ ինքնիշխան տարածքի կամ փախստականների փոխանակման վերաբերյալ ցանկացած ճնշում/առաջարկ։

Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի տեղահանությունից հետո նյութական կորուստների վիճակագրությանը, Արցախի եւ ՀՀ-ի էներգետիկ համակարգերին եւ կորուստներին, ռազմական եւ քաղաքական պատանդների վերադարձի մեխանզիմներին, Արցախի Մարդու իրավունքի պաշտպանի միջազգային գործակցությանը, հետպատերազմյան Արցախի Հանրապետության կառավարման համակարգի կառուցվածքային եւ կիրառական փոփոխություններին, ձեռքբերումներին եւ կորուստներին:

Կարեւորվել են Արցախի սուբյեկտանյության պահպանումը, արցախցիների իրավունքների եւ վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված հարցերը, ինչպես նաեւ համահայկական ներուժի զորաշարժը՝ ի նպաստ Արցախի եւ Հայաստանի:

Ապառաժ

Զեկույցն ամբողջությամբ Aravot.am-ում

1