Որդուն ու ամուսնուն կորցրած կինը չի կարողանում հարմարվել իրականության հետ
Գլխավոր » Լրահոս » Որդուն ու ամուսնուն կորցրած կինը չի կարողանում հարմարվել իրականության հետ

Որդուն ու ամուսնուն կորցրած կինը չի կարողանում հարմարվել իրականության հետ

Երջանիկ ընտանիք էին։ Մեկ տարի առաջ՝ օգոստոսին, նրանց օջախում մեծ իրադարձություն էր մինուճար որդու՝ Սուրենի, հարսանեկան արարողությունն էր։ Շրջափակված Արցախի վերջին հարսանիքներից մեկը, որտեղ նորափեսան ու նորահարսը իրար սիրելու հավերժ երդում տվեցին։ Հայրը՝ Մխիթարը, հպարտ էր որդին մեծացել, ընտանիք է կազմում։ Մայրը՝ Մարիան, չէր դադարում երջանիկ հայացքով նայել որդուն, իսկ քույրերը թռչկոտում էին նորափեսա եղբոր շուրջը։ Բոլորն ուրախ էին նրանց համար։ Աշխատասեր ու գեղեցիկ այս ընտանիքը մեծ հարգանք էր վայելում Ասկերանում։

Հարսանիքից հետո երջանիկ ծնողներն օրեր շարունակ շնորհավորանքի ու մաղթանքի խոսքեր էին լսում ի՞նչ իմանային, որ որդու ամուսնական կյանքն ընդամենը 27 օր է տևելու․․․ 2023-ի սեպտեմբերի պայթյունը անողոքաբար վերջակետ դրեց Հայրիյանների լիակատար երջանկությանը։

Սեպտեմբերի 19-ին թշնամու առաջին զարկերի հետ հայր ու որդի արդեն առաջնագծում էին։ Վերադարձան ողջ ու առողջ, սակայն օրեր անց վառելիքի պայթյունի զոհ դարձան․․․

Այսօր Մարիան աղջիկների, թոռնիկի ու փեսայի հետ ապրում է Կոտայքի մարզի Քասախ գյուղում։

Որդուն ու ամուսնուն կորցրած կինը չի կարողանում հարմարվել իրականության հետ։ Պատմում է մերթ որդուց, մերթ ամուսնուց

-Տղաս ծնված օրից տեսել է, որ հայրն անվերապահորեն ծառայում է հայրենիքին․ նա դաստիարակվել է միայն այդ ոգով։ Ասես հոր նմանակը լիներ․ որտեղ դժվար տեղեր կար, այնտեղ էր։ Ժամկետային ծառայությունն անց է կացրել Մատաղիսում։ Ծառայում էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Տղաս հաղթահարեց այդ արհավիրքը և անձնվեր ծառայության համար պարգևատրվեց <<Անձնուրաց պաշտպան>> մեդալով:

Զորացրվելուց հետո ծառայությունը շարունակել է Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում, որի ընթացքում բազմիցս ծանր կացության մեջ է ընկել, բայց միշտ էլ պատվով է դուրս եկել։ Հայր ու որդի նաև աշխարհազորում էին ընդգրկվել, որ տեր կանգնեն հայրենի հողին։

Մխիթարն ու Սուրենն այնքան դժվար տեղերից են փրկվել, ողջ մնացել և հանկարծ զոհ դարձել սարսափելի արհավիրքին, որ պատուհասեց արցախցիներիս։ Երբ հայտնի դարձավ, որ պետք է ստիպված լքենք Արցախը, տղաները կանգնեցին փաստի առաջ․ վառելիք չկար։ Սեպտեմբերի 25-ին շատերի հետ իրենք էլ գնացին բենզին հայթայթելու։ Պայթյունի պահին հայր ու որդի այնտեղ էին։ Ճակատագրի անգութ նախախնամություն։ Սուրենը ծանր վիրավորվել էր, իսկ Մխիթարը չկար։ Տղայիս հասցրին Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղից էլ հաջորդ օրն ուղղաթիռով տեղափոխեցին Երևան։ Աղջիկներիս հետ սեպտեմբերի 27-ին բռնեցինք դժոխքի ճանապարհը։ Թե ինչպես հասանք Երևան, չեմ կարող արտահայտել։ Անորոշությունը տանջում էր մեզ։

Հասանք Երևան ու անմիջապես գնացինք հիվանդանոց՝ որդուս մոտ։ Բժիշկներն անզոր էին փրկել սարսափելի այրվածքներ ստացած տղայիս։ Սեպտեմբերի 30-ին անմահացավ պատերազմներով անցած, մահվան աչքերին բազմիցս առերեսված Սուրենս։ Նա իր վերջին հանգրվանը գտավ Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Մեծ ցավ եմ ապրում, որ հայրը, ով մի ողջ կյանք է անցկացրել ծառայության ու պատերազմների մեջ, իր որդու կողքին չի հանգչում։ ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց ամուսնուս ինքնությունը, և ամիսներ հետո նրան հուղարկավորեցինք։ Հայր ու որդի երկնային կյանքում միացան իրար․․․

Մարիա Հայրիյանն այսօր չգիտի ինչպես գոյատևել։ Վարձավճարով զբաղեցրած տանը ինչքա՞ն պետք է ապրեն, չգիտի։ Մշտական աշխատանք չունեն։ Տնային պայմաններում նա կար ու ձև է անում, ավագ դուստրը՝ Սնեժանան, երեխային է խնամում, իսկ փոքրը՝ Սրբուհին, մատնահարդարման դասընթացների է մասնակցել և աշխատանքի փնտրտուքի մեջ է։ Որպես անչափահաս՝ ապրիլ ամսից նրան նպաստ է նշանակվել։

Այսօր Մարիայի միակ ուրախությունը թոռնիկն է՝ Արթուրը, որի մեջ իր Սուրենին է փնտրում։

-Արցախում զբաղվում էի իմ սիրած գործով․ աշխատանքս ծաղիկների ու գեղեցիկի հետ էր։ Ամուսինս ու երեխաներս օգնում էին ինձ, ու մեր ծաղկի բիզնեսը բավականին հաջողված էր։ Մեր ընտանիքում ամեն մեկը գիտեր իր անելիքը։ Մխիթարի հետ վայելում էինք մեր ցանած բերքի պտուղները։ Հիմա թևերս կտրած թռչունի եմ նման։

Որդուս հարսանիքն եմ հիշում՝ ինչքա՜ն երջանիկ էինք բոլորս։ Ախր մեծ գերդաստան ենք, միշտ համերաշխ, միասնական․․․ Ամեն ինչ մնաց Արցախում․ առաջվանը լինել այլևս չենք կարող։ Ամուսնուս մայրը, որն Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկի կին է և միայնակ է մեծացրել իր չորս զավակներին, ինչպե՞ս կարող է հարմարվել դաժան այս իրականությանը։ Ապրում ենք հուշերով, կարոտով, սակայն հասկանում եմ, որ պետք է ուժ հավաքեմ, տեր կանգնեմ դստրերիս, հարսիս՝ Լիանային, թիկունք լինեմ կիսուրիս․․․ Գիտեմ՝ Մխիթարն ու Սուրենը տեսնում են ամեն ինչ․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1