ՀՀ իշխանությունները պարզապես հրաժարվել են Արցախի վերաբերյալ որևէ ռազմավարություն մշակելուց
ՀՀ-ի նկատմամբ ճնշումներն ու պարտադրանքները «հարևանների» կողմից շարունակվում են, այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ սեպտեմբերի 16-ին կայացած մամլո ասուլիսում։
Նա նշեց, որ ամենացավալին այն է, որ այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ լրանում է մեր հայրենակիցների՝ արցախահայերի, բռնագաղթեցման 1 տարին. «Երբ Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտերում և ՀՀ-ի իշխանությունների կողմից ոչ մի քայլ չի կատարվել՝ նրանց վերադարձնելու ուղղությամբ։ Երկու տարի է անցել այն գործողություններից, երբ Ջերմուկի հատվածում ադրբեջանցիներ ներթափանցեցին և այսօր գործուն գործողություններ չեն իրականացվում՝ նրանց ՀՀ տարածքից դուրս մղելու համար։
Մեզ համար Արցախի հարցն ամենացավալին է և այն չի վերջացել։ Արցախի համար հակամարտությունը չի ավարտվել, Ադրբեջանն իր հանցագործ գործողություններով անցած տարի բռնաթափեց ամբողջ Արցախը և դրա համար Ադրբեջանը պետք է պատասխան տա։ Այսօր հակառակն է իրականացվում. Ադրբեջանը, լինելով ագրեսոր երկիր, փորձում է ՀՀ-ի վրա դնել ագրեսոր երկրի վրա դրվող բոլոր պատժամիջոցները»։