ԽՄԲԱՎԱՐԻ ԽՈՍՔԸ. Զաքար Քեշիշյան
Գլխավոր » Լրահոս » ԽՄԲԱՎԱՐԻ ԽՈՍՔԸ. Զաքար Քեշիշյան

ԽՄԲԱՎԱՐԻ ԽՈՍՔԸ. Զաքար Քեշիշյան

«Այս տարուան համերգաշարին առիթով. Երկար ու ձիգ տարիների ավանդություն է լցնել այս էջը։ Մենության մի պահի, փորձերի ու համերգի պատրաստությունների թոհուբոհի մեջ վերաքաղի համար մի պահ գտնելով` միշտ էլ գրել եմ մեծ սիրով ու գորովով։ Այստեղ եմ խտացրել «Վարանդա» երգչախմբի տարեգրության շղթայի ամեն մի օղակի ավելացման տարվա իմ ապրումներն ու հույզերը, տեղեկություններն ու ․․․

Այս տարվանը չի գրվում կարծես։

Այս պահին սեպտեմբերի 2-ի հետմիջօրեն է։ Առավոտուն այցելեցինք Եռաբլուր, ուր ննջում են մեր նահատակները, նրանց շարքին՝ ՎԱՐԱՆԴԱ-ի նախկին սաներ, նախկին սանուհիների եղբայրներ ու ամուսիններ, ներկա սաների հայրեր ու հարազատներ ․․․

Իսկ եթե այս համերգը չկայանար ու այս խոսքը գրելու փորձը չկատարվեր ․․․

Անտանելի էր ամեն փորձի զգալ, որ ինչքան էլ սիրով տրամադրված ու սիրելի, սակայն քո սովորական փորձասենյակում չես։ Անտանելի է «քո ափսեում չլինելու» զգացողությունը։

Անտանելի է ամեն փորձի հիշել, որ Շուշիի սիրելի ու արդիական փորձասենյակը թիրախ է դարձել թշնամու ռմբակոծության, ցրիվ է եկել քո այնքան փայփայած ու տարիներով կուտակած արխիվը, ամբողջ համալիրը՝ արդիական համերգասրահ, Շուշիի ստեղծագործական խմբերի փորձասենյակները, ամբողջությամբ քանդված է ու տեղը կառուցված ․․․

Եվ ամեն փորձի ընթացքին անդրադառնալ, որ սիրասուն սաներդ իրենց ծնողների ու հարազատների հետ այժմ ցրված են Հայաստանի ամբողջ տարածքում ու իրենց հայրենիքի մեջ իսկ տարագիր՝ ապրուստի ու կենցաղի լուրջ խնդիրներ ունեն, և դեռ ավելին ․․․

Շուշիի անկումից հետո Ստեփանակերտում երկու հաջորդական տարիներ «Երգող Արցախ» ծրագիրը բեմ բարձրացավ 120 երգող սաներով։ Հոշոտված Շուշիին նայելով՝ բայց դեռ Արցախի հողում։ Այս տարի Երևան, Աբովյան ու Մասիս քաղաքներից հնարավոր եղավ հավաքագրել այդ թվի ուղիղ կեսը։ Մեծ ցավ ապրեցի Գյումրի, Գորիս կամ արտերկրի այլևայլ քաղաքներում ապաստանած այն սաներիս համար, որոնց չկարողացա ընդգրկել այս համերգում ․․․

Էսքանից հետո, պիտի ասեք, «հալա ե՞րգում ե՜ք»։

Այո՛, երգո՛ւմ ենք։ Երգում ենք. և երգով միասին ենք։

Երգում ենք. և երգելուց լցվում հայի խենթ հույսով ու հավատով. ամրապնդում ապրելու մեր իրավունքն ու գիտելիքը. ապրեցնում բացականերին՝ երգելով նաև նրա՛նց փոխարեն։

Երգում ենք՝ լցվելու հնով և ավանդելու այն նորերին։

Երգում ենք, որ մեր երգի տատանումները հասնեն Արցախի հողին, ու նա զգա, որ ուր էլ լինենք, մեր սրտերը տրոփում են իր շնչառության կշռույթով։

Իսկ այս տարվա իմ առաքելությունը չէր իրականանա առանց Արևելյան Ամերիկայի Կիլիկյան թեմի Առաջնորդի ու Առաջնորդարանի ինքնաբուխ հովանավորության։ Երբ միօրյա այցով Նյու Յորքում էի և «Երգող Արցախ»-ի ծրագիրը սերտողության տակ էր դեռևս, ու նոր էի հետաքրքրվում, թե սաներիցս ով որտեղ է, առաջնորդ Տ․ Անուշավան Սրբազանն ի՛նքը նախզգաց ծրագրի հաջողությունը և առաջարկեց դրա հովանավորությունը՝ Սուրբ Լուսավորիչ Մայր եկեղեցվո հովիվ Տ. Մեսրոպին հորդորելով, որ միանա նաև եկեղեցին։ Այսպիսով, կամուրջից այն կողմ մնացած մեր տարազները փոխարինվեցին նորերով, հարթվեցին մեր կազմակերպչական մեծածախս ծրագրի բոլոր խոչնդոտները, որոնց համար կրկին բարեշնորհ գտնվեցին նաև արցախյան առաքելությանս հավատացող ինձ հարազատ մի քանի ազգականներ ու ընկերներ, և ես կրկին հնարավորություն ունեցա իրագործել ե՛վ «Երգող Արցախ» ծրագիրը, ե՛վ «Միասնականչ» խորագրով շվիի ու դուդուկի ավանդական դարձած մենահամերգը։ Շնորհակալությո՛ւն։

Շնորհակալ եմ մեր երգչախմբի համար հին ու նոր երգեր հորինած բոլոր սերնդների բանաստեղծներին ու կոմպոզիտորներին։ Շնորհակալ եմ մանավանդ իրենց նո՛ր երգերի համար, որոնց շնորհիվ պահվեց նաև այդ՝ ամեն տարի նոր երգերով ներկայանալու ավանդույթը։

Ուզում եմ ջերմ սիրով գրկել երգչախմբի սաներիս նաև այն փաստի համար, որ նրանք 16 խմբերգ ընդգրկող այս համերգը պատրաստեցին ընդամենը 19 փորձի ընթացքում։ Երգացանկը կազմելիս նկատի ունեցել եմ կատակը, խաղն ու զվարթությունը, ինչպես նաև ոչ ամբոխավարական հայրենասիրական խմբերգեր՝ մտածելով, որ այս փուլում սա է մեզ անհրաժեշտ։ Իսկ մեր փորձերը պարուրովեցին նաեւ թատերական ու համերգային ծրագրերի այցերով, ականավոր երաժիշտների տուն – թանգարանների այցերով, որտեղ եւ կատարեցինք մեր օրվա փորձերը։

Ահավասիկ. այնուամենայնիվ, ինչ որ բան գրվեց կարծես։

Իսկ այս տարի ինձ թույլ կտամ անձնական մի զեղում․ Շուշիի սուրբ Ղազանչեցոցում մեր պսակադրության 20-ամյակի առիթով ՝ այս համերգը նվիրում եմ ամբողջ մի քսանամյակ արցախյան առաքելությունս ինձ հետ կիսած տիկնոջս՝ Կամիլային․ Ձեր՝

Պարոն Զաքար»։

1