Չի կարող իրական խաղաղություն հաստատվել տարածաշրջանում հայ ժողովրդի օրինական իրավուքների ոտնահարման պայմաններում
Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի կողմից կազմակերպվել է բողոքի ակցիա, որին մասնակցել են մի խումբ հասարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մասնակիցների պահանջն էր ավելի քան 36 տարի առաջ Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնի տեղահանված 1 միլիոնից ավելի հայերի հարցի լուծումը, որը տարիներ շարունակ մնում է առկախված։
Այսօր, երբ օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ձևավորված Արցախի Հանրապետությանը բռնազավթված ու ցեղասպանական գործողություններով էթնիկ զտմամբ հայաթափվել է, իսկ Ադրբեջանի ղեկավարը լկտի պահանջ է ներկայացնում ՀՀ-ին՝ ապահովելու կեղծ և շինծու՝ թվով 300 հազար ադրբեջանցիների անվտանգ բնակությունը Հայաստանում, ապա այլևս չպետք է լռել։
Ակցիայի մասնակիցները ՀՀ Վարչապետից, Մինսկի խմբի համանախագահող երկրներից, ՀՀ-ում ՄԱԿ-ի և ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցչություններից պահանջում են բանակցությունների միջազգային օրակարգ ներառել 36 տարի առաջ Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնի տեղահանված և Արցախից ավելի քան 100 հազար հայության հազարամյա բնօրրան, հայերի անվտանգ վերադառնալու և ապրելու իրավունքի հարցը։
Չի կարող իրական խաղաղություն հաստատվել տարածաշրջանում հայ ժողովրդի օրինական իրավուքների ոտնահարման պայմաններում։