Ցավում ենք. Ալեն Սիմոնյանն առաջ է մղում ադրբեջանական թեզեր, Արցախի ԱԺ-ն ընտրվել է ժողովրդի մանդատով. Վահրամ Բալայան
Խոհրդարանում մեկնարկել է աշնանային նստաշրջանը, որի առաջին նիստն աչքի ընկավ իշխանական խմբակցության, մասնավորապես՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակաարցախյան մի շարք հայտարարություններով։
Ըստ Ալեն Սիմոնյանի, պետք է լուծարել Արցախի Ազգային ժողովը, քանի որ իր համար արցախցի պաշտոնյա գոյություն չունի։
«Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է, իրենց պաշտոնյաների որոշմամբ և իրավահարաբերությունները հնարավոր են, եթե կա երկու կողմ։ Ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել, կարող եմ ՀՀ որոշ քաղաքացիների համար ընդունելություն կազմակերպել ու հարմար օր հանդիպել»,- իր խոսքում նշեց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը համարում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեց ու փաստաթուղթ ստորագրեց, դա Հայաստանի հաղթանակն է եղել։
Պրահայի համաձայնագիրը դա ՀՀ-ի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովող ամենավերջին ու ամենահստակ փաստաթղթերից մեկն է։
Հայաստանի իշխանությունը կստորագրի յուրաքանչյուր փաստաթուղթ, որտեղ ՀՀ ինքնիշխանությունը, սահմանները ֆիքսվում են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահը։
Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, <Դաշնակցություն> խմբակցության անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ ՀՀ օրվա իշխանությունը մշտապես դեմ է եղել, որպեսզի գործի Արցախի իշխանությունը, առհասարակ Արցախ գոյություն ունենա, և սա նորություն չէ։
«Փաստն այն է, որ Արցախի ԱԺ-ն ընտրվել է ժողովրդի մանդատով, առհասարակ Արցախի իշխանությունը ժողովրդից ստացած մանդատով է գործում։ Մինչև 2025 թվականի մայիս ամիս Արցախի ԱԺ-ն ունի այդ մանդատն օգտագործելու բոլոր լիազորությունները»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահրամ Բալայանը։
Նա նաև ընդգծեց՝ գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանությունը գրեթե նույնությամբ կրկնում է այն թեզերը, որոնց մասին խոսում է Ալիևը։
«Ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները կարծում են, թե ՀՀ-ում Արցախի իշխանությունների գոյությամբ իրենց իշխանությունը վտանգվում է։ Նաև մտածում են, թե Արցախի իշխանությունները փորձում են կանխել խաղաղության գործընթացը։ Իրականության մեջ, իհարկե, նման որևէ բան չկա, պարզապես վտարանդության մեջ գործող Արցախի իշխանությունների հիմնական նպատակն է՝ պաշտպանել արցախահայության ազատ ապրելու իրավունքը՝ վերադառնալ հայրենիք ու ապրել իր բնօրրանում։ Սա որևէ բանով չի վնասում Հայաստանին, ավելին՝ խելացի իշխանություն ունենալու դեպքում Հայաստանը կարող էր սա օգտագործել արտաքին քաղաքականությունում։ Ադրբեջանը մշտապես խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, ցուցադրում են քարտեզներ, որտեղ ամբողջ Սյունիքը, Սևանա լճի ավազանը, Վայոց ձորը ներկայացվում են՝ որպես ադրբեջանական։ Նույնիսկ, եթե նման քարտեզ նրանք չցուցադրեն, մենք հասկանում ենք, թե նրանց գլխավոր նպատակը որն է։
Արցախի ԱԺ-ն փակելու փոխարեն, ՀՀ իշխանությունը կարող է արցախահայերի վրադարձի հարցը դարձնել օրակարգային, հատկապես, որ միջնորդ երկրների կողմից ցանկություն կա օժանդակելու արցախահայերի վերադարձին»,- շեշտեց Վահրամ Բալայանը։
Նա նաև ընդգծեց՝ չպետք է ՀՀ-ում իշխանության մակարդակով կրկնվեն այն թեզերը, որոնք առաջ է մղում Ադրբեջանը։
«Այդ թեզերի բարձրաձայնումը ՀՀ իշխանությունների կողմից օգուտ է միայն Ադրբեջանին։ Իհարկե, Ալեն Սիմոնյանի որդեգրած մոտեցումը նոր բան չէ, առաջին օրվանից այդ մոտեցումը եղել է, մենք պարզապես դրա համար ցավում ենք»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։