Գեղանկարիչ Արծիվ Լալայանը շարունակում է ստեղծագործել Հայաստանում, բայց չի կորցնում Արցախ վերադառնալու հույսը
Գլխավոր » Լրահոս » Գեղանկարիչ Արծիվ Լալայանը շարունակում է ստեղծագործել Հայաստանում, բայց չի կորցնում Արցախ վերադառնալու հույսը

Գեղանկարիչ Արծիվ Լալայանը շարունակում է ստեղծագործել Հայաստանում, բայց չի կորցնում Արցախ վերադառնալու հույսը

Կրկնակի տեղահանված Արծիվ Լալայանի կյանքի պատմությունն սկսվում է Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից, որտեղ ծնվել, հասակ է առել, տունուտեղ դրել, անուն ձեռք բերել։ 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով, երբ Հադրութի շրջանը լրիվությամբ անցել է թշնամու վերահսկողության տակ, Արծիվը բռնի տեղահանված ընտանիքների շարքին է դասվել․ գերադասել է մնալ Արցախում ու բնակություն հաստատել Ստեփանակերտում։ 2023-ի՝ Արցախի հայաթափումից հետո նրա ընտանիքը դարձավ կրկնակի տեղահանված։ Այսօր Լալայանների ընտանիքը բնակվում է Արարատի մարզի Այնթապ համայնքում։

Առաջին տեղահանության ժամանակ Արծիվը ոչինչ չի վերցնել իր օջախից, իսկ երկրորդ անգամ հասցրել է Արցախից դուրս հանել իր և կնոոջ հեղինակային նկարները՝ մտածելով, որ գոնե այս անգամ կարող է փրկել նորաստեղծ այդ գործերը, որոնցից ամեն մեկն իր յուրովի պատմությունն ունի։

Գեղանկարիչ Արծիվ Լալայանի հոգում 44-օրյա պատերազմն իր ծանր հետևանքներով խոր ազդեցություն է թողել։ Հանդարտ, մեղմ ձայնով նա պատմում է այդ աղետալի օրերի մասին։ Անցել է 4 տարի, սակայն այդ ամենը վերհիշելուց՝ դողում է նրա ձայնը։

-2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, կամավոր մեկնեցի առաջնագիծ՝ Հադրութի գնդի կողմից պահվող տարածք։ Ստանալով զենք ու զինվորական հագուստ՝ նույն երեկոյան հասա դիրքեր։ Երկու օր նույն դիրքում մնալուց հետո՝ տեղեկություն ստացանք, որ թշնամին անցել է մեր թիկունք, պետք է փոխենք մեր տեղը։ Որպես տեղանքը լավ իմացող՝ առաջարկեցի մնալ ժամկետային զինվորների կողքին, ու ես տղաների հետ գնացի 112 դիրքը։  

Գրեթե բոլոր ընտանիքները տեղափոխվել էին Հայաստան։ Խոսում էին, որ հոկտեմբերի 8-ին թշնամին մտել է Հադրութ ու արդեն տիրում է ողջ քաղաքին։ Գյուղի հետ կապ էի պահում․  լուրեր էին հասնում, որ գյուղում մնացել է միայն իմ ընտանիքը՝ ծնողներս, կինս ու 4 զավակներս։ Ընտանիքս տեղափոխելու համար ստիպված գնացի գյուղ՝ նախապես թույլտվություն ստանալով վաշտի հրամանատարից։ Հոկտեմբերի 12-ին հասա գյուղ, հաջորդ օրը մորս, կնոջս և երեխաներիս հասցրի Գորիս ու հետ դառա։ Հայրս ու երկու եղբայրներս մնացին գյուղում։ Երբ եկա գյուղ, արդեն հնարավորություն չկար դիրքեր բարձրանալու։ Եղբորս՝ Գառնիկի և մի քանի համագյուղացիների հետ միացանք Հայաստանի խաղաղապահ գումարտակին՝ մեր գյուղից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Գոմեշատտու գյուղի պաշտպանական բնագծերը պահելու նպատակով։

Մի երկու օր հետո լսեցինք, որ թշնամին Դրախտիկում է։ Մեզ ասացին, որ պետք է հետ քաշվել մեր նոր դիրքից։ Արդեն հոկտեմբերի 21-ն էր, երբ եկանք գյուղ։ Հաջորդ օրը ինձ՝ որպես ուղեկցող, հատուկ ջոկատայինների մի փոքր խմբի հետ ուղարկեցին գյուղի արևելյան մասում գտնվող Լուսավորչի քերծ կոչվող սարը։ Անտառի միջով անցնելիս, մեզանից հեռու, ականանետից արձակված ռումբի պայթյուն լսեցինք, որից հետո հատուկ ջոկատայինները հրաժարվեցին բարձրանալ սարը և հետ դարձան։ Այդ տարածքը մնաց առանց վերահսկողության, որտեղից էլ հետո թշնամին մտավ Թաղեր։

Այդ ընթացքում սկսեցին գյուղը ռմբակոծել։ Հրահանգ եկավ՝ դուրս գալ գյուղից։ Ես գյուղի վերևի մեր տանն էի, իսկ հայրս ու եղբայրներս՝ Վահրամը և Գառնիկը, ներքևի։ Վահրամը այդ պահին եկավ իմ մոտ ու երկուսով հայտնվեցինք դիպուկահարների նշանառության տակ։ Հենց այդ պահին եղբայրս ասաց՝ վիրավորվեցի։ Ոտքի գլխավոր երակն էր կտրվել։ Միանգամից կորցրեց գիտակցությունը, արյունաքամ լինելով՝ մահացավ իմ ձեռքերի մեջ։ Զանգեցի Գառնիկին ու ասացի, որ Վահրամն էլ չկա։ Հետո կապ հաստատեցինք մեր համագյուղացիների հետ, որոնք անտառներում էին, բայց ոչ ոք չկարողացավ գալ օգնության, վտանգավոր էր։

Եղբորս մարմինը տեղավորեցինք մեքենայի մեջ։ Կրակոցները չէին դադարում․ եթե մի փոքր գլուխս բարձր լիներ՝ ինքս էլ կզոհվեի գյուղում։ Գլխավոր ճանապարհն արդեն թշնամու ձեռքին էր, չէինք կարող մեքենայով դուրս գալ․ և մեր եղբոր աճյունը թողնելով այդտեղ՝ ստիպված հեռացանք գյուղից։  Անտառներում միացանք մերոնց։ Դավիթ Մանուկյանը առաջարկեց հրասայլով ու մի 10 հոգով գնանք ու եղբորս մարմինը դուրս բերենք։ Ես համաձայնվեցի ու իրենց մոտ սպասեցի, թե երբ պիտի այդ գործողությունը կատարենք։ Այդ ընթացքում թուրքերի մի ջոկատ շղթա կազմած սկսեց շարժվել մեր ուղղությամբ, և մեր մնացած փոքրաթիվ ուժերը սկսեցին շարժվել դեպի Խուռհատեն խութ կոչվող ջրբաժան հատվածը, ու նախորդ առաջարկի մասին չխոսվեց։ Հասանք Ստեփանակերտ։ Մի երեք օր հետո եղբորս հետ գիշերը եկանք գյուղ, որտեղ արդեն թշնամին էր։ Հնարավորինս աննկատ հասանք մեր տուն, մոտեցանք մեքենային ու տեսանք, որ եղբորս մարմինը չկա։ Մտածեցինք՝ գուցե տարել են մարմինը։ Շատ մութ էր։ Ստիպված էինք հետ դառալ։ Նոյեմբերի վերջերին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նորից գնացինք գյուղ՝ եղբորս մարմինը փնտրելու։ Գտանք․ մեքենայի տակ էին դրել։ Դեկտեմբերին աճյունը տեղափոխեցինք Երևան և հուղարկավորեցինք Եռաբլուր զինվորական պանթեոնում,-պատմում է Արծիվ Լալայանը և ավելացնում, որ Արցախյան առաջին պատերազմում ինքն ու եղբայրը վիրավորվել էին․ ինքը՝ ոտքից, իսկ Վահրամը՝ գլխից։ 17 տարեկան էր եղբայրը․ մի քանի ծանր վիրահատություններ է տարել և հաշմանդամ մնացել։ Մեծ եղբայրը՝ Խաչոն, զոհվել է 1993-ին։

2020-ի պատերազմից հետո Մեծ Թաղերից բռնատեղահանված Լալայանների ընտանիքը բնակություն է հաստատել Ստեփանակերտում։ Նախ՝ ապրել են վարձավճարով, հետո՝ ծնողները, որպես զոհվածի ընտանիք, պետության կողմից բնակարան են ստացել, որտեղ ապրել է նաև Արծիվի ընտանիքը։ Մյուս եղբայրը՝ Գառնիկը, տեղափոխվել է Սոս ու բնակություն հաստատել այնտեղ։ Ծառայում էր ԱՀ ՊԲ բանակի շարքերում։ Փառք Աստծո, վերջին պատերազմում Լալայան գերդաստանը զոհ չի ունեցել։

-Նկարչությամբ զբաղվում եմ 1993 թվականից։ Թշնամու կողմից բռնազավթված Հադրութի Մեծ Թաղեր գյուղում ես և կինս՝ Տաթև Ամիրջանյանը, որ նույնպես նկարչուհի է, գյուղում թողել ենք տարբեր չափի թղթերի վրա արված հազարավոր նկարներ և մոտ հարյուր կտավ։ Մեծ Թաղերի Արմենակ Խանփերյանցի անվան թանգարանի տնօրենն էի. ահագին աշխատանքներ էի իրականացրել՝ այն կանգուն պահելու համար։ Ցավոք, մի ողջ հարստություն, պատմական արժեքներ մնացին այնտեղ, որոնք հավանաբար վանդալիզմի ենթարկվեցին թշնամու կողմից։

Հադրութից տեղահանվելուց հետո աշխատում էի Արցախի պատմաերկրագիտական թանգարանում՝ որպես Հադրութի պատմության բաժնի վարիչ։ Ստեփանակերտում նորից սկսեցի նկարել, նոր գործեր ստեղծել։ Այստեղ ևս նկարում եմ։ Ստեղծագործելու պահին ես կրկին վերապրում եմ անցյալը, հիշում ամեն ինչ։ Երբեք չեմ կորցնում հույսս, որ Արցախում նորից հայեր են ապրելու և այն հայկական է լինելու։

Մտադիր եմ ընտանիքիս հետ ապրել Հայաստանի որևէ գյուղական բնակավայրում ու զբաղվել մեղվաբուծությամբ։ 5 զավակ ունեմ․ փոքրս ծնվել է 44-օրյա պատերազմից հետո, Ստեփանակերտում։ Նրանց ոտքի կանգնեցնելու համար պարտավոր եմ քրտնաջան աշխատել։ Հույս ունեմ, որ նկարներիս վաճառքից ևս կկարողանամ եկամուտ ստանալ,-ասում է զրուցակիցս։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1