Դպրեվանքն անվճար ուսումնառության հնարավորություն է տալիս արցախցի պատանիներին
Գլխավոր » Լրահոս » Դպրեվանքն անվճար ուսումնառության հնարավորություն է տալիս արցախցի պատանիներին

Դպրեվանքն անվճար ուսումնառության հնարավորություն է տալիս արցախցի պատանիներին

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ  Ա. Կաթողիկոսի հովանավորությամբ Դպրեվանքը (Կիլիկիոյ կաթողիկոսության հոգևոր ճեմարանը) իր դռներն է բացում 12-17 տարեկան արցախցի ուսանողների համար։ Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում հայտնել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության տեսուչ Պարույր վարդապետ Շերնեզյանը:

Նրա խոսքով՝ Դպրեվանքը միայն հոգևորականներ չի պատրաստում, այլ նաև՝ աշխարհիկ գործիչներ, ուսուցիչներ, երաժիշտներ և Սփյուռքի գաղութներում  ծառայող նվիրյալներ։

«Դպրեվանքում փորձում ենք այնպիսի մարդ կերտել, որը պատրաստ կլինի ծառայել որտեղ  կարիքը կա, ու իր կոչումն է: Դպրեվանքի ուսանողներն ապրում են մեկ ընտանիքի պես, ունեն ուսումնական ծրագիր, արտադասարանական աշխատանքներ, «Արմաշ» անունով մշակութային երգչախումբ, որտեղ մեր ուսանողները երգում, նվագում են, կա մարզասրահ, խաղասրահ, որտեղ կարող են սպորտային խաղերի հետևել, մարզվել և կտրվել ուսումնական միջավայրից»,- մանրամասնում է Պարույր Վարդապետը:

Կաթողիկոսությունը հոգում է ուսանողների բոլոր ծախսերը, ներառյալ՝ բժշկական, ճանապարհային և այլն։ Իսկ արցախցի ուսանողներն ամեն տարեշրջանի վերջում՝ ամռանը (հունիսից հոկտեմբեր) արձակուրդի են գալու Հայաստան, որպեսզի իրենց ծնողների կարոտն առնեն և ապա վերադառնան իրենց ուսմանը՝ Դպրեվանքի ծախսերով։

Հայր Պարույրը նշել է, որ Արցախից մինչև հիմա Դպերվանքում սովորող ուսանող չկար: Այս տարի արդեն կան դիմողներ և սիրով կընդունեն նոր դիմորդների:

«Մեր Արցախցի եղբայրների և  քույրերի տեղահանումից հետո,  Վեհափառ Հայրապետն իր աջակցությունն է ցանկացել հայտնել Արցախցի ընտանիքներին՝  նաև Դպրեվանքի միջոցով, որպեսզի արցախցի պատանիներն առիթը ունենան Լիբանան գալու և Դպրեվանքի ընձեռած առիթից օգտվելու»,- ասել է նա։

Դպրեվանքը գտնվում է Լիբանանի գեղեցիկ շրջաններից մեկում՝ Պիքֆայայում, որ Բեյրութից 30 րոպեի հեռավորության և ծովի մակերեսից 800 մետր բարձրության վրա գտնվող արվարձան է։ Այն ապահով շրջան է՝ շրջապատված քրիստոնեական համայնքներով։

Դպրեվանքի ուսումնակրթական ընդհանուր տևողությունը 8 տարի է (եթե աշակերտն իր ուսումը սկսի 12 տարեկանից)։ Առաջին չորս տարիները կոչվում  են Ժառանգավորաց, որի ընթացքում ուսանողները ստանում են հիմնական դասանյութերը՝  հայերեն, գրաբար, անգլերեն, արաբերեն, հայոց պատմություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն, Աստվածաշնչի ուսումնասիրություն, շարական, ծես, թվաբանություն (մաթեմատիկա), գիտություն և այլն։ Իսկ հաջորդ չորս տարիները կոչվում են Ընծայարան, որի ժամանակ ուսանողները ստանում  են ավելի մասնագիտական դասանյութեր, ինչպիսիք են՝  հոգեբանությունը, փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, աստվածաշունչի ուսումնասիրությունը, հայոց պատմությունը, մատենագրությունը և այլն։

«Եթե Դպրեվանք հաճախող աշակերտը կուսակրոն հոգևորական դառնալու (վարդապետ) նպատակ ու տվյալներ ունի, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ դառնում  է կուսակրոն  (ոչ ամուսնացյալ) կամ ամուսնացյալ քահանա՝  ծառայելով Լիբանանի կամ Սփյուռքի այլ գաղութներում։ Իսկ եթե ուսանողը եկեղեցական դառնալու երազանք ու կոչում չունի, կարող է ծառայել իբրև ուսուցիչ, ազգային գործիչ և ծառայող Սփյուռքի գաղութներում»,- նշել է Հայր Պարույրը։

Նա տեղեկացրել է, որ Դպրեվանքը համաձայնություն է կնքել Երևանի պետական համալսարանի հետ, որտեղ Դպրեվանքն ավարտած ուսանողը կարող է իր բարձրագույն ուսումը շարունակել հայագիտական կամ աստվածաբանական ուղղություններով։ Իսկ եթե ուսանողը ցանկանում է աստվածաբանություն սովորել օտար երկրներում, Արամ Ա կաթողիկոսի միջամտությամբ և տնօրինությամբ, իր բարձրագույն ուսումը կարող է շարունակել Եվրոպայի և Ամերիկայի հայտնի համալսարաներում։ 

Նա նաև նշել է, որ Դպրեվանք են հաճախում զանազան երկրներից ժամանած աշակերտներ՝ Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Ամերիկայից, Կանադայից և այլ երկրներից։ Նրանք մեկ տան նման ապրում են Դպրեվանքում՝ միասին ճաշելով, ուսանելով, խաղալով, զանազան մարմնամարզական եւ արտադասարանական ձեռնարկների մասնակցելով։

Այն պատանիները, ովքեր ցանկանում են սովորել Դպրեվանքում, կարող են կապ հաստատել Դպրեվանքի տեսուչ Հայր Պարույրի հետ՝ +9613857162 Whatsapp-ի միջոցով։  Սովորել ցանկացողների դեպքում, վարդապետը կգա և անձմաբ կընկերակցի արցախցի ուսանողին դեպի Լիբանան։

Դիմել  ցանկացողները կարող են գրանցվել նաև Համազգայինի, ՀՕՄ-ի գրասենյակների, Դպրեվանքի ֆեյսբուքյան էջի միջոցով:

Դպրեվանքի մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում:

Ապառաժ

1