Ես ձեր մեջ, ձեր աչքերում եմ տեսնում Արցախը. Մելանյա Բալայան
Գլխավոր » Երիտասարդական » Ես ձեր մեջ, ձեր աչքերում եմ տեսնում Արցախը. Մելանյա Բալայան

Ես ձեր մեջ, ձեր աչքերում եմ տեսնում Արցախը. Մելանյա Բալայան

Օգոստոսի 25-30–ը Բյուրականի ՀՄԸՄ–ՀԱՍԿ սկաուտական բանակավայրում տեղի է ունեցել «Արցախն իմ հոգում» խորագիրը կրող պատանեկան բանակում՝ արցախցի 12-16 տարեկան շուրջ 90 պատանիների մասնակցությամբ։

Բանակումը նախաձեռնել էր Հայ Օգնության միության Արցախի մեկուսի մասնաճյուղը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ համատեղ։

Բանակումի պաշտոնական փակմանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Մհեր Ավետիսյանը, ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամները, ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Զոյա Քոչարյանը, ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության անդամ, ՀՕՄ-ի Արցախի Մեկուսի մասնաճյուղի ատենապետ Մելանյա Բալայանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքի տեսուչ Հոգեշնորհ Տեր Պարույր Վարդապետ Շերնեզյանը և ծնողներ։

Փակման արարողությունը մեկնարկեց  ՀՄԸՄ նահատակների հուշարձանին ծաղիկներ խոնարհելով և աղոթքով, որից հետո հնչեցին Արցախի ու Հայաստանի պետական օրհներգերը։

Փակման արարողությանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Մհեր Ավետիսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՕՄ-ին՝ համագործակցելու, ազգային ձեռնարկներ նախաձեռնելու և կազմակերպելու համար, ՀՅԴ Արցախի երիտասարդական միությանը՝ գաղափարական և կազմակերպչական կեցվածք դրսևորելու համար, իսկ պատանիներին՝ ակտիվ մասնակցության համար, նշելով, որ ՀՅԴ Արցախի կառույցը  մշտապես պատրաստ է աջակցելու նմանատիպ ծրագրերի։

Տեր Պարույր Վարդապետ Շերնեզյանն իր ելույթը սկսեց աղոթքով և օրհնանքով, ապա նշեց, որ ՀՕՄ-ի կազմակերպած այս բանակման նպատակը պարզապես պատանիներին համախմբելը չէր, այլ նրանց նվիրելու այն արժեքներն ու շնորհքը, որով ՀՕՄ-ի կառույցն արդեն երկար տարիներ ծառայում է մեր ազգին ու Եկեղեցուն։

«Ես հուսով եմ, որ այն ինչ այս բանակումին վերցրիք, ձեր սրտերում պիտի պահեք և ի վերջո փոխադարձեք մեր ազգին»,-նշել է նա։

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Զոյա Քոչարյանը պատանիներին մաղթեց, որ մշտապես Մաշտոցից, Նարեկացուց մասունք ունենան իրենց հոգում, Արցախի հերոսների ազատատենչ ոգին ու ուժը ունենան, որ կարողանան ճիշտ ապրել ու իրենց հոգում պահեն այն մեծ հավատը, որ հետ են գնալու Արցախ։

«Արցախը մերն է և մերն է լինելու, Արցախը կլինի հայախոս ու հայաշունչ»,-ասել է Զ․ Քոչարյանը։

ՀՕՄ-ի Արցախի Մեկուսի Մասնաճյուղի ատենապետ Մելանյա Բալայանն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությանը՝ բանակումը կյանքի կոչելուն օժանդակելու և միշտ Արցախի ու Արցախի ժողովրդի կողքին լինելու, ՀՅԴ ԱԵՄ-ին համագործակցելու համար։ Անդրադառնալով բանակումի՝ «Արցախը իմ հոգում» խորագրին, նա նշեց․

«Ես ձեր աչքերում ու ձեր մեջ եմ տեսնում Արցախը, դուք եք Արցախը և ուրեմն Արցախը կա, Արցախը մերն է և մերն էլ լինելու է։ Ապրե՛ք և մշտապես հավատարիմ եղեք մեր ազգային, վեհ արժեքներին։ Ձեր մեջ է ապրելու Արցախը և Ձեզանով է ապրելու Արցախը»։

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչությունը բանակումի փակմանը եկել էր մասնակից պատանիների համար նվերներով։ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ՀՅԴ ԱԵՄ-ի և ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի երիտասարդական միությունների կողմից բանակումի մասնակիցներին բաժանվել  են գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակներ։

ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Վահագն Խաչատրյանը կարևորեց նման բանակումների անցկացումը, քանի որ Արցախի կորստից հետո մեր միասնականությունը հենց այս կերպ է արտահայտվում։

«Այս բանակումները միտված են նրան, որ մենք չկորցնենք իրար, մշտապես մեր հոգում պահենք Արցախը այն հույսով՝ որ օրերից մի օր անպայման բանակում կկազմակերպենք Արցախում»,-ասել է նա։

Վ․ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ՀՕՄ-ին՝ համագործակցության համար, նշելով որ ՀՕՄ-ի և ԱԵՄ-ի համագործակցությունն առաջին անգամ չէ և հույս հայտնեց, որ առաջիկայում այդ համագործակցությունն էլ ավելի կխորացնենք։

«ՀՅԴ ԱԵՄ-ի ԿՎ անունից շնորհավորում եմ բոլոր դպրոցականներին՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ, մաղթելով, որ այս նոր ուսումնական տարում ձեռք բերեն շատ գիտելիքներ և դրանք ծառայեցնեն հայ ազգին»,-նշել է Վ․ Խաչատրյանը։

Միջոցառմանը պատանիներն իրենց սովորած երգերը պարերը ու կանչերը ներկայացրին հյուրերին, որից հետո տեղի ունեացավ խարոյկահանդես, որի ընթացքում հայրենասիրական երգերի կատարումներով ելույթ ունեցավ երգչուհի Շուշան Պետրոսյանը։

Ապառաժի ֆոտոշարքը

Վահագն Խաչատրյան

1