Աղոթում եմ Աստծուն, որ Բաքվում գտնվող գերիներին ոչինչ չպատահի. Զատուլին
Գլխավոր » Լրահոս » Աղոթում եմ Աստծուն, որ Բաքվում գտնվող գերիներին ոչինչ չպատահի. Զատուլին

Աղոթում եմ Աստծուն, որ Բաքվում գտնվող գերիներին ոչինչ չպատահի. Զատուլին

Աղոթում եմ Աստծուն, որ գերության մեջ գտնվող Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների հետ ոչինչ չպատահի. այս մասին օկուպացված Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ իր ուղերձում ասել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Աղոթում եմ, որ նրանք հնարավորինս շուտ վերադառնան իրենց ընտանիքները, վերադառնան Հայաստան, որովհետև դժվար թե նրանք համաձայնեն մնալ այն Լեռնային Ղարաբաղում, որտեղ այլևս հայ չի մնացել»,- գրել է նա։

Նա նշել է, որ իր պարտքն է համարում ցավակցել հայրենիքը կորցրած արցախցիներին:

«Սա, անշուշտ, մեծ ողբերգություն է: Եվ անկախ նրանից, թե ով ինչ ասի այս մասին, ես վստահ եմ, որ մենք Ռուսաստանում չենք կարող չհայտնել մեր համակրանքը, ինչպես նաև ցանկությունը՝ օգնելու ձեզ այսօրվա իրավիճակում: Ես հիմա չեմ ուզում խոսել քաղաքական խնդիրների մասին, մեղավորների անուններ տալ, թեև նրանք, իհարկե, կան։ Ուղղակի ուզում եմ ասել, որ նման պահին ռուսները, եթե իսկապես ռուս են, չեն կարող չզգալ կարեկցելու և օգնելու ցանկություն մեր հավատակիցների՝ հայերի նկատմամբ: Նրանք թողել են իրենց տները, հարազատ վայրերը, եկեղեցիները, վանքերը և, ինչպես գիտենք, շատ կարճ ժամանակում ստիպված են եղել փախստական դառնալ»,- ընդգծել է պատգամավորը։

Զատուլինը վստահություն է հայտնել, որ ապագայում կգտնվեն լուծումներ, որոնք թույլ կտան, առանց բռնության դիմելու, վերականգնել արդարությունը և Արցախի բնիկ բնակիչները կրկին վերադարձնել:

«Սա իմ ցանկությունն է։ Սա իմ հույսն է»,- ընդգծել է պատգամավորը։ 

Զատուլինը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանում գտնվող ոչ անտարբեր մարդիկ պետք է համերաշխություն ցուցաբերեն տուժած մարդկանց։

1