Ժամանակ ձգելը վերադարձի օգտին չէ. Արտակ Բեգլարյան
Գլխավոր » Լրահոս » Ժամանակ ձգելը վերադարձի օգտին չէ. Արտակ Բեգլարյան

Ժամանակ ձգելը վերադարձի օգտին չէ. Արտակ Բեգլարյան

«Հրապարակ»-ի զրուցակիցն Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է:

-Ըստ որոշ տեղեկությունների՝ կիրակի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայ ռազմագերիների հայրենադարձման հարցն են քննարկել: Ի դեպ, ՌԴ-ում Հայերի միությունը նույնպես այս հարցով դիմել էր Պուտինին: Իրատեսական համարո՞ւմ եք ՌԴ-ի միջնորդությամբ հայ ռազմագերիների վերադարձը:

-Չունեմ որեւէ տեղեկություն, նմանատիպ խոսակցություններ՝ տարբեր միջնորդություններով բազմիցս եղել են, ձերբակալումից ի վեր եղել են նման խոսակցություններ: Այսօր էլ կարող է նմանատիպ հարց քննարկվել, բայց թե այն որքանով է իրականությանը մոտ, դժվար է ասելը: Երբ ազատ արձակվեն, հստակ գնահատականներ կտանք, հիմա զուտ օդում զրույցներ են: Ինչ խոսք, Ռուսաստանն այդ հարցում ե՛ւ անելիքներ ունի, ե՛ւ կարողություններ: Անելիք ունի այն տեսանկյունից, որ ռուս խաղաղապահները եղել են Արցախի ու արցախցիների անվտանգության երաշխավորը, ուստի ռազմաքաղաքական պատասխանատվությունը կրողը ռուսական կողմն է: Ռուսաստանը փաստացի չի կարողացել իր այդ պատասխանատվությունը կատարել: Պատճառները տարբեր կարող են լինել, գուցե չեն ցանկացել, գուցե լրիվ այլ շահեր են ունեցել: Ամեն դեպքում այս հարցը, ինչպես նաեւ մեր բռնի տեղահանությունը, ռուսների տիրույթում է: Արցախի առաջնորդների՝ պատանդ լինելու պատասխանատվությունը թե՛ ռուսական կողմի եւ թե՛ տարբեր դրվագներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի վրա է: Ամեն մեկն էլ իր մասով կրում է պատասխանատվություն: Ամեն բան պետք է անեն՝ հայ պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ: Այս հարցը պետք է դիտարկենք նաեւ մեր պրիզմայով: ՀՀ-ն պետք է ջանքեր գործադրի՝ տարբեր եղանակներով, գործընկերների հետ բանակցի, որպեսզի բոլոր պատանդներն անխտիր ազատության մեջ հայտնվեն, ոչ միայն ռազմական և քաղաքական ղեկավարները, այլեւ այն տղաները, ովքեր ավելի վաղ գերության մեջ էին հայտնվել:

-Ըստ Ձեզ՝ Ադրբեջանը կարո՞ղ է հենց այնպես, առանց պահանջների գերիներին ազատ արձակել: Ի վերջո, եթե ՌԴ-ի միջնորդությամբ ազատ արձակի, ապա կարող է պականջներ ներկայացնել նույն Ռուսաստանին:

-Ալիեւը ոչինչ անշահախնդիր չի անելու ու, բնականաբար, իր ամեն մի արածի դիմաց մի նոր բան պետք է ստանա: Իզուր չէ, որ նա շարունակում է այսքան մարդ գերության մեջ պահել` 2020 թվականից ի վեր: Նա բոլոր հնարավոր կողմերի հետ առեւտուր է անում: 

-Կիրակի օրը Պուտինն ու Ալիեւը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները, առանց հայկական կողմի կարծիքը լսելու: Ի՞նչ է սա նշանակում:

-Դիվանագիտական պրակտիկայում նորմալ է, երբ երկկողմ հանդիպումների ժամանակ կարող են եռակողմ գործընթացների մասին տարբեր հարցեր քննարկվել, բայց, բնականաբար, պետք է նաեւ երրորդ կողմի հետ հարցերը քննարկվեն: Բոլոր դերակատարների կարծիքը պետք է անպայման հաշվի առնել: Նույն Ռուսաստանը կամ արեւմտյան միջնորդները զուտ միջնորդի դերում են, իսկ միջնորդները պետք է լսեն բոլոր կողմերին, բոլորի հետ պետք է ազնիվ լինեն: Իսկ թե ինչ են կողմերը քննարկել, դա մեզնից ոչ ոք չի կարող հստակ իմանալ: Այցն ինքնին բավականին հատկանշական էր, այն հստակ ուղերձ էր ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին, որոնք պարբերաբար հայտարարություններ են անում՝ Ադրբեջանին սիրաշահելու համար: Նրանք անգամ հանդուրժեցին Արցախի ժողովրդի ցեղասպանությունն ու հայրենազրկումը, իսկ գլխավոր նպատակն Ադրբեջանին իրենց ազդեցության ծիրում պահելն էր, որպեսզի Ադրբեջանը հանկարծ դեպի ՌԴ քայլ չանի: Ալիեւը հերթական անցամ ցույց տվեց, որ ըստ կարիքի հետամուտ է լինում իր ազգային շահերին, եթե պետք է, ՌԴ-ի հետ կարող է հարաբերությունները լավացնել, հարկ եղած դեպքում՝ Արեւմուտքի հետ՝ իր գինը բարձրացնելով: 

-Ասում են՝ այս պահին ՌԴ-ի համար ամենաառանցքայինը Զանգեզուրի միջանցքի հարցն է:

-Սյունիքի ճանապարհը, ՀՀ սուվերեն տարածքով Թուրքիայի հետ կապի ապահովումը…. հարցերը կարող են տարբեր լինել: Արեւմուտքն էլ, իր հերթին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորելով՝ փորձում է ՌԴ-ին շրջանցել: Ռուսաստանը, աշխարհաքաղաքական շահերից ելնելով, ունի խնդիր՝ այս հարցն իր տիրույթում պահելու: Հաղորդակցությունների հետագա բացմանն ու դրա կիրառմանն էր միտված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց՝ Արեւմուտքի խիստ միջամտությամբ: Այսօր Արեւմուտքը ՌԴ-ին ամբողջությամբ դուրս մղելու խնդիր ունի, հակառակ խնդիրն ունի ՌԴ-ն: Ռուսաստանը փորձում է իր տիրապետության տակ պահել Չինաստանից Եվրոպա լոգիստիկ շղթան:

-Վերջին ամիսներին շատ է խոսվում արցախահայերի՝ Արցախ վերադարձի մասին: Ասվում է, որ միջազգային երաշխավորների առկայության դեպքում արցախցիների մուտքն Արցախ կարող է լինել ապահով: Արցախում հյուպատոսարանների առկայության մասին է խոսվում նաեւ եւ այլն: Ո՞ր դեպքում արցախցիները կարող են վերադառնալ Արցախ: Փաստացի, ՌԴ-ն այդ առումով վստահելի չէ:

-Խոշոր առումով՝ ոչ ոք վստահելի չէ: Այո, ՌԴ-ն պաշտոնապես արցախցիների անվտանգության պատասխանատուն էր, որը ձախողեց իր առջեւ դրված խնդիրը: Բայց ԵՄ-ն ու հատկապես ԱՄՆ-ն ունեն բավարար քաղաքական լծակներ՝ իրավիճակը կանխելու համար: Նրանք էլ կարող էին շրջափակումը կանխել, կանխել նաեւ հետագա վատթար զարգացումը, բայց չարեցին նման բան: Բոլորն առաջնորդվել են կարճաժամկետ աշխարհաքաղաքական շահերով՝ ոտնահարելով մարդու իրավունքները: Արցախ վերադառնալ հնարավոր կլինի այն դեպքում, երբ լինեն միջազգային կոլեկտիվ երաշխիքներ, օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից կոլեկտիվ պատասխանատվություն ստանձնելու դեպքում: Միջամտելով որոշ գործիքակազմեր, ընդհուպ՝ ռազմական: Պետք է ապահովեն երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ, եւ Ադրբեջանի  ռազմական եւ վարչական տիրապետության բացառում լինի: Արցախի ժողովրդի կամ ինքնիշխանության արդյունքում կամ միջազգային ադմինիստրացիայի ապահովման դեպքում կարող է այս ամենն իրատեսական լինել: Ի դեպ, ժամանակին նման օրինակ եղել է Կոսովոյում, մինչեւ հարցի վերջնական կարգավորումը: ՀՀ-ի հետ անքակտելի երաշխավորված կապ է անհրաժեշտ, ինչպես նաեւ՝ կոնկրետ որոշ տարածքների ապառազմականացում, Ադրբեջանում հայատյացության համակարգի իսպառ բացակայություն է նաեւ հարկավոր, որն էլ Ադրբեջանի բոլոր հանցագործությունների պատճառն է՝ 80-ականներից սկսած: Մնացած բոլոր դեպքերում ուղղակի այդ ամենը կարող ենք անիմաստ զրույցներ դիտարկել: Տպավորություն է, թե որոշ մարդիկ Արցախ վերադարձի մասին խոսում են՝ ուղղակի թեման չանտեսելու եւ ժամանակ ձգելու համար, բայց ժամանակը վերադարձի օգտին չէ:

1