Արցախում ամփոփված հերոսների հարազատները պարբերաբար բարձրացնում են իրենց հարազատների շիրիմներին այցելելու կամ արտաշիրիմում  կատարելու հարցը
Գլխավոր » Լրահոս » Արցախում ամփոփված հերոսների հարազատները պարբերաբար բարձրացնում են իրենց հարազատների շիրիմներին այցելելու կամ արտաշիրիմում  կատարելու հարցը

Արցախում ամփոփված հերոսների հարազատները պարբերաբար բարձրացնում են իրենց հարազատների շիրիմներին այցելելու կամ արտաշիրիմում  կատարելու հարցը

Արցախի հայաթափումից հետո Հայաստանում և այլ երկրներում հաստատված արցախցիների համար հատկապես ծանր է Արցախում գտնվող  հարազատների գերեզմանների հարցը:

2020 և 2023 թվականների պատերազմներում նահատակված և Արցախում ամփոփված հերոսների հարազատներն անցած ամիսների ընթացքում պարբերաբար բարձրացնում են իրենց հարազատների շիրիմներին այցելելու կամ արտաշիրիմում կատարելու հարցը: Չնայած այս ցավոտ հարցը դեռ չի լուծվել, հարազատները նաև հետաքրքրվում են, թե արդյո՞ք դա դեմ չէ եկեղեցական կարգին: Հուղարկավորված անձի մասունքների արտաշիրիմում կատարելու կարգի մասին «Ապառաժ»-ը մեկնաբանություն է խնդրել ՀԱԵ  թեմի հոգևոր սպասավոր Տեր Ներսես քահանա Ասրյանից: Նա նախքան բռնի տեղահանությունը՝ հոգևոր ծառայություն էր իրականացնում Արցախի Մարտունու շրջանի Շոշկավանք եկեղեցում և շրջակա գյուղերում: Տեր Ներսեսը նշել է, որ հուղարկավորության ժամանակ հոգևորականը գերեզմանը կնքում է և աղոթում, որ ննջեցյալի ոսկորներն անշարժ մնան մինչև Քրիստոսի Բ Գալուստ: Բայց «հարկ լուծանէ զօրենս» սկզբունքով բացառություն արվում է: «Երբ հոգևորականը մկրտված ննջեցյալի համար հուղարկավորության կարգը կատարում է, վերջում գերեզմանը կնքվում է: Կնքված գերեզմանից արտաշիրիմում կատարելու համար պետք է ստանալ թեմակալ առաջնորդի թույլտվությունը: Իսկ եթե մարդը մկրտված չի եղել և հուղարկավորության կարգը չի կատարվել, ուղղակի հոգեհանգիստ է կատարվել կամ նույնիսկ մկտրված է եղել, բայց հոգևորական չեն կանչել հուղարկավորության ժամանակ, այս դեպքում արդեն թեմակալ առաջնորդի թույլտվությունը պարտադիր չէ»,- մանրամասնել է նա:

Տեր Ներսեսը նաև հայտնել է, որ կնքված գերեզմանից վերահուղարկավորում կատարելու դեպքում` հուղարկավորության ամբողջ կարգը նորից հոգևորականը կատարում է և կնքում գերեզմանը, իսկ չկնքված գերեզմանից արտաշիրիմում կատարելու դեպքում նույնպես ցանկալի է, որ հոգևորականը համապատասխան կարգ կատարի: Եթե մահացած մարդը մկրտված է, այդ դեպքում ամբողջ հուղարկավորության կարգը կատարվում է և գերեզմանը կնքվում է: Եթե մկրտված չէ, ուղղակի հոգեհանգիստ է կատարվում: «Բայց ովքեր պատերազմի ժամանակ են զոհվել, անկախ նրանից մկրտված են, կամ մկրտված չեն, պատերազմի դաշտում զոհվելը համարվում է արյան մկրտություն, այսինքն՝ ամբողջ հուղարկավորության կարգը հոգևորականն իրավունք ունի կատարել և գերեզմանը կնքել»,- նշել է հոգևորականը:

1