Նրանց  շիրիմներին  այցելելն այլեւս երազանք  է ․․․
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Արցախի հերոսներ » Նրանց  շիրիմներին  այցելելն այլեւս երազանք  է ․․․

Նրանց  շիրիմներին  այցելելն այլեւս երազանք  է ․․․

Դեռ  մանկուց  Կամոն  շատ  էր  սիրում  հայրենասիրական  երգեր  երգել,  ոտանավորներ արտասանել, ու քանի որ կրում էր Արցախյան  առաջին ազատամարտի ժամանակ զոհված հորեղբոր անունը, մշտապես  տան  պատից կախած նրա լուսանկարը    վերցնում,  ուշադիր   նայում  ու   պապիկին   անդադար   հարցեր  էր տալիս զոհված հորեղբոր ու պատերազմի մասին։ Արցախի  Մարտունու  շրջանի  Գիշի   գյուղում   էր  ապրում   Կամոյի  ընտանիքը։ Կամոն մինչև դպրոց  գնալը    գրել  ու    կարդալ   գիտեր։ Դպրոցական   տարիքում սկսեց հայրենասիրական   բանաստեղծություններ գրել, որոնք տպագրվում էին թերթերում։  Գրականության  ու   պատմության   ժամերին   հաճախ  էր   խոսում հայրենիքի մասին, օրինակ բերում  իր իմացած  հերոսներին։

Մայրը՝  Միլորա  Գրիգորյանը, նայում է որդու կանաչ աչքերով լուսանկարին, որն  անընդհատ իր աչքի առաջ  է։

Կամոյի մայրը արտասվելով հիշում է որդու հետ կապված  ամեն  մի   դրվագը։  Խոստովանում  է՝ Կամոյի   համար   շատ  էր  անհանգստանում։ Բանակի քեֆին, երբ որդին բարձրախոսը ձեռքին սկսել է երգել «Քայլ առ առաջ»-ը, մայրը կանխազգացել է՝ որդու վերջին երգելն է։ Անկեղծանում  է՝ հուզվել  է,  հետո  ինքն  իրեն  հանգստացրել,  բայց…

Հիշում է որդու հետ վերջին  հանդիպումը, որը  նույնպես կանխազգացումներով լիքն էր:

Կամոյի քույրը՝ Մերին, հիշում  է,  թե   ինչպես  ամեն  օր  Կամոն  զբաղվում  էր   սպորտով,  շատ  էր սիրում ֆիզիկան  և մաթեմատիկան, հաճախ  էր օգնում  քրոջը՝ տնային  առաջադրանքները  կատարելու։ 

Կամոյի տատիկը՝ Արաքսյա Սարգսյանը, որդուն կորցնելով Արցախյան  առաջին   պատերազմի   ժամանակ,  խեղճացել  ու   հոգեպես  կոտրվել  է։

Թվում էր, թե  ժամանակը  պետք  է  բուժեր   վերքերը,  բայց   եղավ  հակառակը։  

2000  թվականին,    երբ  ծնվեց  ավագ   թոռը՝  Կամոն,  կարծես  թե   ընտանիքը վերագտավ   կորցրած  որդուն։  

Բոլորը  սիրում  ու   փայփայում  էին  փոքրիկ  Կամոյին,  հետաքրքրասեր տղային,որ սիրում  էր   բոլորի  ուշադրության  կենտրոնում  լինել։  Ավաղ,  եկավ   քառասունչորսօրյա պատերազմը, ընտանիքը   կրկին   զոհ  ունեցավ։  

Որդեկորույս  Արաքսյա  տատի   սրտում   նոր   վերք բացվեց, որն էլ  ավելի  խորացավ    2023 թվականի   սեպտեմբերյան   պատերազմից  հետո. երկու  Կամոներին՝  որդուն  և  թոռանը, կողք–կողքի  թողեցին Գիշի   գյուղի  գերեզմանատանը։ Նրանց  շիրիմներին  այցելելն այլեւս երազանք  է ․․․

Վեհանուշ Հովսեփյան

1